Եվ այսպիսի Հայաստանին սպասում են ԵՄ-ում

Եվ այսպիսի Հայաստանին սպասում են ԵՄ-ում

Thu, 05 Nov 2026 17:15:43 +0400


Ժամանակին, որպես տնտեսական ոլորտի լրագրող, բազմաթիվ հոդվածներ եմ գրել թե՛ պետական ու մասնավոր ներդրումների և թե՛ պետական միջոցների վատնումների վերաբերյալ: Բայց երբեք չի եղել ամբողջությամբ մասնավոր ընկերությունում պետական միջոցների չարաշահումների մասին նյութ, եթե այն երբևէ չի մասնակցել պետական ֆինանսավորմամբ որևէ ծրագրի: Կարող էր լինել միայն հարկերից խուսափելու հանգամանքը, բայց դա հենց այդպես էլ ձևակերպվում էր: Իսկ մասնավոր ընկերությունում պետական միջոցների թալան կամ չարաշահում լինել ուղղակի չէր կարող: Եվ նույնիսկ հնարավոր էլ չէ նման բան պատկերացնել՝ եթե առկա է տնտեսության վերաբերյալ համապատասխան բուհի առաջին կուրսի ուսանողի գիտելիք:

Այնինչ, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից լրագրողներին ասվում է, որ եթե իրավապահները հայտարարում են 64 միլիարդ դրամի չարաշահման մասին, ապա նրանք պետք է որ ունենան ծանրակշռիռ իրավական հիմք: Դա՝ մեկ, և երկրորդ՝ եթե պետական միջոցների թալանի մասին է խոսվում, ապա նման դեպքերում թալանը քողարկելու նպատակով հնչում են ինչ-որ տերմիններ՝ Ադրբեջան, Ալիև և այլն: Բնականաբար, հնչում են ընդդիմադիրների կողմից: Իմիջիայլոց ասեմ, որ Ալիևը կզարմանար, որ իր ազգանունը որպես «ինչ-որ տերմին» է ներկայացվել իր կողմից անընդհատ ստորացվող Փաշինյանի կողմից: Նիկոլի ստորացվելը հիշատակեցի ու ինձ վատ զգացի. ասեմ, որ վերջինիս հետ միասին ստորացվում ենք նաև բոլորս: Ու որպեսզի դադարեցվի այդ աննորմալ գործընթացը՝ Իլհամ Ալիևի և թե ուրիշների հետ փոխհարաբերություններին մեզ չպետք է ներկայացնի Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով անձը:

Վերջինս խոսում է նաև բարերարության դեմ՝ ասելով, որ «մենք» («մենք»-ը չակերտավոր, քանի որ դրա մեջ չենք մտնում ես ու ինձ նմանները) վերջապես պետք է հասկանանք, այսպես կոչված, բարերարների ծագումնաբանությունը: Ու մի «հանճարեղ» գաղափար է առաջարկում. նժարների վրա դնել 64 միլիարդի չարաշահումն ու բաժանվող պայուսակները, որպեսզի «տեսնենք», թե ինչ է կատարվում: Ուշադիր լսելով այդ հատվածը՝ փորձեցի հասկանալ, թե ինչի մասին է խոսքը. ի՞նչ պետք է կատարվեր, որպեսզի ինքը ի՞նչը հասկանար: Ու եզրափակելով, թե դա (ի՞նչը՝ Վ. Ս.) բարերարության հատկանիշն է, անմիջապես վերադառնում է, այսպես կոչված, բարերարության ծագումնաբանությանը:

Պատասխանեմ ըստ էության՝ չլինելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ: Նախ, Սամվել Կարապետյանի դեպքում բարերարության ծագումնաբանության հարց լինել չի կարող, քանի որ վերջինս իր միլիարդները վաստակել է Ռուսաստանում: Եվ եթե այդ հարցում խնդիր լիներ՝ դա պետք է հետաքրքրեր ոչ թե իրեն կամ իր ապօրինի հրահանգները կատարող պետական կառույցներին, այլ Ռուսաստանի Դաշնության հարկային մարմնին: Այնինչ, նման հետաքրքրվածություն այդ կառույցի կողմից երբևէ չի դրսևորվել: Ավելին, ազգությամբ հայ ռոսաստանցի գործարար Սամվել Կարապետյանն արժանացել է բազմաթիվ ռուսական պետական պարգևների:

Ներկայացնեմ դրանք: Առաջին, Պատվո վկայական և ՌԴ նախագահի կողմից անվանական ժամացույց՝ Սուրբ Նիկողայոս Հրաշագործի պատվին Կրոնշտադտի ռազմածովային տաճարի վերականգնման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։ Երկրորդ, ՌԴ նախագահի կողմից հուշամեդալ և վկայական՝ Սոչիում XXII Ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստման և անցկացման գործում ունեցած նշանակալի ներդրման դիմաց (մասնավորապես՝ նոր նավակայանի կառուցման համար)։ Երրորդ, Ռուս Ուղղափառ Եկեղեցու շքանշաններ, ինչպես նաև Ռուսաստանի հասարակական և գործարար մրցանակներ, և այդ թվում՝ «ՌԴ վաստակավոր ձեռնարկատեր» կոչում (դա էլ չորրորդ): Ինչպես տեսնում ենք, այդ հարցում ևս Փաշինյանը չի կարող բարերարության ծագումնաբանության մեջ խնդիր տեսնել՝ ուր մնաց, թե գտներ:

Հարց է առաջանում՝ եթե իրավապահները գործում են ընդամենը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հրահանգներով, ապա ո՞րն է հենց նախորդ օրվա սրացման պատճառը: Այն խորհրդարանական ընդդիմության ու հատկապես «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից վերոնշյալ անձի առաջարկն արհամարհելու մեջ է: Հիշենք, որ վերջինս հայատարարել էր, թե սահմանադրակական հանրաքվեի առումով այնպիսի առաջարկ է անելու ընդդիմությանը, որն անհնար կլիներ չընդունել: Քանի որ դա տեղի չունեցավ, ապա որոշեց ընդդիմության վրա բանեցնել հանրային ճնշում: Հետո, չգիտես ինչու, որոշեց չսպասել իր հիշատակած հանրային ճնշմանը: Ավելին, կյանքի կոչել պետական ապարատի միջոցով ճնշում՝ ենթադրաբար ավելի ուշ այն որպես հանրային ներկայացնելու նպատակով: Իսկ ողջ այդ գործընթացը, բնականաբար, նիկոլական «ժողովրդավարության» իրական պատկերն է:
Միլիարդների չարաշահման նարատիվը նորություն չէ՝ չնայած, եթե չեմ սխալվում, ամիսներ առաջ այն ընդամենը 23 միլիարդ էր: Ինչը ՀԷՑ-ի շուկայական գինն ապօրինի գցելու հիմնավորման փորձ էր: Ինչը անտրամաբանական մեղադրանք էր՝ ՀԷՑ-ի սեփականատերն ինքն իրենից գումար գողանալ չէր կարող: Հատկապես հաշվի առնելով, որ նրա կողմից ՀԷՑ ՓԲԸ-ն գնվել էր ուղղակի ՀՀ երրորդ նախագահի խնդրանքով, քանի որ այն գնում էր սնանկացման: Հաշվի առնելով նաև, որ, բացի հսկայական ներդրումներից, Սամվել Կարապետյանն իր գրպանից էր վճարում ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամներին: Նպատակը զուտ բարերարություն էր. որպեսզի աշխատավարձերի վրա ծախսվող գումարը չազդեր հուսանքի սակագնի վրա: Եվ շարունակում է այդ վճարումները՝ չնայած որ իշխանությունը խլել է նրա ունեցվածքը: Եվ այս ամենը տեղի է ունենում այն երկրում, որի ղեկավարությունը ձգտում է դառնալ ԵՄ անդամ: Ու ԵՄ-ն էլ որևէ խնդիր չի տեսնում այդ առումով: Եվ այսպիսի Հայաստանին սպասում են ԵՄ-ում՝ կարևորը որ թշնամանա Ռուսաստանի հետ: Ու Հայաստանը վերածի երկրորդ Ուկրաինայի, ինչը չստացվեց Վրաստանի առումով:

ՀԳ. Սպասելի էր, որ Իլհամ Ալիևի պահանջները կատարելու նպատակով Փաշինյանը դիմելու է մանիպուլյացիաների՝ դրանք ամրագրելով ճնշումներով: Բայց որ պետական ապարատը, հեղինակազրկելով ինքն իրեն, այդ նպատակով չեղած տեղը կհնարեր 64 միլիարդի պատմությունը, դա հաստատ սպասելի չէր:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անհրաժեշտ է համախմբվել. Աննա Մայիլյան

Անհրաժեշտ է համախմբվել. Աննա Մայիլյան Thu, 05 Nov 2026 17:59:28 +0400 ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի…

7 րոպե ago

Ուզում են գլխատել

Ուզում են գլխատել Thu, 05 Nov 2026 17:52:47 +0400 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում…

14 րոպե ago

Միությունն է ուժեղ․ վաղուց պետք է կուսակցությունները միանային

Միությունն է ուժեղ․ վաղուց պետք է կուսակցությունները միանային Thu, 05 Nov 2026 17:51:31 +0400 Latest…

15 րոպե ago

Երկրի կորուստի առաջ ենք կանգնած․ ամեն վայրկյան կարող ենք տարածքներ կորցնել

Երկրի կորուստի առաջ ենք կանգնած․ ամեն վայրկյան կարող ենք տարածքներ կորցնել Thu, 05 Nov 2026…

19 րոպե ago

Հղի կնոջը ծեծել ու մազերից քաշել է. Մանրամասներ՝ 22-ամյա հղի կնոջ մահից

Հղի կնոջը ծեծել ու մազերից քաշել է. Մանրամասներ՝ 22-ամյա հղի կնոջ մահից Thu, 05 Nov…

31 րոպե ago

Ֆրանսիայում բացահայտվել է Պիկասոյի արվեստի գործերի գողությունը

Ֆրանսիայում բացահայտվել է Պիկասոյի արվեստի գործերի գողությունը Thu, 05 Nov 2026 17:30:36 +0400 Ֆրանսիայում հայտնաբերվել…

36 րոպե ago