Եվ այսպիսի Հայաստանին սպասում են ԵՄ-ում
Thu, 05 Nov 2026 17:15:43 +0400

Ժամանակին, որպես տնտեսական ոլորտի լրագրող, բազմաթիվ հոդվածներ եմ գրել թե՛ պետական ու մասնավոր ներդրումների և թե՛ պետական միջոցների վատնումների վերաբերյալ: Բայց երբեք չի եղել ամբողջությամբ մասնավոր ընկերությունում պետական միջոցների չարաշահումների մասին նյութ, եթե այն երբևէ չի մասնակցել պետական ֆինանսավորմամբ որևէ ծրագրի: Կարող էր լինել միայն հարկերից խուսափելու հանգամանքը, բայց դա հենց այդպես էլ ձևակերպվում էր: Իսկ մասնավոր ընկերությունում պետական միջոցների թալան կամ չարաշահում լինել ուղղակի չէր կարող: Եվ նույնիսկ հնարավոր էլ չէ նման բան պատկերացնել՝ եթե առկա է տնտեսության վերաբերյալ համապատասխան բուհի առաջին կուրսի ուսանողի գիտելիք:
Այնինչ, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից լրագրողներին ասվում է, որ եթե իրավապահները հայտարարում են 64 միլիարդ դրամի չարաշահման մասին, ապա նրանք պետք է որ ունենան ծանրակշռիռ իրավական հիմք: Դա՝ մեկ, և երկրորդ՝ եթե պետական միջոցների թալանի մասին է խոսվում, ապա նման դեպքերում թալանը քողարկելու նպատակով հնչում են ինչ-որ տերմիններ՝ Ադրբեջան, Ալիև և այլն: Բնականաբար, հնչում են ընդդիմադիրների կողմից: Իմիջիայլոց ասեմ, որ Ալիևը կզարմանար, որ իր ազգանունը որպես «ինչ-որ տերմին» է ներկայացվել իր կողմից անընդհատ ստորացվող Փաշինյանի կողմից: Նիկոլի ստորացվելը հիշատակեցի ու ինձ վատ զգացի. ասեմ, որ վերջինիս հետ միասին ստորացվում ենք նաև բոլորս: Ու որպեսզի դադարեցվի այդ աննորմալ գործընթացը՝ Իլհամ Ալիևի և թե ուրիշների հետ փոխհարաբերություններին մեզ չպետք է ներկայացնի Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով անձը:
Վերջինս խոսում է նաև բարերարության դեմ՝ ասելով, որ «մենք» («մենք»-ը չակերտավոր, քանի որ դրա մեջ չենք մտնում ես ու ինձ նմանները) վերջապես պետք է հասկանանք, այսպես կոչված, բարերարների ծագումնաբանությունը: Ու մի «հանճարեղ» գաղափար է առաջարկում. նժարների վրա դնել 64 միլիարդի չարաշահումն ու բաժանվող պայուսակները, որպեսզի «տեսնենք», թե ինչ է կատարվում: Ուշադիր լսելով այդ հատվածը՝ փորձեցի հասկանալ, թե ինչի մասին է խոսքը. ի՞նչ պետք է կատարվեր, որպեսզի ինքը ի՞նչը հասկանար: Ու եզրափակելով, թե դա (ի՞նչը՝ Վ. Ս.) բարերարության հատկանիշն է, անմիջապես վերադառնում է, այսպես կոչված, բարերարության ծագումնաբանությանը:
Պատասխանեմ ըստ էության՝ չլինելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ: Նախ, Սամվել Կարապետյանի դեպքում բարերարության ծագումնաբանության հարց լինել չի կարող, քանի որ վերջինս իր միլիարդները վաստակել է Ռուսաստանում: Եվ եթե այդ հարցում խնդիր լիներ՝ դա պետք է հետաքրքրեր ոչ թե իրեն կամ իր ապօրինի հրահանգները կատարող պետական կառույցներին, այլ Ռուսաստանի Դաշնության հարկային մարմնին: Այնինչ, նման հետաքրքրվածություն այդ կառույցի կողմից երբևէ չի դրսևորվել: Ավելին, ազգությամբ հայ ռոսաստանցի գործարար Սամվել Կարապետյանն արժանացել է բազմաթիվ ռուսական պետական պարգևների:
Ներկայացնեմ դրանք: Առաջին, Պատվո վկայական և ՌԴ նախագահի կողմից անվանական ժամացույց՝ Սուրբ Նիկողայոս Հրաշագործի պատվին Կրոնշտադտի ռազմածովային տաճարի վերականգնման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։ Երկրորդ, ՌԴ նախագահի կողմից հուշամեդալ և վկայական՝ Սոչիում XXII Ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստման և անցկացման գործում ունեցած նշանակալի ներդրման դիմաց (մասնավորապես՝ նոր նավակայանի կառուցման համար)։ Երրորդ, Ռուս Ուղղափառ Եկեղեցու շքանշաններ, ինչպես նաև Ռուսաստանի հասարակական և գործարար մրցանակներ, և այդ թվում՝ «ՌԴ վաստակավոր ձեռնարկատեր» կոչում (դա էլ չորրորդ): Ինչպես տեսնում ենք, այդ հարցում ևս Փաշինյանը չի կարող բարերարության ծագումնաբանության մեջ խնդիր տեսնել՝ ուր մնաց, թե գտներ:
Հարց է առաջանում՝ եթե իրավապահները գործում են ընդամենը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հրահանգներով, ապա ո՞րն է հենց նախորդ օրվա սրացման պատճառը: Այն խորհրդարանական ընդդիմության ու հատկապես «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից վերոնշյալ անձի առաջարկն արհամարհելու մեջ է: Հիշենք, որ վերջինս հայատարարել էր, թե սահմանադրակական հանրաքվեի առումով այնպիսի առաջարկ է անելու ընդդիմությանը, որն անհնար կլիներ չընդունել: Քանի որ դա տեղի չունեցավ, ապա որոշեց ընդդիմության վրա բանեցնել հանրային ճնշում: Հետո, չգիտես ինչու, որոշեց չսպասել իր հիշատակած հանրային ճնշմանը: Ավելին, կյանքի կոչել պետական ապարատի միջոցով ճնշում՝ ենթադրաբար ավելի ուշ այն որպես հանրային ներկայացնելու նպատակով: Իսկ ողջ այդ գործընթացը, բնականաբար, նիկոլական «ժողովրդավարության» իրական պատկերն է:
Միլիարդների չարաշահման նարատիվը նորություն չէ՝ չնայած, եթե չեմ սխալվում, ամիսներ առաջ այն ընդամենը 23 միլիարդ էր: Ինչը ՀԷՑ-ի շուկայական գինն ապօրինի գցելու հիմնավորման փորձ էր: Ինչը անտրամաբանական մեղադրանք էր՝ ՀԷՑ-ի սեփականատերն ինքն իրենից գումար գողանալ չէր կարող: Հատկապես հաշվի առնելով, որ նրա կողմից ՀԷՑ ՓԲԸ-ն գնվել էր ուղղակի ՀՀ երրորդ նախագահի խնդրանքով, քանի որ այն գնում էր սնանկացման: Հաշվի առնելով նաև, որ, բացի հսկայական ներդրումներից, Սամվել Կարապետյանն իր գրպանից էր վճարում ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամներին: Նպատակը զուտ բարերարություն էր. որպեսզի աշխատավարձերի վրա ծախսվող գումարը չազդեր հուսանքի սակագնի վրա: Եվ շարունակում է այդ վճարումները՝ չնայած որ իշխանությունը խլել է նրա ունեցվածքը: Եվ այս ամենը տեղի է ունենում այն երկրում, որի ղեկավարությունը ձգտում է դառնալ ԵՄ անդամ: Ու ԵՄ-ն էլ որևէ խնդիր չի տեսնում այդ առումով: Եվ այսպիսի Հայաստանին սպասում են ԵՄ-ում՝ կարևորը որ թշնամանա Ռուսաստանի հետ: Ու Հայաստանը վերածի երկրորդ Ուկրաինայի, ինչը չստացվեց Վրաստանի առումով:
ՀԳ. Սպասելի էր, որ Իլհամ Ալիևի պահանջները կատարելու նպատակով Փաշինյանը դիմելու է մանիպուլյացիաների՝ դրանք ամրագրելով ճնշումներով: Բայց որ պետական ապարատը, հեղինակազրկելով ինքն իրեն, այդ նպատակով չեղած տեղը կհնարեր 64 միլիարդի պատմությունը, դա հաստատ սպասելի չէր:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր