Օրենքը գործում է կաթողիկոսի, բայց ոչ դատախազի դեպքում
Tue, 17 Nov 2026 11:08:37 +0400
«Հրապարակի» զրուցակիցը իրավապաշտպան Ռուզաննա Ադանալյանն է, որը 12 տարի շարունակ պայքարում է որդու սպանության գործով արդարադատության հասնելու համար։ Մեզ հետ զրույցում նա անդրադարձել է նաև Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի գործողություններին՝ պնդելով, որ վերջինս չի կատարում օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։ Ռուզաննա Ադանալյանը տեղեկացրեց, որ դատախազի գործողությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
Իրավապաշտպանի խոսքով՝ երկրում անպատժելիության մթնոլորտն օրեցօր խորանում է։
«Բոլոր սպանությունները, բանակում տեղի ունեցող՝ «ինքնասպանություն» որակմամբ բոլոր մահերը, գրեթե ամեն օր տեղի ունեցող դանակահարություններն ու փոխադարձ կրակոցները փաստում են այն մասին, որ դրանք զուտ առանձին դեպքեր չեն, այլ արտացոլում են անպատժելիության օրեցօր խորացող խնդիրը։ Սա բոլորովին մեկ քաղաքացու խնդիր չէ, այլ, ըստ իս, իրավական պետության հիմքերը խարխլող կոնկրետ համակարգային համաձայնություն։
Դատախազության անգործությունն անցել է բոլոր կարմիր գծերը։ Ներկայացված բողոքներն անտեսվում են, հատուկ ընդգծված ցինիզմով խախտվում է քննչական ենթակայությունը, և դրա հեղինակները գլխավոր դատախազության բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք են, ովքեր հանցանքների բացահայտումն ու պատժի անխուսափելիությունը ստորադասում են անձնական և այլ շահերից։
Գիտեք, որ 12 տարի է՝ պայքարում եմ ընդամենը տարրական արդարադատության համար և ամեն օր առճակատվում համակարգային հանցավոր «մաֆիայի» հետ։ Մարդասպաններն ազատության մեջ են, մնացել են անպատիժ, իսկ մտացածին և շինծու մեղադրանքներով մարդկանց կալանավորում են, հասցնում մահվան։ Եվ այստեղ է, որ մարդկային լռությունը կամ «չափազանց զուսպ լինելը» վերածվում է հանցակցության։
Անպատժելիությունն այնքան է խորացել, որ որդուս սպանության համար մեղադրվող Արթուր Մարտիրոսյանը հենց դատարանի մուտքի մոտ, իրեն մեղսագրված արարքի համար ընթացող դատական նիստից րոպեներ առաջ, հասարակության աչքի առաջ իմ հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցնում։
Ի՞նչ է անում դատախազության հսկողությամբ գործող քննչական մարմինը։ Խուլիգանության հոդվածով մերժում է քրեական վարույթ նախաձեռնել։ Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի ձեռքը չի գնում օրենքով նախատեսված քայլերն անել, և նա հաստատված է համարել վարույթ չնախաձեռնելու արձանագրությունը, որի դեմ անմիջապես բողոք է ներկայացվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Բողոքը բավարարվել է։
Մարզի դատախազը, փոխանակ կատարելու իր ուղիղ պարտականությունը, դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։ Սակայն դատախազի վերաքննիչ բողոքը վերադաս դատարանը մերժել է՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։ Վճռաբեկ դատարան բողոք չի ներկայացվել, իսկ առաջին ատյանի որոշումը վաղուց մտել է օրինական ուժի մեջ։
Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ է արել դրանից հետո Արմեն Չիչոյանը․ չի կատարել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։
Ուզում եմ հարցնել՝ ինչո՞ւ պետք է տուժողն անընդհատ հաղորդումներ ներկայացնի, բողոքներ տանի, դատարաններով ընկնի, որպեսզի հարգարժան դատախազությունը կատարի իր պարտականությունը։ Եվ եթե օրենքն ու դատարանի որոշումը դատախազի համար առոչինչ են, ապա ո՞րն է այդ կառույցի գոյության իմաստն ու բովանդակությունը։
Դատարանի որոշումը չկատարելու հիմքով քրեական վարույթ նախաձեռնվեց նույնիսկ Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ, ապա օրինաչափ հարց է առաջանում՝ արդյո՞ք օրենքը նույն խստությամբ կգործի նաև Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի դեպքում, արդյո՞ք նույն իրավական գնահատականն ու քրեական պատասխանատվությունն է սպասվում նաև դատարանի որոշումը չկատարող մարզի դատախազին։ Իհարկե՝ ՈՉ։
Ի՞նչ շահագրգռվածություն ունի մարզի դատախազը, որ պաշտպանության տակ է առել Արտյոմ Ադանալյանին սպանելու համար մեղադրվողին։ Ինչո՞ւ է փորձ արվում կոծկել հանրորեն վտանգավոր արարքների մեջ մեղադրվող, սակայն ազատության մեջ գտնվող ամբաստանյալի հերթական քրեորեն պատժելի արարքը։
ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու համար։ Այս փաստով արդեն իսկ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, քանի որ դատական ակտը կատարելու համար սահմանված ժամկետը վաղուց լրացել է, և այն չկատարելը համարվում է ավարտված հանցագործություն։ Վստահ եմ, որ գլխավոր դատախազության հանցավոր անգործության մասին վկայող փաստերը օրերից մի օր հանգրվանելու են բարձր մարդկային և բարոյական հատկանիշներ ունեցող, պետականամետ պրոֆեսիոնալի աշխատասեղանին, և դրանց, ի թիվս այլնի, տրվելու են համապատասխան իրավական գնահատականներ։
Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի կողմից դատարանի որոշումը չկատարելն առաջացրել է ոչ միայն իրավական, այլև բարոյական հետևանքներ։ Ի վերջո, նա դատավոր Ժորա Չիչոյանի հայրն է, և գոնե այդ հանգամանքը պետք է զգաստացնող լիներ։ Օրերս մեկն էլ հուզվել էր, թե՝ «գրում են՝ տարոսը ձեր երեխային»…»։