Մտադիր են արգելափակել Թրամփի որոշ նշանակումները
Mon, 23 Nov 2026 19:30:14 +0400
ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի հանրապետական անդամները պատրաստ են հանդես գալ առնվազն երկու թեկնածուների դեմ, որոնց առաջարկել է նախագահ Դոնալդ Թրամփը՝ Պենտագոնում ղեկավար պաշտոնների նշանակման համար։ Այս մասին գրում է The Washington Post պարբերականը։ Խոսքը Օսթին Դամերեի եւ Ալեքս Վելես-Գրինի մասին է։ Երկուսն էլ Պենտագոնում պետք է զբաղեցնեն, եթե օրենսդիրների հաստատումը ստանան, առանցքային կարեւորության ղեկավար պաշտոններ։
Չնայած նրան, որ Սպիտակ տան վարչակազմն անընդհատ ջանքեր է գործադրում՝ սենատորների հավանությունը ստանալու համար, սակայն եւ ոչ մեկը երկու թեկնածուներից չեն կարողանում ստանալ անհրաժեշտ թվով քվեներ Սենատում։ Նրանք չեն ներառվի թեկնածուների այն վերջնական ցանկում, որը դիտարկվելու է Սենատի կողմից՝ մինչեւ այս տարվա վերջ։ Իրավիճակը Սպիտակ տան վարչակազմի համար հատկապես բարդ է, քանի որ հունվարից Կոնգրեսում վերահսկողությունն անցնում է դեմոկրատների ձեռքը, որոնք եւս պատրաստ չեն աջակցելու Թրամփի նշանակումներին։ Հանրապետականների հետ, որոնք համարվում են Թրամփի քաղաքական հենարանը, պայմանավորվածության բացակայությունը դժգոհություն է առաջացրել Պենտագոնում։ Մինչեւ հունվար, երբ Կոնգրեսը կանցնի դեմոկրատների հսկողության ներքո, մնացել է վեց շաբաթ եւ ներամերիկյան քաղաքական կյանքով զբաղվող շատ մասնագետներ ասում են, որ այդ ընթացքում պետք է Սպիտակ տունը հասցնի կարգավորել մի շարք կարեւոր հարցեր ռազմական ոլորտում, այդ թվում նաեւ հավելյալ 1,5 միլիարդ դոլար պաշտպանության ոլորտին հատկացնելու հարցը։