«Հրապարակ». «Հայանտառի» տնօրենի պատասխանները նոր հարցեր են առաջացնում
Sat, 28 Nov 2026 12:45:21 +0400
Նոյեմբերի 2-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ Արտյոմ Հայրապետյանին հարցում եմ արել՝ առաջադրելով 5 հարց։
Հարց 1․ Ո՞վ է որոշել, որ այս տարի Տավուշի անտառամերձ բնակավայրերի ընտանիքներին անվճար, ինքնապատրաստումով ոչ թե մինչեւ 8 խմ վառելափայտի թափուկ տրամադրվի, այլ՝ 4 խմ։ Ո՞րն է եղել այդ որոշման ընդունման պատճառը։
Ա․ Հայրապետյանը հայտնել է․ «Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) յուրաքանչյուր «Անտառտնտեսություն» մասնաճյուղի համար թափուկ վառելափայտի տրամադրման տարեկան ծավալը սահմանվում է անտառկառավարման պլանով, ինչը շրջակա միջավայրի նախարարի հրամանով հաստատված անտառային տնտեսության վարման (առաջիկա 10 տարիներին) ընթացիկ եւ հեռանկարային պլանավորման փաստաթուղթն է։ Անտառամերձ բնակավայրերի ընտանիքներին ինքնապատրաստման եղանակով անվճար տրամադրվող թափուկ վառելափայտի ծավալը սահմանված է «ՀՀ անտառամերձ բնակավայրերում բնակվող ընտանիքների կողմից ոչ արտադրական (ոչ արդյունագործական) նպատակներով օգտագործվող թափուկ վառելափայտի մթերման համար բնօգտագործման վճարի գծով արտոնություն սահմանելու մասին» 2011 թվականի 27 հոկտեմբերի N 1635-Ն որոշմամբ։ Հարկ է նշել, որ մինչեւ 8 խմ չափաքանակը յուրաքանչյուր ընտանիքին պարտադիր տրամադրման ենթակա ծավալ չէ, այլ սահմանում է տրամադրման առավելագույն թույլատրելի չափը։ Հետեւաբար, տվյալ տարում 4 խմ ծավալի տրամադրումը չի դիտարկվում որպես սահմանված առավելագույն չափաքանակի փոփոխություն կամ բնակչության իրավունքի սահմանափակում, այլ պայմանավորված է տվյալ տարվա համար Կազմակերպության համապատասխան մասնաճյուղին նախատեսված եւ փաստացի հասանելի թափուկ վառելափայտի ռեսուրսներով»։
Հարց 2․ Նոյեմբերի 2-ի դրությամբ Տավուշի մարզի Սեւքարի, Իջեւանի, Արծվաբերդի եւ Նոյեմբերյանի անտառտնտեսության անտառներից քանի՞ ընտանիքի, ընդհանուր քանի՞ խմ վառելափայտի թափուկ է տրամադրվել։
Ա․ Հայրապետյանը պատասխանել է․ «Տավուշի մարզի Սեւքարի, Իջեւանի, Արծվաբերդի եւ Նոյեմբերյանի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերից 2026 թվականի նոյեմբերի 2-ի դրությամբ տրամադրված թափուկ վառելափայտի ծավալները եւ շահառուների քանակը․ «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղ- շահառուների քանակը-1134, թափուկ վառելափայտի ծավալը-4584,5 խմ, «Իջեւանի անտառտնտեսություն» մասնաճյուղ- շահառուների քանակը՝ 423, թափուկ վառելափայտի ծավալը՝ 2323,5 խմ, «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղ- շահառուների քանակը՝ 2222, թափուկ վառելափայտի ծավալը՝ 8930,5 խմ, «Սեւքարի անտառտնտեսություն» մասնաճյուղ- շահառուների քանակը՝ 500, թափուկ վառելափայտի ծավալը՝ 4000 խմ»։
Հարց 3․ Նոյեմբերի 2-ի դրությամբ Սեւքարի անտառտնտեսության Աչաջրի անտառպետության անտառապետ Կարեն Ծովանյանը անտառահատման տոմսերով քանի՞ խմ վառելափայտ, քանի՞ խմ շինափայտ է հատել, անտառահատման տոմսերով որքա՞ն վառելափայտ, որքա՞ն շինափայտ է հատել 2025 թվականին։ Այդ հատված վառելափայտը, շինափայտն ո՞ւմ է իրացրել, առկա՞ են դրա վերաբերյալ փաստաթղթեր։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ-ն հայտնել է․ «Կարեն Ծովանյանը Կազմակերպության «Սեւքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Աչաջրի անտառպետության անտառապետն է, եւ հատատեղի շահագործումը հանդիսանում է անտառապետի աշխատանքային գործառույթը։ Հատատեղերը շահագործվում են անտառահատման տոմսերի հիման վրա»։
Հարց 4․ Տավուշի մարզում օրինական հիմունքներով գործում են փայտածուխի 80 արտադրամասեր։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը քանի՞ արտադրամասի հետ, որքա՞ն խմ վառելափայտի մատակարարման պայմանագրեր ունի, այդ արտադրամասերն ո՞ւմից, ի՞նչ կերպ են վառելափայտ հումք ձեռք բերում։
Պատասխան․ ««Հայանտառ» ՊՈԱԿ-ը նշված արտադրամասերի հետ կնքված աշխատանքային պայմանագրեր չունի»։
Հարց 5. 2026 թվականին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կնքած պայմանագրերով Տավուշի մարզի անտառտնտեսությունների տարածքում քանի՞ տնտեսվարողներ անտառային տարածքների վարձակալության պայմանագրեր ունեն, յուրաքանչյուրի դեպքում որքա՞ն է կազմում վարձակալած տարածքը, որո՞նք են վարձակալության նպատակները, որքա՞ն են վարձակալության վճարները։
Պատասխան․ «2026-ի ընթացքում «Տավուշի մարզի անտառտնտեսություն» մասնաճյուղերի անտառային տարածքների վարձակալության պայմանագրեր չեն կնքվել»։
«Հայանտառի» տնօրենի ԺՊ-ի պատասխանները նոր հարցեր են առաջացնում։ Անտառտնտեսությունների անտառկառավարման պլաններն այդ տնտեսությանների գործունեության երկարաժամկետ հիմք են, ինչպե՞ս ստացվեց, որ 2025-ին բնակիչներին 8 խմ էին տալիս, իսկ 2026 թվականին՝ արդեն դրա կեսի չափով՝ 4 խմ թափուկ։ Սեւքարի անտառտնտեսության անտառները հատումներից շատ են տուժել, ո՞նց եղավ, որ անտառտնտեսությունը 500 շահառուի տրամադրել է 8-ական խմ թափուկ, ընդհանուր՝ 4000 խմ, գուցե թափուկի անվան տակ նաեւ վառելափա՞յտ է տրվել բնակիչներին: Նկատենք նաեւ, որ Արտյոմ Հայրապետյանն Աչաջրի անտառպետության անտառապետ, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի մորաքրոջ տղա Կարեն Ծովանյանի կատարած հատումների ծավալի մասին հարցը շրջանցել է։ Սակայն Ա․ Հայրապետյանն այս տարվա հոկտեմբերի 2-ին անձամբ ինձ հայտնել էր. «Կարեն Ծովանյանն Աչաջրի անտառպետության տարածքում հատկացված խնամքի եւ սանիտարական հատման 7 հատատեղերում պետք է մթերի ընդհանուր 1326,42 խմ անտառանյութ, որից 9,46 խմ-ն՝ շինափայտ»։ «Հայանտառի» տնօրենը նաեւ հայտնել էր, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը փայտածուխի 80 արտադրամասերի հետ պայմանագրեր չունի։ Կարելի է ենթադրել, որ գիշեր-ցերեկ աշխատող փայտածուխի 80 արտադրամասերն օգտագործում են Տավուշի անտառներում ապօրինի հատված փայտը։