«Հրապարակ». Անհրաժեշտ է վերականգնել ամոթի մշակույթը. ամաչել ոչ թե աղքատ, այլ անազնիվ լինելուց
Sat, 28 Nov 2026 12:45:04 +0400
Հարցազրույց մշակութային եւ հասարակական գործիչ, գործարար Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի հետ
– Տպագրվեց Ձեր բանաստեղծությունների՝ «Քո դռան մոտ» սիրերգությունը։ Ի՞նչ սկզբունքով է կազմվել ժողովածուն, ինչո՞ւ որոշեցիք հատկապես սեր փոխանցել ընթերցողին։
– Ժողովածուն կազմելիս առաջնորդվել եմ ոչ թե բանաստեղծությունների ժամանակագրությամբ, այլ հոգու ժամանակագրությամբ։ Սերը տարիք չունի, բայց ունի կենսագրություն։ Այդ կենսագրության մեջ կան հանդիպումներ ու բաժանումներ, սպասումներ ու վերադարձներ, լռություններ, որոնք ավելի պերճախոս են, քան բառերը։
Սերն ինձ համար միայն կնոջ եւ տղամարդու հարաբերություն չէ։ Այն աշխարհընկալման կերպ է, ապրելու փիլիսոփայություն, մարդակերտման կարեւորագույն շինանյութ։ Առանց սիրո մարդը կարող է կառուցել քաղաքներ, բայց ո՛չ քաղաքակրթություն։ Ես չեմ ցանկացել ընթերցողին սիրել սովորեցնել։ Սերը դասավանդվող առարկա չէ։ Պարզապես ցանկացել եմ արթնացնել նրա ներսում քնած սերը։ Այս գիրքն իմ թակոցն է ընթերցողի հոգու դռանը։ Իսկ դուռը բացելու իրավունքն իրենն է։
– Եթե բնորոշենք մեր ժամանակը, ապա ատելություն, չարություն, բռնություն հատկանիշներն առաջնություն կստանան։ Սեր մնացե՞լ է մեր մեջ, եւ ունե՞նք սերը կրելու պատրաստ հասարակություն։ Ի վերջո, ինչի՞ հետեւանք է այս անսերությունը։
– Ես չէի ասի, որ սերը պակասել է աշխարհում։ Պակասել է սերը կրելու մարդու կարողությունը։ Սերը նույնպես հոգեւոր մկաններ է պահանջում, որոնք չգործածելու հետեւանքով թուլանում են։ Մարդն այսօր ավելի շատ զբաղված է իր բարեկեցության կառուցմամբ, քան իր մարդակերտմամբ։ Մեծացնում է իր տան պատուհանները, բայց փոքրացնում հոգու լուսամուտները։ Անսերությունը, իմ համոզմամբ, ինքնաճանաչողության պակասի, հոգեւոր ծուլության եւ չհաղթահարված վախերի հետեւանք է։ Ատելությունը համախոհներ է փնտրում, սերը՝ մարդ։ Հասարակությունը սերը կրելու պատրաստ կլինի այն ժամանակ, երբ անհատը դադարի սիրո պահանջատեր լինելուց եւ դառնա սիրո պատասխանատու։ Աշխարհը սիրո պակասից չէ, որ ցրտահարվում է, այլ այն պատճառով, որ մարդիկ իրենց ներսում եղած սերը չեն վերածում ջերմության։
– Ունե՞նք բավարար սեր մեր երկրի, եկեղեցու, մեր ինքնությունը պայմանավորող արժեքների նկատմամբ։ Ի՞նչ պատահեց մեզ՝ հանդուրժում ենք այդ արժեքների ու ինքնության ոտնահարումները։
– Հայրենիքի նկատմամբ սերը չափվում է ոչ թե արտասանած բառերի բարձրությամբ, այլ ստանձնած պատասխանատվության ծանրությամբ։ Մենք ժառանգել ենք հայրենիք, եկեղեցի, լեզու, մշակույթ, բայց ժառանգություն ստանալը դեռեւս ժառանգորդ դառնալ չի նշանակում։
Եկեղեցին ինձ համար միայն աղոթքի տարածք չէ, այլ մեր ազգային հիշողության շտեմարաններից է։ Դարեր շարունակ, երբ չենք ունեցել պետականության տանիք, Եկեղեցին եղել է մեր ազգային ինքնության հենասյուներից մեկը։ Սակայն քննադատելն ու արժեզրկելը տարբեր մշակույթներ են։ Կարծում եմ՝ մեր արժեհամակարգի պահպանության պատասխանատվությունը փոխանցել ենք ուրիշներին։ Հայրենիքի պահպանությունը՝ զինվորին, հոգեւոր արժեքների պահպանությունը՝ հոգեւորականին, լեզվի պահպանությունը՝ ուսուցչին, մշակույթի պահպանությունը՝ արվեստագետին։ Երբ արժեքի կրողից վերածվում ես արժեքի հանդիսատեսի, սկսվում է ինքնության քայքայումը։ Ազգային ինքնությունը նախնիներից ստացած սեփականություն չէ, այլ սերունդներից փոխառած հարստություն։ Եվ մենք իրավունք չունենք այն վերադարձնելու աղքատացած։
– Այս կորուստներից, զիջումներից ու հասարակության անտարբերությունից ի՞նչը կարող է մեզ դուրս բերել, միայն սե՞րը՝ մեր ունեցածի նկատմամբ, թե՞ մեկ այլ արժեք։
– Սերը ճանապարհի սկիզբն է, բայց ճանապարհ անցնելու համար անհրաժեշտ են նաեւ կամք, գիտակցություն եւ վճռականություն։ Ես ելքը տեսնում եմ մարդակերտման մեջ։ Մենք շատ ենք խոսում պետականաշինությունից, քիչ՝ մարդաշինությունից։ Մոռանում ենք, որ պետության շինանյութը մարդն է։ Մեզ անհրաժեշտ է ազգային արժանապատվություն՝ առանց ազգային ինքնասիրահարվածության։ Անհրաժեշտ է վերականգնել ամոթի մշակույթը։ Ամաչել ոչ թե աղքատ լինելուց, այլ անազնիվ լինելուց, ոչ թե չիմանալուց, այլ սովորելու ցանկություն չունենալուց։ Հայրենիքը սպասասրահ չէ, որտեղ նստած՝ պիտի սպասենք մեր ապագայի ժամանմանը, այլ շինհրապարակ է, որտեղ յուրաքանչյուրիս բացակայությունը կիսատ է թողնում կառույցի մի հատվածը։ Մենք այնքան ենք մտածել, թե ինչպիսի հայրենիքի ենք արժանի, որ երբեմն մոռացել ենք մտածել, թե ինչպիսի մարդ է արժանի մեր հայրենիքին։
– Դուք հիմնադրել եք «Մաչանենց տուն» մշակութային, զբոսաշրջային կենտրոնն Էջմիածնում։ Ի՞նչ միջոցներով է այն գործում, ո՞րն է հիմնական նպատակը։
– Ես հիմնադրել եմ «Հայ միասնության խաչ» բարեգործական, մշակութային հասարակական կազմակերպությունը, իսկ հետագայում՝ 2010-ին, «Մաչանենց տուն» սոցիալական ձեռնարկությունը։ Իմ նպատակը մի միջավայր ստեղծելն էր, որտեղ մշակույթը ոչ թե ցուցադրվում է, այլ՝ ապրում։ Ես միշտ կարեւորել եմ հոգու եւ բիզնեսի կապը։ Զբոսաշրջային եւ տնտեսական գործունեությունից գոյացած եկամուտներն ուղղվում են կրթական, մշակութային եւ բարեգործական ծրագրերին։ Բարեգործությանը նույնպես պետք է ունենա տնտեսական ողնաշար։ Կազմակերպում ենք միջազգային արվեստի սիմպոզիումներ, ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ, կրթական, մշակութային բազմաբնույթ միջոցառումներ։ Մեր կրթական փիլիսոփայության հիմքում ընկած է արվեստի միջոցով մարդակերտումը։ Կարեւորում եմ նաեւ մշակութային դիվանագիտությունը։ Երբ օտարերկրացին իր ձեռքով հայկական լավաշ է թխում կամ հայկական գորգի մի հանգույց է գործում, նա մեր մշակույթի դիտորդից վերածվում է նրա մասնիկի։ «Մաչանենց տունն» ինձ համար յուրահատուկ լաբորատորիա է, որտեղ ազգայինն ու համամարդկայինը, ավանդականն ու նորարարականը, հոգեւորն ու տնտեսականը լրացնում են միմյանց։ Մշակույթը միայն մեր նախնիների թողած հարստությունը չէ, նաեւ մեր սերունդների ապրուստի, ինքնության եւ արժանապատվության աղբյուրը պետք է դառնա։
– Դուք մի մոմ եք վառել՝ խավարից անվերջ դժգոհելու փոխարեն։ Իսկ մեր երկրում մյուսները՝ մտավորական, տեր եւ ծառա, անո՞ւմ են դա՝ վառելով իրենց մոմը։
– Ես ճանաչում եմ բազմաթիվ մարդկանց, որոնք մոմ են վառում՝ առանց իրենց լույսի մասին բարձրաձայնելու։ Ինձ համար մտավորական լինելը մասնագիտություն չէ, այլ՝ պատասխանատվության տեսակ։ Մտավորականը ոչ միայն հասարակության ախտորոշողը պետք է լինի, այլեւ նրա ապաքինման մասնակիցը։ Կարծում եմ՝ մեզանում երբեմն խոսքի արտադրողականությունը գերազանցում է գործի արտադրողականությանը։
Խավարի դեմ պայքարելու համար պարտադիր չէ արեւ լինել։ Բավական է չհրաժարվել մոմ լինելու քո հնարավորությունից։ Ի վերջո, մոմն իր լույսը մեկ ուրիշ մոմի փոխանցելիս չի կորցնում սեփական լույսը։ Երեւի թե լույսի այդ հատկությունից մենք շատ բան ունենք սովորելու։
– Ի՞նչ մակարդակի վրա է գտնվում այսօր մշակութային կյանքը մարզերում, այս դեպքում՝ Արմավիր եւ Էջմիածին քաղաքներում։
– Մշակութային կյանքի իրական չափանիշը ոչ թե կազմակերպված միջոցառումների քանակն է, այլ մշակույթի ներգործությունը մարդու մտածողության եւ վարքագծի վրա։ Կարծում եմ՝ մշակույթը պետք է ապակենտրոնացնել։ Տաղանդը ծննդավայր չի ընտրում, բայց նրա զարգացման հնարավորությունները հաճախ պայմանավորված են ծննդավայրով։
Արմավիրի մարզում եւ հատկապես Էջմիածնում մշակութային մեծ ներուժ կա։ Էջմիածինը, լինելով հայության հոգեւոր մայրաքաղաքը, պետք է հավակնի նաեւ միջազգային մշակութային կենտրոն դառնալուն։ Անհրաժեշտ է ձեւավորել մշակութային պահանջարկ, կրթել հանդիսատես, ստեղծել արվեստագետի ինքնաիրացման տնտեսական հնարավորություններ։ Մշակույթը պետք է դառնա համայնքի առօրյայի բաղկացուցիչ մասը, ոչ թե տոնական օրացույցի հավելվածը։ Քաղաքի մշակութային մակարդակը որոշվում է ոչ միայն նրա բեմում կատարվող արվեստով, այլեւ փողոցում ապրող մարդու մշակույթով։
– Դուք նաեւ նկարիչ եք։ Ի՞նչ ծրագրեր, նոր նախաձեռնության մտքեր ունեք։
– Ինձ համար գրականությունը, գեղանկարչությունն ու թատրոնը նույն մտածողության տարբեր լեզուներն են։ Երբ բառերն անզոր են դառնում, օգնության են գալիս գույները, երբ գույներն են լռում, խոսում են բեմի կերպարները։ Այժմ աշխատում եմ նոր գեղանկարների շարքի, թատերական ստեղծագործությունների եւ «Մարդակերտություն» գրքի վրա։ Գեղանկարչության մեջ փորձարկում եմ նաեւ ծավալային եւ հարթաքանդակային լուծումներ։ Ուզում եմ, որ կերպարներս դուրս գան կտավի հարթությունից՝ չկորցնելով իրենց փիլիսոփայական բովանդակությունը։ Ստեղծագործող մարդու ծերությունը սկսվում է ոչ թե տարիների ավելացումից, այլ չիրագործված գաղափարների պակասից։ Իսկ ես դեռ շատ գաղափարներ ունեմ եւ մտադիր չեմ ծերանալ։