Քննիչը հափշտակել է իրեղեն ապացույցները եւ բռնվել
Sat, 28 Nov 2026 13:15:50 +0400
Մոտ մեկ ամիս առաջ «Հրապարակը» գրել էր, որ կալանավորվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Կլարա Գասպարյանի նշանածը՝ նախկին քննիչ, ներկայում փաստաբան Հայկ Մարդյանը։ Նրան մեղադրում են խարդախության ու հափշտակության մեջ, նա գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում։ Կլարա Գասպարյանը արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի «լյուբիմչիկներից» է։
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել էին «Հրապարակի» տեղեկությունը՝ նշելով, որ Մարդյանը վարույթներից մեկով ունի մեղադրյալի կարգավիճակ։ Մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայկ Մարդյանի գործից։ Պարզվում է՝ նախկին քննիչը, ըստ մեղադրանքի, ծառայողական դիրքն օգտագործելով, փորձագիտական կենտրոնից ստացել է առգրավված թանկարժեք իրեր, որոնք պետք է փոխանցեր իրավասու քննիչին, սակայն դրանք տեղ չեն հասել։ Մարդյանն աշխատել է Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում։
Ըստ իրավապահների՝ 2025 թվականի մարտի 18-ին նա խաբեությամբ ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացել է 6 միլիոն 124 հազար 320 դրամ արժողությամբ ոսկյա եւ արծաթյա զարդեր։ Դրանք պետք է փոխանցվեին իրավասու քննիչին, սակայն Մարդյանը զարդերը չի փոխանցել` հափշտակել է։ Սա, սակայն, միակ դեպքը չէ։ Դրանից ընդամենը մի քանի ամիս առաջ՝ 2025 թվականի հունվարի 31-ին, նույն կերպ փորձագիտական կենտրոնից նա վերցրել է 15 միլիոն 218 հազար դրամ արժողությամբ ոսկուց եւ ադամանդներից պատրաստված շախմատի խաղաքարեր ու դրանց դետալները։ Այդ գույքն էլ պետք է փոխանցվեր իրավասու քննիչին, սակայն, ըստ մեղադրանքի, Մարդյանը այն եւս հափշտակել եւ վաճառել է։ Ավելին՝ կատարվածը թաքցնելու համար նա կեղծ ստացական է կազմել՝ ներկայացնելով, թե իբր շախմատը վերադարձվել է սեփականատիրոջը։ Այսինքն՝ փաստաթղթով ամեն ինչ կարգին է եղել։ Հետագայում՝ 2026 թվականի սեպտեմբերի 3-ին, Մարդյանը խոստովանել է, որ ինքն է վերցրել ու վաճառել շախմատը եւ պարտավորվել է մինչեւ սեպտեմբերի 24-ը վերադարձնել դրա դիմաց ստացված 78 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամը, սակայն խոստումը չի կատարել, եւ գումարը չի վերադարձվել։
Այսպիսով, մեղադրանքը կազմված է երկու առանձին դրվագից․ մի դեպքում փորձագիտական կենտրոնից վերցվել են ավելի քան 6 միլիոն դրամ արժողությամբ ոսկյա եւ արծաթյա զարդեր, մյուս դեպքում՝ ավելի քան 15 միլիոն դրամ արժողությամբ ոսկյա եւ ադամանդե շախմատ։ Երկու դեպքում էլ գույքը չի փոխանցվել իրավասու քննիչին, ինչպես նախատեսված էր, այլ հայտնվել է Մարդյանի մոտ։ Հայկ Մարդյանը շարունակում է կալանքի տակ մնալ։ Հիշեցնենք՝ սա Քննչական կոմիտեի քննիչների մասնակցությամբ հափշտակության արդեն երրորդ դեպքն է։