«Հրապարակ». Ղալումյանն իր քեռու աղջկան նշանակել է դպրոցի համակարգող

«Հրապարակ». Ղալումյանն իր քեռու աղջկան նշանակել է դպրոցի համակարգող

Fri, 06 Mar 2026 12:15:30 +0400


Տավուշի մարզպետարանի կայքը հայտնում է, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը որոշել է Կարինե Գրիշայի Ծովանյանին 2026թ․ փետրվարի 16-ից նշանակել «Հայաստանի Հանրապետության Սեւքարի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության վարչատնտեսական մասի համակարգող՝ կնքելով աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով։ Կարինե Ծովանյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի քեռու աղջիկն է, մինչեւ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող նշանակվելը աշխատել է նույն դպրոցում՝ որպես դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ։

2025թ․ սեպտեմբերի 19-ին «Հրապարակի» «Մարզպետի բարեկամի համար պաշտոնն ազատեցին» հոդվածում գրել եմ, որ 2025թ․ սեպտեմբերի 15-ին մարզպետ Հայկ Ղալումյանը, ղեկավարվելով մի շարք օրենքներով եւ հիմք ընդունելով Վարդան Մադաթյանի` 2025թ․ սեպտեմբերի 15-ի դիմումը՝ ազատել իրեն Սեւքարի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մարմնի համակարգողի պաշտոնից, բավարարել է նրա դիմումը եւ նույն օրը՝ սեպտեմբերի 15-ին, Վարդան Մադաթյանին նշանակել Բերքաբերի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող՝ կնքելով աշխատանքային պայմանագիր՝ մինչեւ 2028թ․ ապրիլի 7-ը։ Մարզպետը Վ․ Մադաթյանին Սեւքարի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող էր նշանակել 2024 թ․ հունիսի 7-ին, նրա հետ աշխատանքային պայմանագիր էր կնքել մինչեւ 2028թ․ ապրիլի 7-ը։

Ինչո՞ւ Սեւքարի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնում մեկ տարի եւ 3 ամիս աշխատելուց հետո Վ․ Մադաթյանը դիմում գրեց՝ ազատվեց այդ պաշտոնից եւ զարմանալի արագությամբ` նույն օրը նշանակվեց Բերքաբեր գյուղի դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող։ Վ․ Մադաթյանը Սեւքարի հարեւան Սարիգյուղի բնակիչ է, Սեւքար գյուղի փեսա, նրա համար Սեւքարի դպրոցում վարչատնտեսական մասի համակարգող աշխատելն ավելի հարմար է, քան սահմանամերձ` Սարիգյուղից բավական հեռավորությամբ գտնվող Բերքաբերի դպրոցում։ Այդ հոդվածում գրել ենք, որ Սեւքարի միջնակարգ դպրոցում աշխատում են մարզպետ, արմատներով Սեւքար գյուղից Հայկ Ղալումյանի հարազատ բարեկամները, եւ նրանցից մեկին մարզպետն առաջիկայում նշանակելու է Սեւքարի դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող, եւ հենց այդ պատճառով էլ մարզպետը թափուր է դարձրել Սեւքարի դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնը։

Մեր հրապարակումից 6 ամիս անց այդպես էլ եղավ, մարզպետն իր քեռու աղջիկ Կարինե Ծովանյանին նշանակեց Սեւքարի դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող։ 2025թ․ նոյեմբերի 19-ին մարզպետ Հ․ Ղալումյանին հարցում եմ արել․ «Նոյեմբերի 19-ի դրությամբ Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցներից քանիսո՞ւմ է նշանակված վարչատնտեսական մասի համակարգող։ Ի՞նչ առաջնահերթությամբ եք դպրոցներում նշանակում վարչատնտեսական մասի համակարգող, ի՞նչն է պատճառը, որ մարզի փոքր, նորակառույց դպրոցում վարչատնտեսական մասի համակարգող եք նշանակել, իսկ մեծ, բազում խնդիրներ ունեցող դպրոցներում՝ ոչ»։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Նոյեմբերի 19-ի դրությամբ մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցներից 16-ում նշանակված է վարչատնտեսական մասի համակարգող։ Կառավարման նոր համակարգի անցած դպրոցներում նոր կարգով դպրոցի տնօրեն ընտրելուց հետո դպրոցում նշանակվում է վարչատնտեսական մասի համակարգող»։

Սակայն մարզպետի նշած այդ կարգը չի պահպանվում։ ԱԺ ընտրություններից առաջ վարչատնտեսական մասի համակարգող են նշանակում, որ նրանք ընտրություններում քվեներ ապահովեն իշխանության համար։ Մարզպետ Հ․ Ղալումյանը փետրվարի 16-ին Նարա Եդիգարյանին նշանակել է Ոսկեվանի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող, մարտի 2-ին Արգամ Թամրազյանին՝ Թեղուտի դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լավագույն չափանիշը քաղաքացու գնահատականն է

Լավագույն չափանիշը քաղաքացու գնահատականն է Fri, 27 Feb 2026 15:15:27 +0400 «Լոռու մարզի ամենախոշոր գյուղը՝ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով