Չավարտված պատերազմի դասերից

Չավարտված պատերազմի դասերից

Fri, 06 Mar 2026 18:15:36 +0400


Իրանում պատերազմը շուտով կավարտվի: Պատերազմը, բայց ոչ հակամարտությունը, որ այս տարածաշրջանում ծագել է Իսրայել պետության ստեղծումից ի վեր (1948թ.): Իրանն այս պատերազմում իրեն պարտված չի ճանաչի, ԱՄՆ-ն եւ Իսրայելը՝ նույնպես: Հետեւաբար, հարաբերական խաղաղ հակամարտությունը կշարունակվի մինչեւ հաջորդ պատերազմը: Դա են թելադրում կողմերի շահերը: Եվրամիությունը, Աստված Եվրամիությանը երկար կյանք տա, միշտ կլինի դիտորդի դերում: Մենք դրանում համոզվեցինք թե՛ ամերիկա-իրանական 12-օրյա պատերազմի, թե՛ այս եւ թե՛ հարեւան երկրների դեմ Իսրայելի սանձազերծած բազմաթիվ պատերազմների ժամանակ: Սա նշանակում է, որ Եվրամիությունն ընդամենը մի գոյացություն է՝ հավաքական Արեւմուտքում, որին այդ նույն հավաքական Արեւմուտքը թույլ չի տալիս մոտենալ աշխարհաքաղաքական համեղ կարկանդակներին: ԵՄ-ն պարտավոր է բավարարվել այն ամենով, ինչն իրեն կտան աշխարհում հարց լուծող իր գործընկերները:

Տակավին շարունակվող ամերիկա-իրանական պատերազմը, որի բուն նպատակն Իրանի եւ նավթ արտահանող արաբական երկրների մերձեցումը թույլ չտալն է, ինչպես նաեւ մահմեդական աշխարհում Իրանի հարաճուն հեղինակության սասանումը, ունի նաեւ այլ, ոչ պակաս հետաքրքիր շերտեր, որ իրենց մեջ լրջագույն դասեր են պարունակում՝ ողջ մարդկության համար: Հասարակ մի հարց․ օրինակ, մե՞ծ է արդյոք տարբերությունը, մի կողմից, Ադոլֆ Հիտլերի եւ, մյուս կողմից, Թրամփի ու Նեթանյահուի միջեւ: Նույն մարդասպանները չե՞ն նրանք: Զենքերն են տարբեր միայն: Նեթանյահուի արձակած մեկ հրթիռից երեխաներով լցված մի ամբողջ դպրոց է վերանում աշխարհի երեսից, իսկ Հիտլերի «Վագր» տանկի կրակոցից՝ մի ռուս ընտանիք՝ խրճիթում: Գերմանացի ժողովրդին ստիպեցին ճանաչել իր ֆաշիստական իշխանության հանցագործությունը հրեա ժողովրդի հանդեպ: Ամբողջ աշխարհը ստիպեց: Ո՞վ է ստիպելու հրեա ժողովրդին՝ դատապարտել Նեթանյահուի՝ Իրանի ժողովրդի հանդեպ նույն ֆաշիստական նկրտումներով այս հանցագործությունը: Սա ողջ մարդկության գործն է, այլապես ողջակիզումներն ու ցեղասպանությունները կշարունակվեն աշխարհում՝ հասնելով ամենախաղաղ երկրներ ու մայրաքաղաքներ:

Այս պատերազմը հրաշալի դաս է նաեւ այն մասին, թե ինչպիսին պետք է լինի կամ չլինի երկրի ղեկավարը: Տարբեր առիթներով հաճախ ենք անդրադառնում այս կամ այն երկրի ղեկավարին, ինքներս մեզ համոզում, թե նա գործում է իր երկրի շահերից ելնելով… Թրամփ, Նեթանյահու, Պուտին, Սի Ծին Պին, Կիմ Չեն Ըն, Էրդողան, Ալիեւ… Իսկ ի՞նչ ասել այս նույն ղեկավարների մասին, երբ նրանք կուրանալու չափ տարվում են իրենց երկրների շահերով եւ դադարում նկատել մյուսների կենսական շահերը, դառնում հազարավոր, անգամ միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ: Հույսներս դնում ենք պատմության վրա, թե պատմությունը նրանց կդատի: Բայց չմոռանանք, որ պատմությունը գրվում է այսօր, ու եթե հենց այսօր այն չի արձանագրվում իր կարեւոր անցքերով, պատճառահետեւանքային կապերով ու այլ մանրամասներով, վերածվում է հեքիաթասացության ու վեճի առարկայի: Կարո՞ղ է մեկն ինձ ասել, թե այսօր ինչ են անում ԱՄՆ զինված ուժերի ամենամարտունակ ստորաբաժանումներն Իրանի ափերի մոտ, էն ավիակիրները, որ քշել են մինչեւ իրանական ջրեր, ինչ է՝ ամերիկացի զինվորներին լողացնելու համա՞ր են բերել: Թվարկեք թեկուզ մի քանի ողջամիտ պատճառ: Չեք կարող: Պատճառն Իրանի միջուկային ծրագրե՞րն են: Քավ լիցի, Իրաքում էլ քիմիական զենք էին փնտրում, գտա՞ն: Նավթ ու գա՞զ չէր տալիս Իրանն ԱՄՆ-ին… Հիմարություն: Իրենք երկիրը դրել են պատժամիջոցների տակ, իրենք էլ բողոքում են: Ինչի՞ց եք բողոքում: Մի՞թե հնարավոր չէր ամերիկյան տանկերը քշել իրանական որեւէ նավահանգիստ եւ նավթ առնել Իրանից: Չէ, պիտի զորքով գան, ռումբերով, Իրանի հոգեւոր առաջնորդին սպանեն, որ նավթը տանեն: Սա շատ նման է ռուսական գազի պատմությանը: Հանգիստ, էժան, լավ գներով առնում էին այդ գազը, ամբողջ Եվրոպան գոհ էր, մարդ էլ չէր զոհվում: Յա՜ա՜ա՜, բա ո՞նց կլինի… Ուկրաինայում պատերազմ հրահրեցին ռուսների դեմ, պատժամիջոցներ սահմանեցին… Միլիոնով մարդ կոտորվեց, բայց նույն ռուսական գազն այսօր Ադրբեջանից եւ Թուրքիայից առնում են գրեթե կրկնակի գներով: Հիմա ես ի՞նչ մտածեմ եվրոպական լիդերների մասին: Պարոնայք դեմոկրատներ, դուք ձեր երկրների ու ժողովուրդների շահերի համա՞ր եք անում այս ամենը:

Նորմալ առաջնորդի կերպարն ամբողջական չի լինի, եթե այստեղ չհիշատակենք Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի մահը, որ տեղի ունեցավ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հրթիռների հարվածից: Մարդը չգնաց, չթաքնվեց բունկերում, մնաց սիրելի ժողովրդի հետ՝ մինչեւ իր վերջին շունչը: Վերը թվարկված առաջնորդներից շատե՞րն են ընդունակ դժվար պահին այդպիսի կեցվածք որդեգրելու: Իսրայելո՞ւմ է, արդյոք, Նեթանյահուն, երբ Թել Ավիվում եւ Երուսաղեմում իրանական ռումբեր են պայթում: Թրամփն ինչո՞ւ է նստել հեռավոր Վաշինգտոնում: Այնտեղից հե՞շտ է հաշվել զոհված ամերիկացի զինվորներին ու ծախսված միլիարդները: Ինչեւէ, Խամենեիի մահը եւս մի դաս էր այս պատերազմից, որ մարդկությանը մեկ օրում ավելի լավը դարձրեց:

ՀԳ. Ես նախընտրեցի ՀՀ իշխանությունների մասին ոչինչ չասել… Առհասարակ, ես միշտ այդպես եմ վարվում, երբ չեմ կարողանում հանգուցյալի մասին լավ բան ասել: Ուրախ եմ, սակայն, որ ամերիկա-իրանական պատերազմը մեր ժողովրդին եւս մեկ անգամ հիշեցրեց, թե ինչպես է ինքը դարեր շարունակ պայքարել իր անկախության համար ու ինչպես այդ անկախությունն իր ապիկար իշխանությունների պատճառով դրեց վտանգի տակ: Դա՞ս է… Իհարկե, այն էլ ինչպիսի դաս:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՔՊ նոր կարգախոսը. եթե մեզ չընտրեք, Ադրբեջանը ձեզ կսպանի

ՔՊ նոր կարգախոսը. եթե մեզ չընտրեք, Ադրբեջանը ձեզ կսպանի Fri, 06 Mar 2026 18:45:21 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով