Հինգշաբթի , 12 Մարտի 2026

«Հրապարակ»․ Զինվորականներին արգելել են բանակում խաչեր կրել

«Հրապարակ»․ Զինվորականներին արգելել են բանակում խաչեր կրել

Thu, 12 Mar 2026 11:45:12 +0400


«Հրապարակը» զրուցել է Արտաշես սարկավագ Աջապահյանի հետ։

– Ինչպե՞ս են Միքայել սրբազանի առողջական վիճակն ու ինքնազգացողությունը։

– Լավ է, փառք Աստծո, արդեն ապաքինվում է վիրահատությունից հետո։ Լավ զգալը հարաբերական է, քանի որ, ճիշտ է` ԱԱԾ-ում պայմաններն ավելի վատ էին, բայց այնտեղ էլ մարդկանց հետ շփումն էր ավելի շատ, թույլտվություն կար, որ ամսական գոնե 2 անգամ 4-5 հոգի այցելեին սրբազանին։ Բացի դրանից, նաեւ կարող էին պատգամավորներն այցելել, իսկ տնային կալանքի պարագայում այցելությունները փակված են` ոչ ոք չի կարող այցելել, բացի այն 4 անձանցից, որոնց դատարանն է թույլտվություն տվել։ Այդ առումով ավելի մեկուսացած է, եւ մարդը մեկուսանալուց դժվար թե իրեն լավ զգա: Սրբազանի ուժը, զորությունը, այն, որ Աստված սրբազանի հետ է, բնականաբար, օգնում են, որ նա այդ ամեն ինչը տանի։ Աստված մեզ հետ է, ամեն բան էլ կհաղթահարենք: Ինչպես ասում է Սուրբ Գիրքը՝ ով համբերե, կապրի։

– Ստեփան Ասատրյանը՝ նախկին կարգալույծ քահանան, վերջերս Միքայել սրբազանի հասցեին հերթական զրպարտությունն է արել, իբրեւ թե սրբազանը կին ու դուստր ունի։

– Լսել եմ, ցավոք սրտի, արդեն պետական քաղաքականություն են դարձել բամբասանքը, զրպարտությունը, հայհոյանքը եւ բավական լայն ծավալում են ստացել հասարակության մեջ, նաեւ դարձել են ընդունելի մի բան, ինչը շատ վատ է: Շատ ցավալի է, անպատասխանատվությունը մարդկանց համար դարձել է քաղաքականություն, որովհետեւ հիմա ասում են բաներ, որոնց համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում։ Եվ ինչ ուզում, ասում են, ասելուց հետո էլ ասում են՝ եթե սխալ է, թող հերքեն։ Այսինքն՝ այս հիմարությունը, վերջիվերջո, պիտի ավարտվի։ Ի՞նչ է նշանակում մարդուն բամբասել, զրպարտել եւ ասել՝ հերքի, այսինքն՝ այդ մարդը պիտի իր բանուգործը թողնի ու, այսպես ասած, ամեն շան հաչոց հերքի՞։ Բնական է, այդ հերքելն էլ մարդու կյանքից ժամանակ ու միջոցներ է տանում։ Այսինքն՝ այս հիմարությունը մենք պետք է դադարեցնենք, եթե ուզում ենք իրոք հզոր պետություն ունենալ, այս բամբասանքին, բանսարկությանը վերջ դնելու համար, միանշանակ, պետք է հրաժարվենք դրա աղբյուրից, որը մի անձ է, ինչքան էլ որ ուզենանք այլ ուժեր եւս տեսնել։ Ամեն դեպքում, ներկայում մի անձ է եւ իր շուրջը համախմբված մի խումբ անձինք, որոնք զրպարտությունն ու բամբասանքը դարձրել են պետական քաղաքականության գործիք։

– Ստեփան Ասատրյանի պահվածքը միայն հրահանգներո՞վ եք պայմանավորում, թե՞ կյանքի չկոչված ինչ-որ ամբիցիաներ, ակնկալիքներ կան, որոնք չեն բավարարվել։

– Գիտեք, եթե անդրադառնանք իր նախորդ հաղորդումներին եւ ընդհանուր նայենք իր խոսելաոճը, ինքը միշտ իր պատասխանատվությունը փորձում է գցել տարբեր մարդկանց, կառույցների վրա, ինչը վկայում է իր թույլ մարդ լինելու մասին։ Ինքն ասում է, որ իրեն ստիպել են սա անել, այն անել` իր կամքին հակառակ։ Եթե ինքն այնպիսի մարդ է, որին հնարավոր է ստիպել՝ ինչ-որ բան անել իր կամքին հակառակ, ընդամենը խոսքով, դա նշանակում է, որ ինքը թույլ, խղճուկ անձնավորություն է, եւ չի բացառվում, որ հիմա էլ են իրեն ստիպում։ Ինքը հեռուստատեսության եթերում իրեն անվանում է թույլ եւ խղճուկ ոչնչություն։ Եթե իր արտահայտությունները փորձենք բացել, որ ասում էր՝ ինձ ստիպում էին, ինձ ուղարկում էին ցույցերի, ինձ ստիպում էին, դա նշանակում է, որ ինքն իր բերանով ասում է՝ ես թույլ եւ խղճուկ մարդ եմ։ Թող փորձեն, օրինակ, ինձ կամ մեկ ուրիշին, կայացած մարդկանց ինչ-որ բան ստիպել կամ պարտադրել, կկարողանա՞ն․ իհարկե՝ ոչ։

– Մամուլը գրում է, որ Փաշինյանը Եկեղեցու դեմ գործողություններում ընդմիջում է վերցրել, որովհետեւ դա նախընտրական շրջանում վնասում է իր վարկանիշին։ Համաձա՞յն եք, թե՞ մեկ այլ ծրագիր է մտմտում։

– Իրականում, ի՞նչ պայման կարող է լինել, օրինակ, Աստծո կամ սատանայի միջեւ, բնականաբար` ոչ մի… ինքը ոչ մի կերպ, իմ կարծիքով, չի հրաժարվելու Եկեղեցին հալածելուց, Եկեղեցու դեմ պայքարելուց, որովհետեւ չարիքի խորհրդանիշ է եւ իր ամբողջ կյանքով է վաստակել այդ անունը` իր խոսքերով, իր ստերով, նույնիսկ նախքան իշխանության գալը՝ իր ամբողջ կյանքով: Մարդիկ խոսում են, որ ինքը Հայաստանում հիմք է դրել այն լրատվությանը, որ ասում են՝ ոչ թե փող են վերցնում գրելու, այլ` չգրելու համար: Սա բնակչության մեջ լայնորեն տարածված կարծիք է եւ, կարծում եմ, բավական հիմնավոր: Հիմա նույն բանով զբաղվում է որպես պետական գործիչ` տարբեր խառնակչություններ հրահրելով: Բնական է, որ ինքը չի հրաժարվելու, որովհետեւ, իմ գնահատմամբ, ինքը չարին սերտաճել է եւ չի հրաժարվի Աստծո դեմ իր թշնամանքից… Ինքն իրականում Աստծո թշնամին է, եւ դա ակնհայտ է: Եվ թող չձեւացնի, թե իբր ուզում է Եկեղեցին մաքրել, եթե ինքն ուզում է Եկեղեցին մաքրել, ինչո՞ւ «Եկեղեցու պատմություն» առարկան հանեց դպրոցներից՝ հարց։ Եթե իրոք Եկեղեցու զավակ է, կարող էր դեմ լինել այս կամ այն հոգեւորականի մասին «Եկեղեցու պատմության» մեջ ինչ-որ մի դրական կամ բացասական դրվագի: Ասեր` չէ, այս մարդը լավ մարդ չէ, ես կարծում եմ, որ այս մարդու մասին «Եկեղեցու պատմության» մեջ հանիրավի լավ գնահատական եք տվել, փոխեք։ Դա կարող էր անել, եթե իր պայքարն անձերի դեմ էր, բայց ինքն ամբողջ առարկան հանեց, թողեց մի ամբողջ սերունդ անկիրթ՝ հոգեւոր առումով, ինչը որ անհնար է անի Եկեղեցու զավակը կամ քրիստոնյան ընդհանրապես: Եթե ինքը քրիստոնեական արժեքների կրողն է, ամեն ինչ կաներ, որպեսզի այդ արժեքները փոխանցվեին նաեւ իր զավակներին, սերունդներին, ժողովրդին:

– Իսկ եթե դրա հակառակն է անում…

– Դա նշանակում է, որ ինքը քրիստոնեության մեջ չի տեսնում այն արժեքը, այն կարեւորագույն հիմքը, ֆունդամենտը, որը պետք է փոխանցել ապագա սերունդներին, հետեւաբար, ինքը դրա կրողը չէ։ Եթե դա տեսներ, դրա կրողը կլիներ, բայց եթե ինքն իր գործով ցույց է տալիս, որ Եկեղեցու մեջ չի տեսնում այն կարեւորագույն բանը, որ պետք է փոխանցել հետագա սերունդներին, դա վկայությունն է այն բանի, որ ստախոս է եւ քրիստոնյա չէ: Հակառակ դեպքում կարող էր ասել` գիտե՞ք ինչ կա, ես էլ եմ ուզում, որ «Եկեղեցու պատմություն» առարկա լինի, բայց ինձ վրա կան արտաքին ճնշումներ, ես ստիպված եմ եւ այլն։ Բայց ինքը դա էլ չի անում, հակառակը` թեզը տանում է այն ուղղությամբ, թե իբր պատմության մեջ ներկայացվածն այլեւս «Եկեղեցու պատմություն» առարկայի կարիք չունի: Եթե այդ թեզն է առաջ տանում, այդ դեպքում ես էլ կասեմ` եթե դու որպես պատմություն ես դիտարկում առարկան, ուրեմն մտցրու որպես կրոն, որպես քրիստոնեություն: Մի քրիստոնյա երկրում ենք ապրում, որտեղ 95 տոկոսը քրիստոնյա է՝ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, ու այդ 95 տոկոսը պետք է զրկված լինի հանրակրթական դպրոցներում սեփական կրոնն ուսումնասիրելուց՝ զուտ այն պատճառով, որ այնտեղ ընդամենը մի 3-4 տոկոս մարդիկ կան, որոնք այդ կրոնի ներկայացուցի՞չ չեն: Ինչպես ասում էր այն դասականը` իյա, լո՞ւրջ: Այդ դեպքում, դուք կարող եք պարզապես այդ փոքր քանակի մարդկանց համար այդ դասը դարձնել կամավոր, ուզում եք` գնացեք, չեք ուզում` գնացեք այլ դասի: Իսկ եթե նորմալ պետություն լիներ, ավելի հզոր, իրոք բանական, այդ մարդկանց կարող էր առաջարկել, որ իրենք էլ իրենց կրոնական ուսմունքն անցնեին՝ նույն հանրակրթական դպրոցներում: Օրինակ, եզդիները կարողանային անցնել իրենց կրոնական դասերը: Ո՞վ պետք է դրան դեմ լինի․ իհարկե՝ ոչ ոք, եթե, իհարկե, դա չի դարձվում քարոզ եւ փաթաթվում ամբողջ բնակչության վզին: Այլ փաստ էլ կա, որ ինքը քրիստոնյա չէ:

– Ի՞նչ փաստ:

– Ես լսել եմ, որ ինքն արգելել է հայոց բանակում զինվորականներին խաչեր կրել՝ «Աշոտ Երկաթ» խաչեր էին բաժանվում, այդ խաչերն արգելվել է կրել բանակում… Սա ինչի՞ մասին է խոսում, որ ինքը խաչի թշնամին է: Երեւի ներքին կարգով, թե ի պաշտոնե է՝ չգիտեմ, չեմ կարող փաստված հիմնավորել, որովհետեւ լսել եմ: Մարդիկ վախենում են, որ գործի հետ կապված խնդիրներ կունենան, բայց այդ խոսակցությունները կան, որ իրենց պարտադրվել է այդ խաչերը հանել: Ճիշտ է, շատերը չեն հանում, շարունակում են կրել, բայց այդ փաստն արդեն խոսում է իրենց՝ խաչի թշնամին լինելու մասին: Եթե իրենք դեմ են որոշ հոգեւորականների, ինչո՞ւ են խաչը հանել տալիս: Իրենց՝ հոգեւորականներին դեմ լինելը պայմանավորված է Աստծուն դեմ լինելով: Սուրբ հոգուն հայհոյողներ են: Ինչպես ասում է Քրիստոսը, եթե որդուն բան ասեք, կներվի, բայց եթե Սուրբ հոգուն հայհոյեն, չի ներվի: Իրենք Սուրբ հոգուն հայհոյողներ են, որոնք իրենց խմբակով, ցավոք սրտի` Աստծո թույլտվությամբ, բայց ոչ երբեք Աստծո կամքով, եկան եւ մեր երկրում իշխանություն զավթեցին: Ճիշտ է, դա երկար չի տեւելու, եւ երեւի Աստված դա թույլ է տվել, որպեսզի մենք չարը բարուց տարբերենք:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եվրոպան լավ գիտի՝ ով ես դու՛, և գիտի նաև՝ ինչ է Հայոց Եկեղեցին

Եվրոպան լավ գիտի՝ ով ես դու՛, և գիտի նաև՝ ինչ է Հայոց Եկեղեցին Thu, 12 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով