«Հրապարակ»․ Ազգային հարց լուծելու փոխարեն, ուշքնումիտքը` ինչ ուտի, ումից բամբասի
Fri, 13 Mar 2026 09:45:10 +0400

«Հրապարակի» զրուցակիցը Տեր Վրթանես քահանա Բաղալյանն է:
– Նիկոլ Փաշինյանը մարտի 11-ին Եվրապառլամենտում հայտարարել է, որ իրեն քննադատող հոգեւորականները ԿԳԲ-ի գործակալներ են, որ իբրեւ նրանք օտարի շահին են ծառայում, ամեն բան անում են, որպեսզի Հայոց պետականությունը ոչնչանա, եւ Հայաստանն անցնի օտարի կառավարման տակ եւ այլն: Ի թիվս այլ հայտարարությունների` Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ հոգեւորականների տարածած այն հայտարարությունները, թե Հայաստանը վերածվում է բռնապետության, որտեղ չկա խղճի ազատություն, իրականությանը չեն համապատասխանում: Այս հայտարարություններից հետո եվրոպացի պատգամավորները հոտնկայս ծափահարել են Նիկոլ Փաշինյանին: Ի՞նչ կարծիք ունեք նրա այս հայտարարության մասին:
– Փաշինյանի ամբողջ ելույթի ողջ նպատակը վերջում ծափահարությունների արժանանալն էր: Նա այդ ելույթի ժամանակ որեւէ կերպ առաջ չքաշեց մեր ազգային շահերը, համենայնդեպս՝ ես այդպես ընկալեցի նրա ելույթը: Նա, փոխանակ խոսեր արցախցիների իրավունքների մասին, փոխանակ խոսեր հայ ռազմագերիների վերադարձի մասին, խոսեց այն մասին, որ արցախցիները պետք է ընդմիշտ մոռանան Արցախ վերադառնալու հարցը: Մենք տեսնում ենք մի մարդու, որն իր ազգային շահերը բարձրաձայնելու փոխարեն հերթական անգամ խոսեց եւ ադրբեջանական շահն առաջ տարավ ու սկսեց դժգոհել ընդդիմությունից, սրանից դժգոհեց, նրանից դժգոհեց: Բագրատ սրբազանից է դժգոհ, ահագին զրպարտեց նրան, այս մարդը փաստացի չի էլ գիտակցում, թե ուր է գնացել: Հասել է Եվրախորհրդարան եւ այնտեղ եւս աջակիցներ է փնտրում` օտարների մեջ: Հավանաբար ակնկալում է, որ իրեն էլի ֆինանսավորեն: Էրդողանին, Ալիեւին հաճո հայտարարություններ արեց բացառապես: Նիկոլ Փաշինյանն ի վերջո այն պետական պաշտոնյան չէ, որը կարող է լուրջ հարցեր բարձրացնել: Նա հայ ազգին վերաբերող հարցերն իրեն օտար է համարում: Տպավորություն է, որ նա Հայաստան գործուղված ինչ-որ մի դեսպան է, որը միայն հայտարարություններ է անում, սակայն գործնականում՝ ոչ մի քայլ: Երբ պահը գալիս է, որ ինչ-որ քայլեր պետք է արվեն, նա ձեռքերը լվանում է: Առնվազն 6-7 սրբավայր Արցախում ոչնչացվել է, ենթարկվել է վանդալիզմի, գոնե այդ մասին չխոսեց: Քանի՞ գերեզման են քանդել Արցախում ադրբեջանցիները, քանի՞ հուշարձան են պղծել: Այդ ամենից հետո խոսել ինչ-որ խաղաղության մասին, ասել, որ Հայաստանում ամեն ինչ կարգին է, դա նշանակում է խրոնիկ ստախոսություն: Այս մարդը վերածվել է խրոնիկ ստախոսի եւ ամենուր միայն սուտ է խոսում: Խաղաղությունից է խոսում՝ այն դեպքում, երբ 2025-ի ամռանն Ադրբեջանը Գեղարքունիքի եւ Ջերմուկի դիրքերում առաջխաղացում է ունեցել: Չես հասկանում, թե նա ում է հիմարի տեղ դնում, երբ արդեն հայկական բնակավայրերն են նշանառության տակ: Հայ ազգը Նիկոլի հետ չունի ապագա: Իսկ ինչ վերաբերում է եկեղեցականների հասցեին հնչեցված նրա գնահատականներին, ապա նա խրոնիկ ստախոս է եւ զրպարտում է հոգեւորականությանը: Մենք երբեք սահմանազատմանը դեմ չենք եղել, մենք դեմ ենք եղել եւ այսօր էլ դեմ ենք միակողմանի զիջումներին: Ադրբեջանը ստացավ գյուղեր, իսկ այն հայկական տարածքները, որոնք նույն Ադրբեջանն օկուպացրել էր, այդպես էլ մեզ չվերադարձրեց, այդ թվում՝ նույն Ջերմուկի հատվածից:
– Եթե Հայ առաքելական եկեղեցում, ըստ Փաշինյանի, գործակալներ են, ապա ինչո՞ւ հետ կանգնեց Եկեղեցու դեմ պայքարից:
– Հետ չի կանգնել, ուղղակի, քանի որ եկեղեցականների 90 տոկոսից ավելին, ինչպես նաեւ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը դեմ էր հակաեկեղեցական այդ արշավին, անգամ իր աջակիցների մի մասն է դեմ եղել այդ արշավին, Փաշինյանը որոշել է նախընտրական այս փուլում կեղծավորաբար լռել եւ ոչինչ չանել, սակայն եթե իր բախտը բերի, իսկ հայ ազգի բախտը չբերի, եւ նա հանկարծ վերարտադրվի, ապա կրկին սկսելու է հակաեկեղեցական պայքար: Այս փուլում նա փորձում է մարդահաճո քայլեր անել, խանութում ինչ-որ արցախցի կնոջ է օգնում` գնումները տուն հասցնելու նպատակով, ցույց է տալիս, որ ինքն ընդամենը կարկանդակով է սնվում, հասարակ մարդ է, սոված ժամանակ կուկուռուզ է ուտում, բայց բոլորս էլ գիտենք, թե նա ով է եւ ինչ կյանքով է ապրում: Գնացել, հասել է գագաթնաժողովի, գոնե մի ազգային հարց լուծելու փոխարեն էլի ուշքնումիտքն այն է, թե ինչ ուտի, ումից բամբասի: ՀՀ բյուջեի հաշվին այս մարդը գնում է տարբեր երկրներ եւ ոչ մի օգուտ չի տալիս Հայաստանին, վնասից բացի, խոսում է բացառապես Ադրբեջանի շահերից ելնելով:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր