Հինգշաբթի , 30 Ապրիլի 2026

Զրկել ընտրությանը մասնակցելու մոտիվացիայից եւ մեծացնել հանցանքի մասնակիցների թիվը

Զրկել ընտրությանը մասնակցելու մոտիվացիայից եւ մեծացնել հանցանքի մասնակիցների թիվը

Thu, 30 Apr 2026 17:15:52 +0400


Բազմաթիվ, այսպես կոչված, քաղաքական ուժեր եւ գործիչներ սպասում են ընտրություններին, որ փող աշխատեն, որովհետեւ ընտրությունները նրանց համար ոսկե ժամանակաշրջան են` փող աշխատելու համար ամենանպաստավոր պայմանները, այնպես, ինչպես սունկ հավաքողի համար՝ գարնանը տեղացած անձրեւը: Բոլոր ժամանակներում իշխանությունն օգտագործել է փոքր կամ մարդ-կուսակցություններին՝ քաղաքական դաշտում խառնաշփոթ եւ կեղծ բազմակարծություն առաջացնելու համար: Այդ կուսակցություններն ու դրանց ղեկավարներն էլ, ռեալ գնահատելով իրենց ունեցած հանրային աջակցության չափը, հասկանալով, որ իրենք որեւէ հնարավորություն չունեն հաղթահարելու անցողիկ շեմը եւ հայտնվելու խորհրդարանում, սիրով համաձայնել են կատարել իրենց վերապահված ֆունկցիան` մի աշխատանք, որն արդարացնում է իրենց գոյությունը՝ ապահովելով եկամուտ եւ բարեկեցություն:
Այն տեսակետը, որ փոքր կուսակցությունների մասնակցությունը ձեռնտու է նաեւ ընդդիմադիր կուսակցություններին, այնքան էլ հիմնավոր չէ: Ասվում է, որ, օրինակ, պրոիշխանական կուսակցությունների, ենթադրենք՝ «Հանրապետություն» կամ «Հանուն հանրապետության» կուսակցությունների մասնակցությունը չի խոչընդոտում ընդդիմության հաղթանակը, հակառակը՝ դրանց ձայն տվողները որեւէ պարագայում ձայն չէին տա «Ուժեղ Հայաստանին» կամ «Հայաստան» դաշինքին: Այսինքն, եթե նրանք անգամ ձայն են գողանում կամ փոշիացնում, ապա միայն պրոիշխանական էլեկտորատի ձայները: Առաջին հայացքից սա իսկապես տրամաբանական է հնչում: Այդ դեպքում ինչո՞ւ իշխանությունը, դրանց վրա ազդեցություն ունենալով, այնուամենայնիվ, թույլ է տալիս մասնակցել ընտրություններին, հնարավոր է` նույնիսկ խրախուսում է նրանց մասնակցությունը: Կա մի քանի պատճառ:

Երբ ընտրություններին մասնակցում է 3-4 կուսակցություն, որոնցից մեկն իշխանությունն է, իսկ մյուս երեքը ուժեղ ընդդիմադիր կուսակցություններ են, ընտրողի համար հեշտ է ընտրություն կատարել․ նա կա՛մ իշխանության կողմն է, կա՛մ ընտրում է այդ 3 ընդդիմադիր կուսակցությունների միջեւ: Նախընտրական քարոզարշավն էլ ավելի հստակ է. կա իշխանություն, որը փորձում է վերարտադրվել, եւ կա ընդդիմություն, որը, դեմ լինելով վարվող քաղաքականությանը, փորձում է հեռացնել, փոխարինել իշխանությանը: Մինչդեռ երբ ընտրությանը մասնակցում է 19 կուսակցություն, նախընտրական պայքարը վերածվում է ժխորի, մասնակից կուսակցությունները քննադատում են ոչ միայն իշխանությանը, այլեւ հիմնական ընդդիմադիր կուսակցություններին, մեկին մեղադրում են նախկինում կատարած թալանի եւ ապօրինությունների, մյուսին` օլիգարխ ու ռուսական դրածո լինելու, երրորդին` գիտելիքներ եւ կառավարման փորձ չունենալու մեջ, եւ այսպես շարունակ: Սրանք ոչ թե կողմնորոշում են չկողմնորոշված ընտրազանգվածին, ինչպես իրենք են փորձում համոզել, այլ հակառակը` վանում են մարդկանց, համոզելով, որ մասնակիցներից ոչ մեկն արժանի չէ, որ բոլորն էլ նույնն են, ոչինչ էլ չի փոխվելու: Ու մարդկանց զրկում են ընտրությանը մասնակցելու մոտիվացիայից: Փոքր կուսակցությունները կատարում են այն կեղտոտ գործը, որը պետք է աներ իշխանությունը, բայցեւ աշխատում են իշխանության հետ համագործակցելով, աշխատում են երգչախմբի սկզբունքով, երբ թվում է, թե ամեն մեկը տարբեր ձայն է արձակում, բայց միասին կատարում են նույն երգը:

Մեծ թվով ուժերի մասնակցությունն իշխանության համար ունի ավելի կարեւոր նշանակություն, քան հիմնական քաղաքական մրցակիցներին վարկաբեկելն ու անվանարկելը կամ ընտրողներին մոտիվացիայից զրկելը: Դա իշխանության կեղծ հաղթանակն օրինականացնելն ու լեգիտիմացնելն է: Փաշինյանը դա արդեն փորձել է 2021 թվականի ընտրություններից հետո եւ կփորձի նույնը կրկնել նաեւ հիմա, եթե հաջողի: Հիշում եք, թե ինչ տեղի ունեցավ այդ ընտրություններից հետո. Փաշինյանը սկսեց հերթով ընդունել ընտրություններին մասնակցող, բայց ԱԺ չանցած քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, նրանց հետ տեսանկարահանվել, լուսանկարվել եւ այդ տեսարանները ակտիվորեն տարածել: Նույն Արամ Սարգսյանը, Արման Բաբաջանյանը, Լեւոն Շիրինյանը, Տիգրան Խզմալյանը, ներկայում թունդ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Էդմոն Մարուքյանը կամ անհայտ պատճառներով իշխանությունից թաքնվող Տիգրան Ուրիխանյանը եւ էլի շատերը գնացին Փաշինյանի դուռը, սեղմեցին նրա ձեռքը, ճանաչեցին նրա իշխանության օրինականությունը: Փաշինյանը ստեղծեց արտախորհրդարանական կուսակցությունների խորհրդակցական ֆորմատ եւ պարբերաբար հանդիպում էր նրանց հետ` ցույց տալու, թե տեսեք՝ ինչ մեծ թվով կուսակցական գործիչներ են ճանաչում իմ իշխանության օրինականությունը եւ համարում են ինձ այնպիսի հեղինակություն, որ պատրաստ են պարբերաբար գալ եւ լսել իմ կարծիքը կամ իրենց կարծիքը փոխանցել ինձ:

Հիմա իրավիճակը Փաշինյանի համար ավելի կրիտիկական է լինելու, որովհետեւ, ի տարբերություն 2021 թվականի, երբ նա, ունենալով որոշակի հանրային աջակցություն, ընտրությունները կեղծեց վարպետորեն, հիմա դա անել չի հաջողվելու, որովհետեւ մի բան է, որ 30-35 տոկոսանոց վարկանիշդ դարձնես 50` կեղծելով 10-15 տոկոս, եւ լրիվ այլ, երբ պետք է 10 տոկոսանոց վարկանիշդ դարձնես 50: Պարզ է նաեւ, որ այս անգամ եթե Փաշինյանը գնա մասսայական կեղծիքի եւ խարդախության, իսկ այլ կերպ չի կարող լինել, հիմնական ընդդիմադիր կուսակցությունները չեն ճանաչելու ընտրությունների արդյունքները, դրանք համարելու են կեղծված եւ ոչ օրինական: Եվ հենց այդ ժամանակ է, որ այդ մանր ու ձայն չտարած կուսակցությունները մեկը մյուսի հետեւից շնորհավորելու են Փաշինյանին եւ նրա հաղթանակն օրինական են հայտարարելու:

Կարո՞ղ եք ասել, թե ինչ արժեք ունի մեկ կամ մեկ տոկոսից ցածր վարկանիշ ունեցող կուսակցությունների կարծիքը կամ շնորհավորանքը: Դա այնքան էլ այդպես չէ, որովհետեւ, երբ հայտարարվում է, որ ընտրությանը մասնակցած 19 կուսակցություններից ընդամենը երկուսը կամ երեքը չեն ճանաչում ընտրության արդյունքները, կամ որ ընտրության մասնակից 19 կուսակցությունից 12-ն արդեն ճանաչել են Փաշինյանի հաղթանակը եւ շնորհավորել նրան, դա ինչ-որ հանրային տպավորություն է ստեղծում: Իհարկե, դրանով իշխանության գործած կեղծիքը չի վերանում, բայց, ինչպես հայտնի անեկդոտում է ասվում, ինչ-որ նստվածք մնում է: Իշխանությունն այդ կուսակցություններից եւ դրանց ղեկավարներից ավելին չի էլ ակնկալում, ընդամենը ֆոն ապահովել, իր կատարած կեղծիքին մասնակից դառնալ ու դրանով իր կատարած հանցանքը լղոզել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որ քաղաքական ուժերի փաստաթղթերում են թերություններ հայտնաբերվել

Որ քաղաքական ուժերի փաստաթղթերում են թերություններ հայտնաբերվել Thu, 30 Apr 2026 18:55:41 +0400 Ազգային ժողովի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով