Մի բառ է բեինը մտցրել, բայց դրա իմաստն էլ չի հասկանում

Մի բառ է բեինը մտցրել, բայց դրա իմաստն էլ չի հասկանում

Sat, 14 Mar 2026 18:45:45 +0400


ՔՊ-ի ապաքաղաքական ղեկավարը կառավարության վերջին նիստից հետո իր ասուլիսում հերթական անգամ ցույց տվեց, որ ինքը, ըստ էության, քաղաքականությունից հեռու մարդ է: Դուք, իհարկե, կարող եք սա ընդունել որպես զավեշտ, բայց դա իրողություն է, մախաթ, որ ոչ մի կերպ պարկում չես թաքցնի: Մուննաթ է գալիս լրագրողների վրա, թե բա՝ սա ի՞նչ է, որ խաղաղություն չէ, այդ որտե՞ղ են կրակում, այդ որտե՞ղ է զինվոր զոհվում, որտե՞ղ են ռումբեր պայթում, որ ես տեղյակ չեմ, իսկ դուք տեղյակ եք: Բա՝ եթե ռումբեր չեն պայթում, կրակոց չկա, ի՞նչ է դա, եթե ոչ խաղաղություն: Մարդն ուղղակի խոստովանում է, որ չգիտի՝ ինչ է խաղաղությունը: Ըստ նրա, փաստորեն, մոտ 10 օր առաջ ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Իրանի միջեւ խաղաղություն էր, որովհետեւ Իրանում ռումբեր չէին պայթում, երեխաներ չէին զոհվում, ամերիկյան եւ իսրայելական ռազմաբազաները հօդս չէին ցնդում, Հորմուզի նեղուցում կամ բաց ծովում ավիակիրներ ու տանկերներ չէին ոչնչացվում: Նույնը ամերիկա-իսրայելա-իրանական 12-օրյա պատերազմի մասին կարելի է ասել: Ըստ ՀՀ վարչապետի՝ այդ երկրների միջեւ խաղաղություն էր տիրում, քանի դեռ 12-օրյա հրթիռակոծությունները չէին սկսվել: Բայց այդպե՞ս է արդյոք…

Այս պարզունակ սխալը գալիս է հենց այն բանից, որ ՀՀ վարչապետն ապաքաղաքականացված տարր է եւ, ինչպես բոլոր ապաքաղաքականացված տարրերը, մի բառ է բեինը մտցրել՝ խաղաղություն, ու ամեն տեղ խաղաղությունից է խոսում, չհասկանալով ո՛չ դրա բուն իմաստը, ո՛չ էլ այդ երեւույթի կառուցվածքն ու բովանդակությունը: Ի դեպ, Թրամփը եւ Ալիեւն էլ են հայտարարում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն է: Նրանց եւ ՀՀ վարչապետի հայտարարությունները, սակայն, տարբեր են իրարից: Եթե Թրամփն ու Ալիեւն իրենց վարած քաղաքականությունն են այդ բառով սպասարկում, ապա ՀՀ ապաքաղաքական վարչապետն անկեղծորեն հավատում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությանը:

Իրական խաղաղությունը բոլորովին այլ բան է: Կարո՞ղ է, օրինակ, որեւէ մեկը պատերազմ հրահրել Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի միջեւ, Իտալիայի եւ Իսպանիայի միջեւ, Դանիայի եւ ԱՄՆ-ի միջեւ: Ոչ, որովհետեւ այդ երկրների միջեւ կարգավորված են բոլոր, կրկնում եմ՝ բոլոր այն խնդիրները, որոնք որեւէ պահի այս կամ այն կերպ կարող են պատերազմի պատճառ դառնալ: Նույնիսկ ԱՄՆ նախագահի պահանջը՝ Դանիայի Թագավորության պրոտեկտորատ Գրենլանդիան դարձնել ԱՄՆ-ի նահանգ, պարզվեց՝ չհանգեցրեց ԱՄՆ-ի եւ Դանիայի միջեւ պատերազմի: Ասել է, թե իրական խաղաղությունը ոչ թե միայն բառ է, այլ՝ լուծված եւ կարգավորված խնդիրների մի ամբողջություն, որը չի խախտվում անգամ, երբ երկրների միջեւ ինչ-ինչ հարցեր են ծագում: Հակառակ պարագայում խաղաղությունն ընդամենը պատերազմների միջեւ ընկած մի ժամանակահատված է, որի ընթացքում թնդանոթները պարզապես հանգստանում են:

Հիմա դառնանք ու մեր «խաղաղարարին» հարցնենք՝ դու այդ ի՞նչ խնդիրներ ես լուծել ու կարգավորել Ադրբեջանի հետ, որ արդեն մուննաթ ես գալիս մեզ վրա ու ասում, թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղություն է, որովհետեւ չեն կրակում: Այսօր պետք չէ՝ չեն կրակում, վաղը պետք լինի՝ կկրակեն: Ու կստացվի, որ քո «խաղաղությունն» ընդամենը փուչիկ է՝ օդում նկարված, օդից թեթեւ մի բան:

Ինչի՞ մասին է Կիրանցի պատը: Միայն թե չասեք՝ խաղաղության: ՀՀ օկուպացված տարածքները, հայ ռազմագերիները, Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հեռացնելը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին խոնարհելու փորձերը, Հայոց ցեղասպանությունն ուրանալն ու մյուս բաներն ինչի՞ մասին են աղաղակում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությա՞ն: Ուրեմն թքած այն «խաղաղության» վրա, որ ժամանակավորապես «կա», «գոյություն» ունի իմ ինքնության հաշվին, իմ երկրի հաշվին, իմ հայրենիքի հաշվին, իմ ժողովրդի հաշվին: Եթե ՀՀ պետական պաշտոնյան այլեւս իրավունք չունի Արցախի անունը տալու, որովհետեւ դա, հասկանում ես, տանում է պատերազմի, նշանակում է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ մի հարց էլ կարգավորված չէ: Ճիշտ նույն տրամաբանությամբ էլ կարելի է պնդել, որ քանի դեռ ՀՀ Սահմանադրությունից հանված չէ Անկախության հռչակագրին հղումը, Ադրբեջանի հետ խաղաղություն չկա, քանի դեռ մինչեւ վերջին անկլավը Ադրբեջանին չեք զիջել, խաղաղություն չկա… Մնացածը, թե մենք անշեղորեն գնում ենք 100 տարով խաղաղություն ապահովելու ճանապարհով, ընդամենը ճամարտակություն է, որովհետեւ նույնիսկ 100 տարին բավական չէ Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու համար:

Դու, պարոն ՀՀ վարչապետ, ապաքաղաքականության տիպար ես, գործիք՝ քաղաքականությամբ զբաղվող Ալիեւի ձեռքին, որը նա թանկ է գնահատում եւ պատրաստ է ամեն ինչ անել, որ դու եւ քո ապաքաղաքական խմբակը մնաք Հայաստանի ղեկին: Էլ ե՞րբ Ալիեւին բախտ կվիճակվի ձեզ նմանների հետ Հայաստանի հարցերը լուծել եւ դա ներկայացնել «խաղաղության» մասին հենց ձեր անմեղսունակ խոսույթով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱՄՆ-ն ու Իսրայելը թերագնահատեցին Իրանին ու պատժվելու են դրա համար

ԱՄՆ-ն ու Իսրայելը թերագնահատեցին Իրանին ու պատժվելու են դրա համար Sat, 14 Mar 2026 20:45:50 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով