Առաջարկում ենք այլընտրանք՝ հիմնված երեք անկյունաքարերի վրա
Mon, 16 Mar 2026 20:26:44 +0400

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, որոնց միացել է նաև Առաջ կուսակցությունը, ինչպես հայտնի է ,հայտարարում են, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին հանդես են գալու միասնական ձևաչափով՝ «Հայաստան» դաշինքով։
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նշել է, որ իրենց քաղաքական առաջարկը վերաբերում է կայունության և արժանապատվության գաղափարին։ Նրա խոսքով՝ իրենք նպատակ չունեն հակամարտություն հրահրելու, այլ ձգտում են կանխել հնարավոր վտանգները և ապահովել երկրի անվտանգ զարգացումը։
Սաղաթելյանի ներկայացմամբ՝ դաշինքի տեսլականը կառուցված է երեք հիմնական ուղղությունների վրա։ Առաջինը՝ անվտանգ և մրցունակ պետության գաղափարն է, որտեղ Հայաստանը ոչ միայն հարմարվում է իրականությանը, այլ նաև ձևավորում է այն։ Երկրորդը՝ ազգային ինքնության վրա հիմնված պետությունն է, որտեղ կարևոր դեր են ստանում հայոց լեզուն, մշակույթը, ընտանիքը և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ որպես ազգային արժեքների հիմք, միաժամանակ պահպանելով արդիական զարգացումը։ Երրորդը՝ համահայկականության սկզբունքն է, ըստ որի՝ Հայաստանը դիտարկվում է որպես բոլոր հայերի ընդհանուր հայրենիք, իսկ սփյուռքը՝ որպես երկրի զարգացման կարևոր ռազմավարական ռեսուրս։
Նա ընդգծել է, որ ընտրությունները լինելու են բարդ, քանի որ հասարակությունը կանգնած է տարբեր քաղաքական ընտրությունների առաջ։ Սաղաթելյանի խոսքով՝ իրենց թիմը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել և առաջ գնալ իրենց ներկայացրած արժեքներով ու ծրագրային մոտեցումներով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր