Ես գործարար եմ, ով կարող է նոր նախագծեր կյանքի կոչել միայն խաղաղության պայմաններում․ Սարիբեկ Սուքիասյան
Tue, 17 Mar 2026 14:13:31 +0400

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը՝ ձեռքբերումների, առաջնորդության, հաջողության բանաձևի, անվտանգ և կայուն տնտեսական միջավայրի և ապագայի տեսլականի մասին պատմել է Tert.am-ի հետ հարցազրույցում։
Մարդկային գործոնը՝ ռազմավարական կառավարման կիզակետում
-Մերօրյա ֆինանսական լանդշաֆտն էական փոխակերպումների է ենթարկվում: Այս պայմաններում բարդ մարտահրավեր է պահպանել բիզնեսի աճի բարձր տեմպերը և լիարժեք իրացնել ամենակարևոր ակտիվի՝ մարդկային կապիտալի ներուժը: Պարո՛ն Սուքիասյան, արհեստական բանականության և թվային փոխակերպման ժամանակաշրջանում ինչպե՞ս է Ձեզ հաջողվում պահպանել այդ հավասարակշռությունը:
-Ֆինանսական համակարգն այսօր ակտիվ փոփոխությունների փուլում է. ավանդական մոդելներն աստիճանաբար տեղի են տալիս նորարարական լուծումներին։ Եվ Հայէկոնոմբանկը, որպես երկրի տնտեսական ակտիվությունն ու ֆինանսական կայունությունը խթանող կարևոր դերակատար, չի կարող անմասն մնալ կամ ազդեցություն չկրել այդ գործընթացներից:
Ուրախությամբ պետք է նշեմ, որ 2025 թվականը Հայէկոնոմբանկի համար կայուն առաջընթացի տարի էր: Բանկը շարունակել է ամրապնդել իր դիրքերը ոլորտում՝ նախորդ տարվա համեմատ գրանցելով հիմնական ցուցանիշների զգալի աճ։ Մեզ համար ավելի կարևոր է համակարգում կայուն աճը, քան լրացուցիչ եկամուտներ գեներացնելը, ինչը կարող է ապագայում ավելի մեծ ռիսկեր առաջացնել։
Բանկի կառավարիչների աշխատանքն, ընդհանուր առմամբ, դրական եմ գնահատում՝ դիտարկելով այն՝ որպես ռազմավարական ճիշտ որոշումների և թիմային աշխատանքի միասնական արդյունք:
Մենք շարունակական ջանքեր ենք գործադրում մեր թիմի մասնագիտական կարողությունների զարգացման և աճի համար: Միաժամանակ, ոգևորությամբ համալրում ենք մեր թիմը խելացի, բանիմաց և ճկուն մտածողություն ունեցող ղեկավարներով, ովքեր առանձնանում են իրենց պրագմատիկ մոտեցմամբ և իրատեսական տեսլականով: Թիմի համալրումն անընդհատ գործընթաց է. մենք միշտ կարիք ունենք և պատրաստ ենք ընդունել լավ մասնագետին և լավ վարձատրել նրան։
Իմ բազմամյա փորձով կարող եմ ասել, որ յուրաքանչյուր թիմում էլ կան ղեկավարներ, ովքեր նախաձեռնող են, պատրաստ են մեծ պատասխանատվություն ստանձնել և վստահությամբ առաջնորդել, և կան այնպիսիք, ովքեր անշեղորեն կատարում են հանձնարարությունները: Մենք արժևորում ենք յուրաքանչյուրին՝ ձգտելով ապահովել այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ կկարողանան դրսևորել իրենց ուժեղ կողմերը և զարգանալու հնարավորություն կունենան: Իմ պատկերացմամբ շատ կարևոր է մարդկանց դերերի ճիշտ բաշխումը և յուրաքանչյուրին ճիշտ ժամանակին ճիշտ տեղում նշանակելը: Բայց երբեմն պատահում է նաև, որ ստիպված ես լինում վերանայել որոշումներդ, որովհետև բոլորը չեն, որ առաջհայաց մտածողություն ունեն, կամ պատրաստ են նախաձեռնել, այլ կերպ ասած, պատրաստ չեն լավ կատարողից դառնալ լիդեր: Իհարկե, դրա հիմքում տարբեր պատճառներ կարող են լինել՝ մասնագիտական ներուժի սպառում, «անառողջ» նկրտումներ և այլն: Ամեն դեպքում, ցանկացած տարաձայնություն կամ խնդիր պետք է լուծվի բարեկիրթ ձևով և տրամաբանական հանգուցալուծումով:
Հաջողության ճանապարհը՝ աշխատասիրություն, խոհեմություն և պրագմատիկ մոտեցում
-Հաճախ գործարարների պատմության հետևում մարդիկ դավեր են փնտրում: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում տասնամյակներ շարունակ լինել գործարար միջավայրում:
-Ես և մեր ընտանիքը հարստացել ենք մեր աշխատասիրության, համառության և գիտելիքների շնորհիվ, մեզ ոչ ոք չէր կարող հարստացնել, մենք հարստացել ենք մեր ուժերով և խելքով։ Մեզ ճանաչողները գիտեն մեր անցած ուղու մասին և կհաստատեն, թե ինչպես էր հայրս մեզ՝ իր որդիներին, պատանեկության տարիներին տանում գործարան և ներգրավում աշխատանքներում։ Մեր ընտանիքը Հայաստանում առաջիններից է, որ տարիների ընթացքում կարողացել է բիզնես մշակույթ ձևավորել և այն դարձնել համակարգային: Իհարկե, տարբեր ժամանակներում մեր բիզնեսներին տիրանալու փորձեր, ճնշումներ եղել են, բայց մենք համառորեն պայքարել և մեր ստեղծածը պահպանել ենք. ես իմ կյանքում երբեք ոչ մեկից և ոչնչից չեմ վախեցել, և միշտ պատրաստ եմ եղել ամեն ինչ անել՝ մեր մեծ ընտանիքը, մեր ստեղծածը, մեր արժեքները պաշտպանելու համար։
Մենք միշտ առաջնորդվել ենք մեր հոր՝ Ալբերտ Սուքիասյանի պատգամով․ «Երբեք աչք մի՛ դիր ուրիշի ունեցվածքին, բայց նաև պայքարի՛ր սեփականը պահելու համար և թույլ մի՛ տուր ոչ մեկին քոնը քեզնից վերցնել»: Մենք անցել ենք քրտնաջան աշխատանքի և պայքարի ճանապարհով՝ հասնելով հաջողությունների Աստծո հովանու ներքո։ Դժվարությունները մեզ ավելի են ուժեղացրել և մենք չենք վախենում նախանձից, չարից կամ մեր հանդեպ թշնամական վերաբերմունքից։
Առհասարակ, մենք մշտապես կարևորում ենք հանրային վստահությունն ու հասարակության կարծիքը և բաց ենք առողջ քննադատության համար, որովհետև դա բացթողումները շտկելու առիթ է. ցանկացած խելամիտ կարծիք նոր մոտիվացիա է տալիս: Ես սիրում եմ լսել, վերլուծել և ցանկացած դիտարկում դարձնել զարգացման նոր հնարավորություն:
Բայց, ցավոք, ավելի հաճախ հանդիպում է քննադատություն, որը որևէ հիմք չունի և իրականության հետ որևէ աղերս չունի: Սա, իհարկե, անընդունելի է: Եվ, ընդհանրապես, անառողջ քննադատությանն արձագանքելը ժամանակի վատնում է, մենք նախընտրում ենք դրա փոխարեն գործով զբաղվել: Ավելին, մենք ունենք լավ պատրաստված մասնագետների թիմ, ովքեր պաշտպանում են մեր շահերը տարբեր ատյաններում։
-Հաճախ գործարարներին կապում են քաղաքականության հետ։ Որքանո՞վ եք ներգրավված քաղաքական գործընթացներին:
Ոչ իմ խառնվածքով, ոչ իմ տեսակով ես քաղաքականությամբ զբաղվող մարդ չեմ։ Կարծում եմ բիզնեսը չի կարող գոյություն ունենալ վակուումի մեջ. ցանկացած տնտեսական զարգացում ուղղակիորեն կապված է երկրի անվտանգության և քաղաքական կայունության հետ։
Ես սիրում եմ այն գործը, ինչով զբաղվում եմ և կարծում եմ՝ իսկական գործարարը կարիք չունի քաղաքականությամբ զբաղվելու։ Իմ ժամանակի հիմնական մասը նվիրել եմ բիզնեսին և ես երջանիկ եմ, որ անում եմ այն, ինչը լավ է ինձ համար, ընտանիքիս ու երկրիս համար։
Մենք խաղաղության կողմնակից ենք: Միայն խաղաղության պայմաններում է հնարավոր իրականացնել բիզնեսի ռազմավարական պլանավորում: Ես գործարար եմ, ով կարող է նոր նախագծեր կյանքի կոչել և թիմեր առաջնորդել միայն խաղաղության պայմաններում:
-Ապագայի տեսլականը՝ բարձր նշաձող և հավակնոտ ծրագրեր՝ հանուն Հայաստանի տնտեսության զարգացման
-Հայացք գցելով ապագային՝ ո՞րն է Ձեր տեսլականը: Ինչպե՞ս եք պատկերացնում Սուքիասյան ընտանիքի դերը Հայաստանի վաղվա տնտեսական դիմագծում:
-Բանկի ընթացիկ գործունեությունը կառավարող մարմնի առջև հավակնոտ բիզնես նպատակներ են դրվել, իսկ զարգացման տեմպը խիստ է սահմանվել։
Մեր ընտանիքը շարունակում է առաջ շարժվել, նոր թիրախներ սահմանել, նոր աշխատատեղեր ստեղծել՝ հույսով, որ Հայաստանում երկարատև կայունություն և խաղաղություն կլինի:
Տնտեսությունը կենդանի օրգանիզմ է. այն արձագանքում է յուրաքանչյուր փոփոխության: Այսօր տնտեսական միջավայրը խիստ փոփոխական է ամբողջ աշխարհում, ինչը մեզնից հավելյալ ճկունություն է պահանջում: Մենք փորձում ենք մեր բազմամյա փորձով, աշխատասիրությամբ և որ ամենակարևորն է՝ հոգի ու ջանք դնելով, ապահովել մեր բիզնեսի կայունությունն ու առաջընթացը:
Բնականաբար, բոլոր բիզնեսներում էլ խնդիրներ լինում են՝ անկախ ոլորտից կամ մասշտաբից: Ես իմ փորձառությամբ համոզված եմ, որ ցանկացած խնդիր ունի քաղաքակիրթ լուծում: Ինչպես հայրս էր հաճախ ասում՝ մարդկանց հետ պետք է «կռվել խելքով»: Մենք պատասխանատու ենք մեր ունեցած հանրային վստահության համար:
Մեր խնդիրը երբեք միայն սեփական բիզնեսների առաջխաղացումը կամ մեր ընտանիքի բարօրությունը չի եղել: Մեր նպատակը երկրում տնտեսական աճի շարժիչ ուժ լինելն է, և ես հպարտ եմ, որ գործարարությամբ շարունակում ենք մեր երկրում լինել խոշոր հարկատու՝ ստեղծելով նոր արժեք, նոր աշխատատեղեր և նոր հնարավորություններ։ Սա է շարունակում լինել մեր տեսլականն առաջիկա տարիների համար:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր