Իրանի դեմ կռվողներին այնպես կոչնչացնենք, որ 100 տարով հետ կշպրտվեն

Իրանի դեմ կռվողներին այնպես կոչնչացնենք, որ 100 տարով հետ կշպրտվեն

Sat, 21 Mar 2026 19:15:53 +0400


«Հրապարակի» զրուցակիցը իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հոսսեյնին է:

-Ալի Լարիջանիի սպանությունից հետո դիսկուրսներում շեշտվում էր այն հանգամանքը, որ նրա մահով շատ լուրջ հարված է ստանում Իրանի դիմադրողականությունը և որ նա այն միակ մարդն էր, ում միջոցով ԱՄՆ-ն կարող էր բանակցել Իրանի հետ՝ պատերազմը դադարեցնելու համար։

-Նախ նշեմ, որ Լարիջանին այդ լիազորությունը չուներ՝ պատերազմը շարունակելու կամ կանգնեցնելու, դա հոգևոր առաջնորդի լիազորությունների մեջ է մտնում, հոգևոր առաջնորդն է գերագույն հրամանատարը: Ալի Լարիջանին շատ կարևոր և ազդեցիկ քաղաքական գործիչ է եղել, տարիներ շարունակ մեծ ներդրում է ունեցել Իրանի պետականաշինության մեջ և մեծ փորձ է ունեցել, և շատ փորձառու դիվանագետ էր: Իր կորուստն Իրանի համար, իհարկե, անդառնալի է: Սակայն, Իրանի քաղաքական համակարգը այնպիսի կառուցվածք ունի, որ անձերի հետ այնքան էլ կապված չի, այն մեխանիզմներ ունի իր բնական հունը շարունակելու։ Յուրաքանչյուր ռազմաքաղաքական պաշտոնյայի համար երեքից յոթ փոխարինող է նշանակվել, իհարկե այդ անձինք էլ, որ զբաղվում են շատ կարևոր ու ազդեցիկ են եղել, և Իրանը թուլացնում է նրանց կորուստը, սակայն այնքան չի թուլացնում, որ դա հանգեցնի համակարգի փլուզման: Համակարգը նորմալ աշխատում է և մենք հետևում ենք պատերազմի ընթացքին, սա գոյության պատերազմ և պայքար է մեզ համար և իհարկե Իրանը թե մարդկային, թե ռազմական, թե ֆինանսական մեծ կորուստներ է կրում, բայց զուգահեռ Իրանը հասցնում է մեծ վնասներ հակառակորդներին, ու իրենք մեծ կորուստներ ու վնասներ են կրում այս պատերազմում:

-Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն տեղյակ չի եղել, որ Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի գազի վերամշակման ամենամեծ օբյեկտին: Ընդհանուր առմամբ, Թրամփի այս հայտարարությունները ինչի՞ մասին են՝ մեղքը փորձում է բարդել Իսրայելի վրա, թե՞ պատերազմից դուրս գալու ելքեր է փնտրում:

-Չեմ կարծում, թե Միացյալ Նահանգները տեղյակ չի եղել այդ հարվածից, բայց ամեն դեպքում պատասխանատվությունը գցում է Իսրայելի վրա, որպեսզի, ըստ իրավիճակի, կարողանա կողմնորոշվել: Իրանը շատ արագ արձագանքեց և հարվածեց բոլոր դաշնակիցների նավթավերամշակման գործարաններին ու համարժեք պատասխան տվեց, չնայած կարող ենք ասել, որ էլ ավելի ուժեղ պատասխան տվեց, որպեսզի զսպի նման հարձակումները Իրանի ենթակառուցվածքների վրա։ Իրանն ի վիճակի է նույն մակարդակով և ավելի ուժեղ հարվածներ հասցնել հակառակորդներին, այս քայլերով Իրանը բարձրացնում է պատերազմի գինը և բարձրացնում է Իրանի վրա ցանկացած հարձակման գինը և դրա արդյունքը Թրամփի հետքայլ անելն էր, ու հայտարարելը, որ այլևս չեն հարձակվի Հարավային Պարսիի գազային համալիրի վրա և դա ցույց է տալիս, որ իրանական զսպող ուժը շատ ճիշտ և լավ աշխատում է, կարողանում է համարժեք պատասխան տալ ցանկացած հարձակումից: Իրանը «ակն ընդ ական» ռազմական դոկտրինն է որդեգրել, ինչ մակարդակի վնաս հասցնեն Իրանին, Իրանն էլ նման մակարդակով պատասխանում է: Իհարկե, Միացյալ Նահանգները հիմա այնպիսի իրավիճակում են, որ փնտրում են պատուհան՝ պատերազմից դուրս գալու համար, որովհետև ինչքան գնում, այնքան երկարում է պատերազմը, ավելի մեծ կորուստներ է ունենում, Միացյալ Նահանգների ռազմաբազաները տարածաշրջանում կամ ոչնչացված են, կամ մեծ վնասներ են կրել: Բացի ռազմական կորուստներից, Միացյալ Նահանգները կրում են միլիարդավոր դոլարների կորուստներ, այդ ռազմաբազաները, որ տարիներ շարունակ այս ամբողջ տարածաշրջանում կառուցել են այդ թանկարժեք ռադարները, ՀՕՊ-եր, հսկայական ենթակառուցվածքները որ սարքել էին, լուրջ վնասներ են ստացել պատերազմի ընթացքում, ընդհանուր կորուստը հարյուրավոր, միլիարդավոր դոլարներ են: Թե աշխարհի երկրներից, թե ԱՄՆ-ի ներսում մեծ ճնշում կա ԱՄՆ ղեկավարության վրա, որովհետև այս պատերազմը շարունակելով՝ նավթի, գազի գինը բարձրացնելով ամբողջ աշխարհի տնտեսությունը վնասվում է: ԱՄՆ-ն ամեն դեպքում ուզում է ամեն ինչ անել, որ ինչ-որ չափով հաղթանակ արձանագրի, որ կարողանա իր հասարակության և աշխարհի հանրության վրա վաճառի և կարողանա հաղթանակ կերտել: Մինչև հիմա այնպիսի պայմաններ չեն ստեղծվել իր համար, որ իր համար հայուր տոկոսով հաղթանակ ներկայացնի: Բացի այդ, հաղթանակը հարաբերական է այս պահին, իհարկե կարողացել են մեծ վնասներ հասցնել Իրանին, բայց Իրանն էլ կարողացել է մեծ վնասներ հասցնել իրենց, նաև Հորմուզի նեղուցն է փակել: Իրենք առաջին օրից հայտարարում էին, որ Իրանը պիտի հանձնվի, որ պետք է իշխանափոխություն, հեղաշրջում լինի, հիմա իրենց հաղթանակի նշաձողն իջեցրել են, նպատակները, որ հետո կարողանան ասել, որ իրենք հաղթեցին: Թրամփը պարբերաբար նշել է, որ հարյուր տոկոսով ոչնչացրել է իրանական ռազմական ուժերը, սակայն օրերն անցնում են և մենք տեսնում ենք, որ Իրանը ուժեղ հարվածներ է հասցնում թե իրենց դիրքերին, թե իրենց հակառակորդներին, և ցույց է տալիս, որ իրանական ուժերը շարունակում են և թուլացման կամ փլուզման ոչ մի ազդանշան չկա Իրանի պետական և ռազմական համակարգերում, և ամեն ինչը նորմալ աշխատում է: Հենց դա է, որ ԱՄՆ-ն այն վիճակում չի, որ ասի հարյուր տոկոսով հաղթել է, տեսնում եք, որ եվրոպական պետություններն ու ՆԱՏՕ-ն հրաժարվում են մասնակցել այս պատերազմին, որովհետև իրենց հաշվարկները ցույց են տալիս, որ այս սպատերազմն իրենց լավ տեղ չի տանի: Այս պահին պատերազմի շարունակությամբ միակ շահագրգիռ կողմը Իսրայելն է, բայց Միացյալ Նահանգները միայն դուրս գալու ճանապարհն է փնտրում:

-Էր Ռիադում արտգործնախարարների հանդիպմանը ներկա էին նաև Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարները ու կոչ էին արել Իրանին՝ դադարեցնել հարվածները: Սա նշանակում է, որ նոր երկրներ կներքաշվե՞ն պատերազմի մեջ:

-Պատերազմը հիմա էլ տարածաշրջանային պատերազմ է: Այդ արաբական պետությունները առաջին օրվանից մասնակից են այդ պատերազմում, իրենք իրենց լոգիստիկ հնարավորությունները տրամադրել են Միացյալ Նահանգներին և աջակցել են, որ իրենց օդային ու ցամաքային տարածքները օգտագործեն Իրանի դեմ: Ի սկզբանե իրենք մասնակից են եղել Իրանի դեմ պատերազմին, Իրանը չի սկսել պատերազմը, Իրանը պաշտպանվում է, պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և իրենց այդ հայտարարությունը ուղղված է հենց իրենց: Եթե իրենք փորձեն մասնակցել և ուղղակի հարձակումներ անեն Իրանի դեմ՝ իրենք շատ կորցնելու բաներ ունեն: Արաբական պետություններն իրենց տնտեսության մեծ մասը ներմուծման վրա են, իրենք շատ բան չեն արտադրում, և ներմուծումների դիմաց նավթով ու գազով են վճարում, և Իրանը շատ հեշտ կարող է իրենց հարստությունները՝ նավթային և գազային ռեսուրսները վնասազերծի, որ իրենք եկամուտ չունենան: Իրենց եկամուտները տուրիզմից են, ներդրումներն են և նավթն ու գազը և Իրանը հեշտությամբ կարող է իրենց ռեսուրսները ոչնչացնել և իրենք հետ գնան հիսուն, հարյուր տարով: Այդ երկրները շատ ռեսուրսներ չունեն և ապակյա պատուհանների հետևում նստած են ու քար են նետում Իրանի դեմ և պետք է իմանան, որ շատ թույլ են: Անգամ միլիարդավոր դոլարներ ծախսելով և ամենավերջին զենքերը գնելով Միացյալ Նահանգներից, չեն կարողացել իրենց համար անվտանգություն ապահովել և եթե ուղղակի մասնակցություն ունենան այդ պատերազմին, շատ ուժեղ վնասներ կկրեն և շատ մեծ կորուստներ կունենան:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի դեմ պատերազմը «հարվածում» է Դուբայի «գրպանին»․ տվյալներ

Իրանի դեմ պատերազմը «հարվածում» է Դուբայի «գրպանին»․ տվյալներ Sat, 21 Mar 2026 15:00:35 +0400 Դուբայի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով