Ինչ որ շատ բան չե՞ք վերցնում ձեր վրա
Fri, 27 Mar 2026 21:11:57 +0400

Ուրեմն, զավեշտն այն աստիճանի է հասել, որ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ փակ հանդիպում է ունենում եւ առաջարկում` 10 կետից կազմված ցանկ ներկայացնել, թե ինչպես կուզենայիք, որ իշխանությունը հարաբերվի մամուլի հետ, որ հարցերում վերանայենք մեր պահվածքն ու մոտեցումները, որ համագործակցություն ծավալվի իշխանություն-ԶԼՄ-ներ տիրույթում: Իսկ իրենց խոսող գլուխներից մեկը` Ռուբեն Ռուբինյանը դրանից քիչ առաջ ու դրանից հետո հարձակվում է «Հրապարակի» լրագրողի վրա, ֆինանսական հաշվետվություն պահանջում, հետո եթեր մտնում` ինձ անդրադառնալով (ի դեպ, էնքան ֆեյքերով կեղծ լայքերով իրենց լսարան են ապահովում, 4 ժամ հետո եմ իմացել դրա անդրադարձի մասին):
Ինքն, իհարկե, էդքան չկա, որ իրեն անդրադառնամ ու չէի էլ անդրադառնա եթե մեր լրագրողին հրապարակավ նեղած չլիներ: Եւ իր տխմար հարցը, որ պարբերաբար տալիս է ՔՊ-ին քննադատող լրագրողներին` ով է ձեզ ֆինանսավորում, թութակի պես պարբերաբար կրկնելուց չլինի եւ որոշ միամիտ մարդկանց մոտ տպավորություն չթողնի, թե` մենք ինչ որ բան ունենք թաքցնելու:
Դրա հիստերիայի պատճառն, իհարկել, այսօրվա հոդվածս է, որով անդրադարձել եմ դրան (լինքը կդնեմ` կարդացեք): Ուղղակի ուզում եմ ասել, որ էս հիստերիան, սպառնալիքները, թե` կտեսնեք ինչ է լինելու հունիսի 7-ից հետո, ընդամենը ներշնչելու իմաստ ունի եւ դատարկ պոռոտախոսություն է, ուշադրություն չդարձնեք: Իսկ կրտսեր Ռուբինյանն առհասարակ, որոշել է, հաթաթաներ տալ, թե` վերընտրվելուց հետո մեր, այսինքն` «Հրապարակի» եւ ճշմարտությունն իրենց երեսին ասողների վիճակը «վատ» է լինելու: Այ երիտասարդ, քեզ նման հազարներն են եկել ու անցել` մամուլը մնացել է ու գործել է անգամ ամենաբռնապետական երկրներում, դու ով ես, դուք ով եք, որ 2026 թվականին մամուլ ոչնչացնեք Հայաստանի Հանրապետությունում: Ինչ որ շատ բան չե՞ք վերցնում ձեր վրա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր