Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին` սննդակարգի նոր առաջարկներով
Sat, 28 Mar 2026 19:15:31 +0400

Գիտեմ՝ այս նամակն էլ «առ եք համարելու», ինչպես «առ եք համարել» հազարավոր ողջամիտ մարդկանց զգուշացումները՝ «Նիկոլ, կանգ առ»: Մեր իմաստուն Տեր, գիշեր-ցերեկ խորհում եմ Ձեր դեռեւս չօգտագործված հնարավորությունների մասին։ Դուք, իհարկե, ունեք պրպտուն միտք եւ անսպառ եռանդ, բայց բաներ կան, որ հազիվ թե մտքովդ անցած լինի։ Ականջ արա՝ ասեմ։ Ուղիղ ճանապարհներ կան, որ տանում են դեպի այն գագաթը, որին արդեն սովոր ես, բայց որից անդին անհատակ անդունդն է…
Երկար եմ մտածել՝ ինչ է պակասում Ձեր արդեն գրեթե հավերժ կառավարմանը։ Եվ գտել եմ։ Մի բան կա, որ չեք արել, բայց պետք է անպայման անեք։ Մինչեւ վերջ կարդացեք գիրս։ Գլխավորը վերջում է։ Սկսեմ ամենապարզից։ Ձեր ուրախ ավտոբուսում սեղանը թերի է` կերուխումի ցանկը առաջարկում եմ լրացնես կարեւոր բաղադրիչով` արեւածաղկի սերմեր` սեմուշկա։ Պեռաշկի, կուկուռուզ, սուջուխ, կարտոլ շարքի հաջորդը սեմուշկա չրթելն է։ Չրթել, թքել գետնին։ Թող ժողովուրդը տեսնի, թե ինչ հանգստությամբ եք չրթում-թքում։ Ի՜նչ վստահությամբ։ Եվ կհասկանա՝ սրանք հասարակ տղաներ չեն, սրանց դեմ խաղ չկա։ Մարդիկ կմտածեն՝ «Սրանք մարդիկ են, որոնք չեն թաքցնում իրենց ուժն ու հունարը», հետն էլ մեր պես սեմուշկա են չրթում։ Չրթեք ու կլեպը պարտադիր թքեք։ Թող պատկերն ամբողջական լինի։ Բայց սեմուշկան ներքին սպառման համար է, այ, միջազգային հանրությանն ուղղված սննդատեսակների առումով առաջարկում եմ խոզի տոտոխը։ Այ թե նորություն կլինի։ Խոզի տոտոխն արդեն քաղաքական հայտարարություն է։ Բաց, կոպիտ, անթաքույց, համարձակ, որ անչափ սազում է Ձեր բնույթին։ Դուք ասում եք՝ «ես ինքնիշխան եմ ու խաղաղություն եմ բերել»։ Եվ Ալիեւը, գերտերությունների ղեկավարները նայում են, թե ինչպես եք խոզի տոտոխ ոչնչացնում։ Հանգիստ։ Հաճույքով։ Ցուցադրաբար։ Ու հասկանում են՝ այս մարդը վախ չունի ոչնչից։ Ո՛չ հավատքի, ո՛չ ավանդույթի հետ կապված ոչ մի խնդիր: Ալիեւը կարո՞ղ է տեսախցիկների առաջ խոզի տոտոխ ուտել, իհարկե` ոչ: Հաջորդ մարտահրավերը` պատվիրեք խոզի խանձած գլուխ կամ տավարի քյալլա ու բոլորի առաջ վայելեք` քաղաքական թատրոնը կհասնի իր գագաթնակետին։ Վարչապետ, կառավարության գլուխ, խոզի տոտոխ, տավարի գլուխ։ Ոչ միայն սնունդ կլլել կլինի դա, այլեւ քաղաքական ուժեղ ուղերձ։ Ալիեւը կտեսնի, թե ինչպես է Հայաստանի վարչապետը խոզի ոտ ու տավարի գլուխ ծամում եւ այլեւս երբեք չի համարձակվի նույն սեղանի մոտ նստել նրա հետ։ Չի կարող։ Չի նստի։ Կընդունի իր պարտությունը` ոչ թե պատերազմում, այլ՝ սեղանի շուրջ։ Դուք ուտում եք այն, ինչին ինքը չի դիպչում։ Դուք անցնում եք այն սահմանը, որն ինքը չի անցնի։ Սա է ձեր «հաղթանակը»։ Թող վախենա։ Իսկ Դուք շարունակեք ուտելը։ Վերջ, խփեցիք տասին:
Մի փոքր գործնական դիտարկում էլ։ Ձեր ավտոբուսում անձեռոցիկ չկա։ Ձեռքերն ինչո՞վ եք սրբում։ Ժողովուրդը տեսնում է՝ դուք ուտում եք, յուղը հոսում է։ Գուցե հենց դա է ձեր կառավարման մոդելը։ Հիմա՝ մի այլ հարց։ Ձեր գովազդային վահանակները կիսադատարկ են։ Ինչո՞ւ։ Լցրեք։ Դարեհից ինչո՞վ եք պակաս: Նա ժայռի վրա էր գրում, դուք պաստառի վրա գրեք։ Օրինակ՝ «Պարտվեցինք՝ պետություն ունեցանք», «Արցախը թոկ էր վզներիս», «Ինչքան հարկ տալիս եք՝ միայն շահում եք», «Ինչքան պարտվում ենք՝ այնքան հաղթում ենք»: Տիեզերական մտքեր՝ դարերի ծիրում հիշատակելի: Դրանք էլ ձեր «Բիհիսթունյան» ժայռագրությունները կլինեն։
Հիմա՝ ամենակարեւորը։ Դուք ինքներդ եք ասել՝ եթե չընտրվեք, պատերազմ է լինելու։ Այսինքն՝ Դուք եք խաղաղությունը։ Դուք եք պատերազմը։ Դուք եք պետությունը։ Դուք եք սահմանադրությունը, օրենքը, դրոշը, հիմնը։ Ամենը։ Այս դեպքում՝ ինչո՞ւ ընտրություններ։ Ինչո՞ւ նման ձեւականություններ։ Ինչո՞ւ ավելորդ թատրոն: Մեր վսեմափայլ տեր, մի հրաման տուր` կարճ, հատու, սառը, վերջնական. «Հայաստանում այսուհետ ընտրություններ չեն անցկացվելու»։ Վերջ։ Ո՞վ ինչ պիտի ասի։ Ալի՞եւը: Նա արդեն տեսել է խոզի գլուխը։ Պուտի՞նը` ղալաթ կանի: Իսկ Ձեր հավատացյալ զանգվածը շռնդալից կծափահարի։ Մյուսնե՞րը: Թքած։ Թող խոսեն: Սեմուշկա է։ Չրթեք՝ էթա…
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր