Դառնանք զօղորմին տի տանք մեր պատմաբանների անցավորներին

Դառնանք զօղորմին տի տանք մեր պատմաբանների անցավորներին

Fri, 03 Apr 2026 17:15:12 +0400


Այսօր մենք պետք է դառնանք ու շնորհակալություն հայտնենք գիտնական Էդիտա Գզոյանին, դառնանք զօղորմին տի տանք նրա անցավորներին, քանի որ գիտնականը, համենայնդեպս, հասցրեց Ջեյ Դի Վենսին նվիրել գիրք, որը հիմնված էր ԱՄՆ մամուլի նյութերի վրա եւ անդրադառնում էր հայերի նկատմամբ կիրառված բռնություններին ու ջարդերին Կովկասում, 1905-1921 թվականներին։ Այդ թվերին հայերը ենթարկվել են ջարդերի ադրբեջանցիների կողմից, եւ այդ ցեղասպանական գործողությունների ծավալն այնպիսին էր, որ դա արձագանք է գտել ամերիկյան մամուլում։

Այդ գիրքը հայերի կողմից ներկայացվող փաստերի ժողովածու չէ. սա այն նյութերի հավաքածուն է, որոնք հրապարակվել են ԱՄՆ մամուլում, ամենայն հավանականությամբ, ամերիկյան փաստահավաքների, լրագրողների եւ պատմաբանների կողմից՝ ամերիկյան դիվանագետների տեսածի ու պատմածի հիման վրա, եւ դառնանք զօղորմի տի տանք բոլոր նրանց նախնիներին։ Այսպիսով, խոսքը ոչ թե «Արցախի վերաբերյալ գրքի» մասին է, այլ պատմավավերագրական նյութերի ժողովածուի, որտեղ օգտագործվել են հենց ամերիկյան մամուլի արձագանքները։

Սա կարեւոր է, քանի որ այդ գիրքը կապում է անցյալ դարասկզբի պատմական իրադարձությունները՝ ժամանակակից Արցախի հարցի հետ, եւ դրանք ներկայացնում է անկախ ամերիկյան աղբյուրների միջոցով, ինչը նշանակում է օբյեկտիվ տեսանկյուն եւ վավերագրական հիմք։ Ահա՝ այս ժողովածուն նվիրելը Փաշինյանը գնահատեց որպես «սադրիչ քայլ» եւ պահանջեց դիմում գրել գիտնական տնօրենին։ Մինչդեռ, եթե չլիներ այս ժողովածուն, ապա այսօր շատ ավելի հեշտ կլիներ ադրբեջանցիների համար՝ ներկայացնել, թե այդ նույն թվերին հայերն են ադրբեջանցիներին ցեղասպանության ենթարկել, ոչ հակառակը՝ ոչ ավելի եւ ոչ պակաս։
Եվ դառնանք զօղորմին տի տանք բոլոր հայ պատմաբանների անցավորներին։ Հայ պատմաբան գիտնականների հետեւողական եւ բազմակողմանի աշխատանքի շնորհիվ է, որ այսօր կա այդ ժողովածուն, եւ այսքան պատեհ պահին այն հայտնվել է ամերիկյան պաշտոնյայի ձեռքում՝ մի քայլ առաջ պատմությունը կեղծողների գործողություններից։ Գիրքը Գզոյանը նվիրել է Վենսին փետրվարի 10-ին, իսկ մարտի 31-ին Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիեւան հերթական հայտարարությունն է տարածել «Ադրբեջանցիների ցեղասպանության օրվա» կապակցությամբ։ Այս հայտարարությամբ պնդում է, թե հայերն իրականացրել են «ցեղասպանություն», «էթնիկ զտում» եւ զանգվածային բռնություններ իրենց նկատմամբ, հատկապես 1918-1920 թվականներին։
Այս ձեւակերպումները, իհարկե, նոր չեն. դրանք արդեն տասնամյակներ ներգրավված են Ադրբեջանի պետական պատմագրության եւ պետական նարատիվի շրջանակներում՝ ծառայելով քաղաքական շահերին եւ պատմության շարունակական կեղծման նպատակներին։ Իսկ ի՞նչ է բխում հայկական շահից, երբ օգնում են թշնամուն՝ պատմությունը ներկայացնել գլխիվայր եւ ի վնաս հայ ժողովրդի։
Թե բա․ «Երբ երկրի վարչապետը հայտարարում է, որ Ղարաբաղյան շարժում չկա, ի՞նչ է նշանակում օտարերկրյա հյուրին Արցախի թեմայով գիրք նվիրելը։ Այս երկրում քանի՞ հոգի կարող է արտաքին քաղաքականություն վարել»։ Նեղսրտում է Փաշինյանը՝ այն, ինչ ինքը վարում է, անվանելով արտաքին քաղաքականություն։

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը քաղաքականություն վարող չէ, նա գիտնական է, որը գործ ունի անցյալի հետ, իսկ անցյալի անցքերն այլեւս փակել հնարավոր չէ, ինչ եղել՝ եղել է։ Փաշինյանն այսօր վարում է այն քաղաքականությունը, որ պատմական անցքերը մոռացության է տալիս։ Ջայլամի նման գլուխը թաքցրած ավազի մեջ, նա չի տեսնում, որ վտանգի տակ է հայտնվել պոչը. այն ամենը, ինչ ինքը թաքցնում ու մոռանում է, թշնամին հավաքում է եւ խնամքով փաթեթավորում՝ որպես իր հետ կատարված փաստ։

Փաշինյանը կարծում է, թե իրեն կհաջողվի այս կեղծ, միակողմանի բարեկամության հիմքով, ավազի վրա կառուցել խաղաղության ամրոց։ Բայց կյանքն այդպիսին չէ։ Դրանով էլ որեւէ քաղաքականություն մշակելն ու վարելը բարդ է, որովհետեւ մեկ անձի ինքնախաբեության, ֆանտազիաների եւ երեւակայության վրա հենվել չի կարող։ Չեն կարող մեկ մարդու վախերն ու անհիմն հույսերն ամբողջանալ՝ դառնալով քաղաքականություն եւ պարտադրվել ներսից՝ իր հայրենակիցներին, որոնք դրան համաձայն չեն, եւ պարտադրվել դրսին՝ թշնամիներին, որոնք զարմանալիորեն նույնպես դրան համաձայն չեն։

Եվ ահա, սա է այն, ինչ ունենք այս պահին փաշինյանական իրական Հայաստանում. մինչ այստեղ սահմանափակվում է պատմական փաստերի ներկայացումը, նույն ժամանակ Ադրբեջանում պետական մակարդակով ակտիվորեն կառուցվում է հակահայկական նարատիվը՝ նույն փաստերը գլխիվայր շուռ տված ներկայացնելով աշխարհին։ Ինչո՞ւ դա չեն նկատում Փաշինյանն ու իր քաղաքական թիմը։ Թերեւս այս հարցերը միայն հռետորական են, իրականում՝ ամեն նորմալ տրամաբանող մարդու համար հասկանալի է, թե ինչու։
Եվ, ուրեմն, դառնանք զօղորմին տի տանք բոլոր այն հայերի նախնիներին, որոնք պայքարել են հանուն պատմական արդարության եւ մեզ փոխանցել հայի արժանապատվությունը, հայի հիշողությունը։ Բայց եթե անգամ խայտառակ պատերազմից ու ամոթալի պարտությունից հետո հայի արժանապատվությունն ընկճված է ու վիրավոր, միեւնույն է, գոնե անցած դարի սկզբներին ամերիկյան մամուլում հրապարակված փաստերը մեզ թույլ չեն տա մոռանալ իրականությունը, մերժել ողջախոհությունն ու ընդունել պարտվողական քաղաքականությունը՝ որպես խաղաղության հաղթանակ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը հիբրիդային պատերազմ է տանում հայ ժողովրդի դեմ

Փաշինյանը հիբրիդային պատերազմ է տանում հայ ժողովրդի դեմ Fri, 03 Apr 2026 13:48:22 +0400 Գլխավոր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով