Հինգշաբթի , 7 Մայիսի 2026

Օգնել չեն կարող, բայց վնասել արդեն սկսել են

Օգնել չեն կարող, բայց վնասել արդեն սկսել են

Thu, 07 May 2026 18:15:57 +0400


Նիկոլ Փաշինյանը, որի պաշտոնավարմանը՝ որպես վարչապետ, ուղիղ մեկ ամիս է մնացել, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ստորագրել է Հայաստանի Հանրապետության եւ Ֆրանսիայի Հանրապետության միջեւ ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագիր: Չնայած փաստաթղթի մեծ ծավալին, այն դատարկ է, որեւէ կոնկրետ գործողություն դրանով նախատեսված չէ, կողմերը ոչ մի ոլորտում որեւէ իրական պարտավորություն իրենց վրա չեն վերցնում` լինի դա անվտանգություն, տնտեսություն, թե միգրացիա:

Ֆրանսիան եւ Եվրամիությունը փորձում են Հայաստանը միացնել իրենց ստեղծած հակառուսական դաշինքին: Արդեն 4 տարուց ավելի Եվրամիությունն Ուկրաինայի տարածքում եւ ուկրաինացիների կյանքի գնով պատերազմում է Ռուսաստանի դեմ: Հիմա փորձում է ընդլայնել հակառուսական կոալիցիան եւ դրա մեջ ներգրավել առավել մեծ թվով երկրների: Հայաստանի գործող իշխանությունը, որին ընդամենը մեկ ամսվա կյանք է մնացել, կարծես դեմ չէ դրան, Փաշինյանը համաձայն է ԵՄ ներկայացուցիչների եւ Ուկրաինայի նախագահի հակառուսական հայտարարություններին, համաձայն չլիներ՝ դրանք Երեւանում չէին հնչի: Բայց երբ մի երկիր մտնում է որեւէ ռազմական կոալիցիայի մեջ՝ ստանձնելով որոշակի պարտավորություններ` կոալիցիայի մյուս անդամների հետ կողք-կողքի կռվել ընդհանուր թշնամու դեմ, ստանում է նաեւ երաշխիքներ, որ կոալիցիայի անդամներն էլ իրեն կօգնեն, եթե ինքը հարձակման ենթարկվի որեւէ այլ երկրի, առավել եւս՝ այն երկրի կողմից, որի դեմ իրենք կռվում են: Պարզ ասած, եթե Հայաստանի իշխանությունը համաձայնում է Եվրոպայի հետ կռվել Ռուսաստանի դեմ, ապա պետք է երաշխիք ստանա, որ Հայաստանի դեմ Ռուսաստանի հարձակման դեպքում կարող է ակնկալել, որ այդ նույն եվրոպացիները կօգնեն Հայաստանին՝ պաշտպանվելու: Ո՛չ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված փաստաթուղթը, ո՛չ առավել եւս Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հաստատման փաստաթուղթը որեւէ նման երաշխիք չեն տալիս, որեւէ պարտավորություն չեն ստանձում՝ օգնելու Հայաստանին՝ ապահովելու իր արտաքին անվտանգությունը: Ի դեպ, Ալիեւի հայտնի ելույթը եւս այդ մասին էր, նա Եվրոպայի առաջնորդներին ասում էր, որ դուք դատարկ փուչիկներ եք, եւ ձեր կազմակերպած երեւանյան միջոցառումն էլ է փուչիկ, դուք Հայաստանին ոչինչ չեք կարող խոստանալ եւ ոչինչ չեք կարող ապահովել, եթե Ադրբեջանը որոշի Հայաստանի դեմ պատերազմ սկսել, դուք բացի հայտարարություն անելուց ոչնչով չեք կարող ազդել ինձ վրա, իսկ ձեր հայտարարությունները որեւէ արժեք չունեն:

Եվրամիությունը եւ Ֆրանսիան՝ մասնավորապես, չեն կարող ոչ միայն ռազմական կամ, այսպես կոչված, անվտանգային փոխհատուցում առաջարկել Հայաստանին, այլեւ նույնիսկ՝ տնտեսական եւ հատկապես՝ էներգետիկ: Հայաստանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին, եւ որպես դրա արդյունք՝ Ռուսաստանը կարող է Հայաստանին ենթարկել տնտեսական պատժամիջոցների, որի առաջին նշաններն արդեն ակնհայտ են․ Հայաստանում ռուսական հեղուկ գազի գինը գրեթե կրկնապատկվել է, ու դրա ծանրությունը զգում են քաղաքացիները եւ ոչ թե իշխանության փոքր խմբակը, որը դրանից միայն օգտվում է: Բայց Ռուսաստանն ունի Հայաստանի տնտեսության վրա ազդելու ավելի լուրջ լծակներ, որոնք դեռ գործի չեն դրվել եւ կարող են կիրառվել ընտրություններում Փաշինյանի կողմից իշխանությունը հերթական անգամ բռնազավթելու դեպքում: Ի՞նչ է առաջարկում Ֆրանսիան կամ ԵՄ-ն այդ դեպքում, ինչո՞վ կարող է Եվրոպան փոխհատուցել Հայաստանի տնտեսական կորուստները: Իհարկե, ոչնչով, որովհետեւ ԵՄ-ն՝ ինքը, էներգետիկ ճգնաժամի մեջ է եւ չգիտի, թե ինչպես կամ ինչով պետք է փոխհատուցի Պարսից ծոցի երկրներից ստացվող գազի ու նավթի պակասուրդը:

Մինչ Հայաստանում ընթանում էր Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ընթանում էր Մոլդովա-ԵՄ բարձր մակարդակի 7-րդ էներգետիկ երկխոսությունը: Այդ միջոցառման շրջանակներում ելույթ ունենալով ՝ԵՄ էներգետիկայի եւ բնակարանային շինարարության հարցերով հանձնակատար Դեն Յորգենսենն ասել է. «Աշխարհը բախվում է իր պատմության մեջ, հավանաբար, ամենալուրջ էներգետիկ ճգնաժամին, որը փորձության է ենթարկում մեր տնտեսությունների, մեր հասարակությունների եւ մեր գործընկերային հարաբերությունների դիմակայունությունը»:

Եթե որեւէ մեկը չգիտի, ասենք, որ Մոլդովան Հայաստանի նման եւ նույնիսկ ավելի աղքատ մի երկիր է, որը դժբախտություն ունեցավ հավատալու ԵՄ-ի հետ համագործակցության դեպքում զարգանալու եւ բարգավաճելու խոստումներին, դարձավ ԵՄ անդամի թեկնածու, ստացավ վիզաների ազատականացում եւ դրա փոխարեն զրկվեց իր գյուղատնտեսության համար այդքան կարեւոր ռուսական շուկայից եւ ամենակարեւորը՝ ռուսական էժան գազից: Հիմա Մոլդովայում ոչ միայն էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ են, այլ նաեւ՝ գազի, իրենց հողերը մշակելու փոխարեն մոլդովացիները ստիպված են բատրակություն անել ԵՄ անդամ հարեւան երկրներում։ Այդ երկիրը կորցրել է իր բնակչության 20 տոկոսին, եւ դա՝ դեռ պաշտոնական վիճակագրությամբ: Եվ ի՞նչ է ասում ԵՄ հանձնակատար Յորգեսենը ցրտի ու խավարի մեջ խարխափող մոլդովացիներին, ասում է` դե, ձեզ վատ մի զգացեք եւ բողոքեք` ամբողջ աշխարհում է էներգետիկ ճգնաժամ, եւ ամենակարեւորը՝ դրանում մեզ մի մեղադրեք, մեր հարաբերությունները պետք է դիմանան այս փորձությանը:

Սա ասում եմ՝ հասկանալու համար, թե ինչ են ասելու կամ առաջարկելու ԵՄ չինովնիկները, երբ նույնատիպ խնդիրների բախվի Հայաստանը: Ես չգիտեմ՝ աշխարհում ինչպես, բայց Հայաստանում էներգետիկ ճգնաժամ չկա, այն էլ՝ այնպիսին, որ անվանեք պատմության մեջ ամենալուրջը, բայց դրա հավանականությունն իսկապես կա, ԵՄ-ն իրոք կարող է կազմակերպել՝ օգտվելով Հայաստանի գործող վարչախմբի անհեռատես ու հակապետական քաղաքականությունից: Միակ մխիթարանքը մնացել է այն, որ այդ ռեժիմի գոյությանն ընդամենը մեկ ամիս է մնացել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ

100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ Thu, 07 May 2026 17:41:04 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով