Ով է կանգնած Փաշինյանի սպառնալիքների հետևում
Tue, 19 May 2026 22:45:40 +0400

Մայիսի 18-ին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որում նշվում էր. «քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ վարչապետի նկատմամբ սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութի վերաբերյալ»։
Կարծում եմ, կասկածից վեր է, որ բեմականացված տեսանյութի և ՔԿ-ի արձագանքի ուղիղ կապը տանում է դեպի ՔՊ, իսկ դրա գեներացման պատճառը ոչ թե Փաշինյանի վախերն են սեփական կյանքի համար, այլ վախերն առհասարակ մոտալուտ պարտությունից և իր անորոշ ապագայից։
Ակնհայտ է, որ հիշատակված տեսանյութը գործող բռնապետական ու իրականում ժողովրդի, պետության դեմ քաղաքական տևական ահաբեկումներ իրականացնող ռեժիմի և հատկապես նրա պարագլխի վախերի արտացոլանքն են, հանրությանը մատուցված հերթական արհեստական և շինծու մեղադրանքը։
Ո՞վ է ահաբեկիչը` քաղաքացի՞ն, ով հանդգնում է հակառակ կարծիք ասել այս իշխանություններին, բարձրաձայնում է իր իրավունքների և խնդիրների մասին, քննադատում կամ հակադարձում, թե՞ մեկն, ով խախտելով մարդկային ու պետական բարձր պաշտոնյայի բարեվարքության բոլոր նորմերը, դաստիարակության ու բարոյականության բոլոր սահմանները, ուղիղ սպառնում է արցախցիներին, հայ կանանց, ընդդիմախոսներին, հոխորտում «սատկացնել» և այլն։ Թե՞ մեկն, ով հայտարարում է, մայիսի 28-ից շքերթից հետո ցուցադրված ռազմական տեխնիկան մնալու է Երևանում․ ի՞նչ է սա, եթե ոչ տողատակային սպառնալիք և ահաբեկում՝ բախտորոշ ընտրությունների նախաշեմին։
Հերթական տեսանյութը գալիս է զարգացնելու իշխանական այն նախորդ լկտի թեզը՝ դարձյալ ենթադրյալ ահաբեկչության մասին, որի դառն ու անարդար հետևանքները կրում են հանիրավի բանտարկված սրբազանները, քաղաքական գործիչները, մյուսները։ Մարդիկ, որոնք խոսել են Հայաստանի և Արցախի գոյաբանական սպառնալիքների մասին, պահանջել արդարություն աշխարհից՝ հայերի ու մանավանդ արցախահայերի դեմ ահաբեկչություն, ցեղասպան գործողություն իրականացրած Ադրբեջանի հետ կապված։ Պահանջել իրական արդարադատություն իրական ահաբեկիչների համար։
Բայց հայկական լսարանը գուցե անտեղյակ է կամ գուցե քիչ նշանակություն է տալիս, թե Փաշինյանի սպառնալիքների հետևում ով է կանգնած իբրև հիմնական հեղինակ և ո՞վ է դրանք կանոնավորապես քաջալերում։
Արցախահալած էությամբ, վարքագծով ու թշնամական խոսույթով հայտնի Փաշինյանը, ով հայ կնոջ մեջ անգամ տեսնում է նախկիններին, Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ուղիղ արտահայտում է Ալիևի հայտնի միտքն ու սրտի բաղձանքը, որ 44-օրյա պատերազմում ինքը հաղթել է հենց ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներին։
Մեկ այլ ուշագրավ փաստ․ Փաշինյանի վերջին հոգեխանգարմունքներին, ուժային կառույցների կանխակալ հաղորդագրություններին, հակաժողովրդական ու հակաժողովրդավարական այլ բռնաճշնումներին օրերի տարբերությամբ հաջորդել է մի իրադարձություն․ ՄԱԿ-ում շրջանառության մեջ է դրվել Բաքվի ներկայացրած մի բանաձև, որով փորձ է արվում Հայաստանին մեղադրել վարձկանների ներգրավմամբ ահաբեկչություն իրականացնելու մեջ։ Մասնագետները ճիշտ են նկատել․ ադրբեջանական մամուլը բավականին վարպետացել է հայերեն լեզվով հայատյաց տեսանյութեր պատրաստելու և տարածելու գործում։ Եվս մեկ ապացույց, թե «որտեղ է թաղված շան գլուխը»՝ «ահաբեկչության» մասին փաշինյանական ռեժիմի շինծու թեզերի մասով։
Եվ վերջապես․ հարկ է հաշվի առնել նաև, թե ինչ բծախնդրությամբ ու սրտացավությամբ է ադրբեջանական մամուլը ներկայացնում Փաշինյանի քարոզարշավը, առանձնացնում նրա հակարցախյան հայտարարությունները, իբր` խաղաղասեր կոչերը, նախկին նախագահների ու իր հիմնական ընդդիմախոսների վերաբերյալ թշնամական ու սպառնալից խոսույթը՝ վերջիններիս, ինչպես Նիկոլը, անվանելով «ռևանշիստներ, պատերազմի կողմնակիցներ և այլն»։
Ընտրություններին կես ամսից քիչ ժամանակ է մնացել, իսկ 8-ամյա չարաբաստիկ մղձավանջին վերջ տալու համար պետք է չերկնչել իշխանությունների և անձամբ Փաշինյանի սպառնալիքներից, բռնաճնշումներից։ Պետք է անպայման գնալ ընտրատեղամաս և վճռորոշ գնահատական տալ այս ազգակործան և պետականքանդ ռեժիմին, այդ ամենն անելով ոչ թե հնարածին ահաբեկչի, այլ՝ սեփական արժանապատվության նկատմամբ մաքուր և երկիրը փրկելու «մահապարտի» խղճով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր