Կա բավարար պատճառ, որ ԿԸՀ-ն չեղարկի նրա գրանցումը
Thu, 21 May 2026 13:53:36 +0400

Քաղաքագետ, ԲՀԿ պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը մամուլի ասուլիսի ընթացքում քննադատությամբ է անդրադարձել Նիկոլ Փաշինյանի՝ վերջին հայտնի հայտարարություններին:
Նրա խոսքով՝ վարչապետը վերջին օրերին հրապարակային ձևաչափով կատարել է այնպիսի հայտարարություններ և տվել է այնպիսի հանձնարարականներ, որոնք, ըստ նրա, իրավական լուրջ խնդիրներ են առաջացնում։ Սուրենյանցը պնդել է, որ նման գործողությունները բավարար են, որպեսզի Փաշինյանը ենթարկվի քրեական պատասխանատվության և նույնիսկ ազատազրկման։
Քաղաքագետը նշել է, որ վարչապետի՝ ուղիղ եթերում արված հայտարարություններն ու իրավապահներին ուղղված հանձնարարականները աննախադեպ երևույթ են և հակասում են ժողովրդավարական կառավարման սկզբունքներին։ Նրա խոսքով՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չի կարող հրապարակային կերպով ուղղորդել իրավապահ մարմինների գործողությունները։
Սուրենյանցը նաև պնդել է, որ, ըստ իր գնահատման, ստեղծվել է իրավիճակ, երբ իրավապահ մարմինները գործողություններ են իրականացրել վարչապետի հրապարակային հայտարարությունների հիման վրա, ինչը նա դիտարկել է որպես քաղաքական հետապնդման դրսևորում։
Նա հավելել է, որ նման դեպքերը կրկնվող բնույթ են ստացել վերջին օրերին և նշել է մի շարք օրինակներ՝ պնդելով, որ դրանցից հետո իրավապահ կառույցները արագ արձագանք են տվել։ Սուրենյանցի խոսքով՝ այս իրավիճակը հարցեր է առաջացնում վարչապետի արձակուրդի կարգավիճակի և լիազորությունների իրականացման սահմանների վերաբերյալ։
«Սա նշանակոիմ, որ Նիկոլ Փաշինյանը հիմա արձակուրդի մեջ չի և մենք գործ ունենք կեղծ արձակուրդի հետ և սա բավարար պատճառ է, որ ԿԸՀ-ն չեղարկի նրա գրանցումը։ Դուք որտե՞ղ եք տեսել ժողովրդավար պետություն կամ կիսաաֆտորիտար ռեժիմ, որտեղ ուղիղ եթերում պետության ղեկավարը հրահանգի ինչ-որ մեկի դեմ քրեական հետապնդում սանձազերծեն»,- նշել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր