Երեխային շպրտած ծնողն է նրան ողջ տեսնելուց այլայլվում՝ ինչո՞ւ չմեռար
Thu, 21 May 2026 14:45:01 +0400

Նիկոլ Փաշինյանը, ինքն էր հայտարարում, որ 44- օրյա պատերազմի ժամանակ ինքը գերագույն հրամանատար է եղել։ Գերագույն հրամանատարի առաջնորդությամբ տասնյակ հազարավոր զոհեր ու հաշմանդամներ ենք ունեցել, գերիների մի ողջ խմբաքանակ։ Բնական է, որ ժողովուրդը հարցեր տար հենց գերագույն գլխավոր հրամանատարին․ ինչո՞ւ պատերազմը չկանգնեցվեց այն պահին, երբ դրա մասին ահազանգեր կային։ Ինչո՞ւ այդքան կյանքեր զոհաբերվեցին։ Քո՞նը չէին համարվում ։ Ու դա ասելու համար ժողովուրդը հիմք ուներ։ 44-օրյա պատերազմի օրերին, երբ հարյուրավոր ու հազարավոր ընտանիքներ իրենց որդիներին էին կորցնում, հասարակությունը նաև տեսնում էր, թե ինչպես իշխանության ամենաբարձր մակարդակում սեփական որդու անվտանգությունն է առաջնային դառնում։ Այդ հակադրությունը մարդկանց հիշողությունից չի ջնջվել։ Երբ հազարավոր զինվորներ զոհվում էին, հասարակության մի մասի մեջ տպավորություն էր ձևավորվում, որ շարքայինների կյանքը զոհաբերվող ռեսուրս է, իսկ իշխանության ընտանիքի կյանքը՝ պահպանվող արժեք։ Ու հիմա ստացվում է մի ողբերգական հակադարձում․ պատերազմի պատասխանատուն հարցնում է պատերազմի մասնակցին՝ «Գնայիր զոհվեիր, դու խի ես կենդանի, ռադդ քաշի, համբալ։ Արա՛, ա՛յ ստահակ, բացատրի՝ ինչու չես զոհվել»․ դա հարվածում է ոչ միայն այդ մարդուն, այլ մի ամբողջ հասարակության ցավին։
Մարդիկ պատերազմից հետո իրենց ամենածանր հարցերի պատասխանը սպասում էին պետությունից, գերագույն գլխավոր հրամանատարից։ Սպասում էին լսել՝ «ինչո՞ւ կորցրինք»։ Բայց փոխարենը վերապրածն է ստիպված արդարացնել իր գոյատևումը։
Ժողովուրդը կարծես շփոթվել է․ սովորաբար հրամանատարն է հաշվետվություն տալիս զինվորին ու ժողովրդին, ոչ թե հակառակը։ Բայց ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ զինվորը պիտի բացատրի, թե ինչու է ողջ մնացել։
Նոր չափանիշ է ձևավորվում․ հայրենասիրությունը չափվում է զոհվելու փաստով։ Փաշինյանի համար համար հայրենասիրությունը զինվորների մահվան լռությու՞նն է։ Գոնե նրանց հանգիստ թողներ ու չնսեմացներ։ Ժողովուրդն իրավունք ունի հարցնելու՝ իսկ գերագույն հրամանատարի ռազմավարության պատասխանատվությունը ո՞ւմն էր։ Ո՞վ էիր դու և ինչի համար էիր նշանակված։ Կրե՞լ ես պատասխանատու լինելու պատասխանատվությունը։ Ինչու՞ չկանգնեցրիր պատերազմը։
Պատերազմը ժողովրդի համար ինքնազոհություն էր։ Իսկ իշխանության համար հեռվից դիտված տեսարան է, որտեղ ամենածանր հարցը ոչ թե «ինչո՞ւ կորցրինք»- ն է , այլ «ինչո՞ւ չզոհվեցիր»։ Երեխային շպրտած ծնողն է նրան ողջ տեսնելուց այլայլվում՝ ինչո՞ւ չմեռար։ Նրանց պատերազմ ճամփեց, հետո հարցրեց՝ ինչո՞ւ ողջ մնացիր․․․
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր