Մարդիկ պետությունը թողել՝ ՔՊ-ի շտաբ են գնացել
Fri, 22 May 2026 18:15:12 +0400

Պետական գաղտնիք հրապարակած չեմ լինի, եթե ասեմ, որ քարոզարշավի մասնակից բոլոր ուժերի առաջնորդներն այս պահին բանտում կլինեին, եթե իրենց թույլ տային այնպիսի արտահայտություններ ու շարժումներ, ինչն իրեն թույլ է տալիս ՀՀ, այսպես կոչված, վարչապետ Փաշինյանը: Չկա մեկն ամբողջ իրավապահ համակարգում, որ բռնի սանձարձակի ձեռքը, մինչդեռ ողջ իրավապահ համակարգը, ականջները սրած, հետեւում է, թե որ ընդդիմադիր գործիչը կսխալվի ու մի ոչ այնքան հաճելի պիտակ կմեխի Փաշինյանի ճակատին, որ հասնեն, բռնեն, խուզարկեն, քրքրեն, գործ սարքեն մարդու գլխին: Ասել, որ բոլորի համար հավասար պայմաններ են ստեղծված՝ իրենց ծրագրերն ընտրողին ներկայացնելու համար, նշանակում է հիմարություն դուրս տալ: Նիկոլի գլխավորած թիմը՝ ՔՊ-ն, բավական չէ որեւէ ծրագիր չունի, մի բան էլ ողջ պետությունն է ներքաշել մի ախմախության մեջ, որը կոչվում է քարոզարշավ: Եթե ԱՄՆ-ում կամ որեւէ եվրոպական երկրում իմանային, որ տվյալ թեկնածուն, անգամ գործող նախագահը կամ վարչապետը, պետական միջոցներ է մսխում սեփական քարոզատռճիկը ֆինանսավորելու համար, երկու րոպեում կձերբակալեին ու դուրս կհրավիրեին քարոզարշավից: Բայց դուք տեսեք, թե ինչ է կատարվում Հայաստանում: ՔՊ-ի տրամադրության տակ է հայտնվել մի ողջ պետություն՝ իր բոլոր միջոցներով՝ սկսած բյուջեից եւ վերջացրած քյաշ փողով: Եթե սա նորմալ է, ասեք՝ նորմալ է:
Տեսե՞լ եք դրանց շտաբները… Կարո՞ղ եք պատուհանից ներս նայել: Բացառված է: Բոլոր ապակիներին Նիկոլի սրտիկով նկարն է ու լոզունգը: Ո՞վ կա ներսում, ինչո՞վ են զբաղված, ի՞նչ են տալիս ու առնում՝ ոչ ոք չգիտի, բայց թաղապետի կամ գյուղապետի ավտոն առավոտից իրիկուն այդ «շտաբի» առաջ ցցված է: Գնում ես թաղապետարան՝ թաղապետը տեղում չէ, մարզպետարան՝ մարզպետը տեղում չէ, նախարարություն՝ նախարարը տեղում չէ, հարցնում ես՝ բա ո՞ր ջանդամն են, ասում են՝ գնացին շտաբ: Խելքի աշեցեք… Մարդիկ պետությունը թողել՝ ՔՊ-ի շտաբ են գնացել: Բա ի՞նչ կանեն, Նիկոլը միլիոնանոց պարգեւակաշառքները բիրիքով է տվել, պիտի աշխատե՞ն, թե՞ չէ: Ո՞ւմ հետ են աշխատում պետական պաշտոնյաները… Նախկինում թոշակառուները շտաբներից տուն չէին գնում: Մեկ հատիկ թոշակառու չես տեսնի այսօր ՔՊ-ի շտաբի առաջ: Թոշակառուներին էլ են բիրիքով առել՝ բյուջեից: Հպարտներ ջան, 10 հազարն ու «քեշբեքը» ստացա՞ք: Դե գնացեք ծախսեք ու փառք տվեք Նիկոլի կառավարությանը, որ դեռ «կենդանի եք» ու չեք «սատկել»: Ու մեկ էլ իմացեք՝ ստուգելու ենք, հա՜, չփորձեք ուրիշի ձայն տալ, կաշիներդ կքերթենք…
Սրտառուչ է տեսնել, թե ինչքան բարեկամասեր են ՔՊ-ի շտաբներում լռված պետական պաշտոնյաները: Սրանց հորեղբոր տղաները, փեսաներն ու աներձագները մեղվի պես ներսուդուրս են անում, ցուցակ բերում, ցուցակ տանում… դրա համար էլ ջոկ են վճարվում: Ո՛չ ահ ունեն, ո՛չ դող: Ո՞վ է բռնելու նրանց ձեռքը, ոստիկա՞նը… Ոստիկանը մի քանի քայլի վրա է, ու թող փորձի մեկն այս երեւույթի դեմ բողոքի: Կտանեն բանտ, այնտեղից՝ հոգեբուժարան ու մի տխուր հաղորդագրություն կտարածեն, որ քաղաքացին բժիշկների ձեռքերում ինքնասպան եղավ:
1991 թվին, երբ անկախացանք, ես ուղիղ 30 տարեկան էի: Այսօր դառնում եմ 65: Իմ կյանքի մեծ մասը, փաստորեն, անցել է նորանկախ Հայաստանի Հանրապետությունում: Ոչ մի այլ երկրի քաղաքացի չեմ եղել, ոչ մի րոպե չեմ բացակայել Հայաստանի Հանրապետությունից՝ չհաշված մի քանի անգամ Քոբուլեթի, Ուրեկի գնալը: Ուզում եմ ասել, որ աչքիս առջեւով լիքը ընտրություններ են անցել, լիքը բան եմ տեսել, ու թվում էր, թե այլեւս ոչինչ չէր կարող զարմացնել ինձ: Ավաղ, սխալվել եմ: Ո՞վ էր տեսել, որ նախկինում դատված, ներկայում դատական հետապնդումների մեջ գտնվող այսքան շունուշանգյալ մասնակցի համապետական ընտրություններին: Որի չուխայի փեշը բարձրացնում ես՝ տակը հանցագործ է, բայց ԿԸՀ-ում նրան գրանցել են կուսակցության ղեկավար, քարոզարշավի իրավունք են տվել եւ օժտել բոլոր տեսակի անձեռնմխելիություններով: Միայն թե՝ Նիկոլի գիծն առաջ տանի, խոսի խաղաղությունից, քննադատի հայկական ամեն ինչ, որ դուրս է Նիկոլի ծռտի քարտեզից: Սրա՞նց առաջ ինչ են գցել, որ այսպես «ներդաշնակվել» են հայաստանյան իրականությանն ու ջանադրաբար հաչում են ընդդիմության հասցեին: Եվրոպական փողեր, որ նաեւ սրանց ջանքերով եկան Հայաստան, իբր հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու համար: Դուք Լոնդոնում նստած Արմեն Սարգսյանի հայաստանյան խամաճիկին ճանաչում եք՝ Արման Բաբաջանյան է անունը: Նախկինում դատված, 44-օրյա պատերազմի օրերին ադրբեջանական խողովակաշարերի անվտանգության մասին հոգ տարած, ստախոսության համար դատարանի վճռով ներողություն խնդրելու պարտավորեցված, բայց դատարանի վճիռն անտեսած այդ լպրծուն էակն այսօր ոչ միայն կենդանի է, այլեւ կուսակցություն ունի եւ քարոզարշավի է մասնակցում: Սա այն նույն անձն է, որ ԱԺ-ում ԵՄ դրոշն էր պարզել ու հակառուսական մոլեռանդ ճառեր էր ասում: Ո՞վ է սրան ֆինանսավորում, մի՞թե այս հարցը չի հետաքրքրում ՔՊ-ական իրավապահներին… Մյուս կողմից էլ՝ ինչո՞ւ պետք է այդ հարցը հետաքրքրի նրանց, եթե նրանց նույնիսկ Արման Բաբաջանյանի՝ այլ երկրի քաղաքացի կամ օտարերկրյա գործակալ լինելու հարցերը չեն հետաքրքրում: Այ, Նարեկ Կարապետյանի քաղաքացիության հարցը լինի՝ այլ բան: Ողջ պետական ապարատն իրար կանցնի, միայն թե կեղտ բռնեն ու հանեն քարոզարշավից: Բա ի՞նչ, Սամվել Կարապետյանն ու Նարեկը Նիկոլ չեն, ՔՊ չեն, Հայաստանից փախած Արմեն Սարգսյան չեն, ինքնություն ունեցող հայ են, հայ բարերար են…
Նաեւ զարմանում եմ, թե ինչու է անհանգստանում այսքան վարչական ռեսուրս, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի աջակցությունն ունեցող Նիկոլ Փաշինյանը, ինչու չի ըմբոշխնում իր մոտալուտ հաղթանակը: Երկու բան է անցնում մտքովս: Մեկը, որ ընդդիմությունն այնքան բան է դրել իր առջեւ, որ շշկռվել է, մյուսը՝ դրսի տերերն ականջին, հավանաբար, փսփսացել են՝ վերջ, տղա ջան, ժամանակդ սպառվել է, մենք նոր թեկնածու ունենք: Այսպիսի բաներ, գիտե՞ք, պատահում են մեծ քաղաքականության մեջ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր