«Հրապարակ»․ «Զորաշոու»՝ նախկինների գնած զինատեսակներով

«Հրապարակ»․ «Զորաշոու»՝ նախկինների գնած զինատեսակներով

Fri, 29 May 2026 09:15:29 +0400


Զորահանդեսը, որով, Արարատ Միրզոյանի լեքսիկոնով ասած՝ իշխանությունը բոլորիս «ծնգլ» արեց, որի համար գիշերով զինվորներ էին տանում քայլեցնում ու ժամերով խցանումներ ստեղծում քաղաքով մեկ, վերջապես կայացավ:
Սա սովորական զորահանդես չէր, այլ զորահանդես-հաշվետվություն էր, որի ժամանակ Փաշինյանը խոսում էր բանակի ձեռքբերումների մասին, նահատակների հիշատակին հրետանային համազարկեր էին խփում, «նոր բանակ, նոր համազգեստ, նոր զինանշան, նոր հոգեբանություն», – գոռում էր Նիկոլն ամբիոնից, բայց զինվորականնները մի տեսակ անհավես էին ծափ տալիս: Ամենազվարթը քայլերթով անցնող ԶՈւ կին զինվորականների դեմքերն էին, որոշ կանայք սեթեւեթող ժպիտով էին քայլում, նայում Նիկոլի կողմը:

Զինտեխնիկայից առաջինը անցան ԱԲ արգասիք հետախուզահարվածային Գայլ ռոբոտային համակարգերը, որոնք նախատեսված են բարդ ռելիեֆային եւ կլիմայական պայմաններում հետախուզման, զինամթերքի տեղափոխման, այլ նպատակների համար եւ որոնք Դանիել Իոաննիսյանի աչքին շուն էին երեւացել: Իոաննիսյանն առավոտից մի ուրախ ռիլ էր նկարել էդ չորքոտանիների հետ, որում պատմում էդ ռոբոտների մասին: «Գայլերը» թերեւս զորահանդեսի ամենաէկզոտիկ ու ոչ վախենալու մասն էին: Սրանից բացի, «զորահանդիսատեսի» աչքի առաջ հայտնվեց ողջ հայկական «Օլիմպոսը»՝ է՛լ Միհր, է՛լ Արամազդ, է՛լ Տորք:

Տեխնիկան տպավորիչ էր, բայց՝ անհասկանալի, քանի որ չէին նշվում դրանց տեխնիկական ցուցանիշները, եւ փորձագետները չէին կարող համեմատել դրանք Թուրքիայի ու Ադրբեջանի համապատասխան սպառազինության հետ: Ստացվում է շոու՝ շոուի համար, որն ապահովված էր, մանրուքներից՝ սակրավորների պաշտպանիչ համազգեստից, հատուկ նշանակության ուժերի թեթեւ մեքենաներից ու գնդացիներից սկսած, հակաօդային պաշտպանության «Կարիճ» ինքնագնաց զենիթահրթիռային համալիրներով ու «ՏՈՌ-2» զենիթահրթիռային համալիրներով, օդային թիրախների հայտնաբերման եւ թռչող սարքերի արբանյակային ընդունիչների ճնշման համար նախատեսված «Տուման»-ով ու ֆրանսիական «Bastion», հնդկական «Tata» զրահամեքենաներով, «Lusan» զենիթահրթիռային համալիրով, «Շչիտ-200» ռադիոլոկացիոն համակարգերով վերջացրած:

Այս «զինաշոուից» իր դիտարկումներն ու տպավորությունները «Հրապարակին» փոխանցեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը: Դրանցից առաջինն այն է, որ հին աստվածների պանթեոնը հանել էին մայրուղի: «Տպավորություն էր, թե վերջում կարող է սկսեն իրենց անուններն էլ տալ: Կարող եմ ենթադրել, որ այդ հայկական անուններով զինատեսակները հայկական արտադրության չեն: Հետեւապես, մենք պրոբլեմ ենք ունենալու այն երկրների ձեռնարկությունների հետ, որոնք արտադրել ու վաճառել են մեզ դրանք: Նրանք ասելու են՝ մենք ձեզ Արամազդ անունով կամ Միհր անունով, կամ Տորք անունով հաուբի՞ց ենք վաճառել, «Շանթ» անունով ռեակտիվ համալի՞ր ենք վաճառել: Պայմանագրի մեջ նման անուններ չկան: Ուրիշ երկրների արտադրանքը վերցնում են, գրում են՝ Made in Armenia: Առհասարակ, մեզ մոտ բնավորություն են դարձրել, դրսի արտադրանքը՝ ծաղիկը, միրգը Թուրքիայից ու Եվրոպայից բերում են, պիտակը փոխում, գրում են՝ հայկական արտադրություն, տանում են ռուսական շուկա վաճառելու, որ ցույց տան, որ հայկական է, որովհետեւ ինքնահաստատվելու տեղ ունեն»:

– Իսկ «Գայլն» էլ մերը չէ, չէ՞, Woolf ռոբոտները:

– Վստահաբար եմ ասում՝ որտեղ «հայրենական արտադրություն» բառակապակցությունը զորահանդեսի հաղորդավարի կողմից չեք լսել, դա հայկական չէ: Այո, «Գայլ» հետախուզական հարվածային ռոբոտները հայկական չեն, եւ դրանք մեզ վաճառող ընկերությունները վաղը մեզ հայցեր են ներկայացնելու, տույժուտուգանքն էլ կրելու է Հայաստանի Հանրապետության բյուջեն: Շատ զինատեսակների տակտիկական, տեխնիկական բնութագրիչները չէին նշվում, եւ մենք դրանք չենք կարող համեմատել մեր հարեւանների, Ադրբեջանի եւ Թուրքիայի համարժեք զինատեսակների հետ: Ոնց որ էն Սու-30-ները 18-ին որպես մետաղի ջարդոն գնեցին ու առայսօր հրթիռներ չունեն, էսօր սրանք էլ իրենց առջեւ դրված խնդիրը գուցե չկարողանան կատարել: Այսօր Ուկրաինայի դեպքերը ցույց են տալիս, որ ով երկնքում ունի առավելություն, նա է մարտի առումով շահեկան վիճակում: Օրինակ, ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատերազմը ցույց տվեց, որ երբ Իրանն ունի համարժեք հրթիռային զինատեսակներ՝ պատասխան հարվածներ հասցնելու համար, ապա իրեն հնարավոր չէ հաղթել, եւ չափելի զինատեսակներ:

– Հրետանային միջոցներ ցուցադրվեցին, ի՞նչ կասեք դրանց մասին:

– Այդտեղ ընդհանրապես աբսուրդի դաշտ է: Հայրենական արտադրության հրթիռային համակարգ բերեցին՝ 122 մմ տրամաչափի՝ «Ատլասը», հայրենական արտադրության: Շատ լավ է, որ այդպիսի հրետանի ենք արտադրում, բայց… Դ-30 հաուբիցները ցուցադրեցին, որոնք սովետական ռուսական են, եւ հաուբիցներ, ինքնագնացներ, հրետանային կայանքներ, եւ ապա սկսվեց հին աստվածների պանթեոնը: Հետո անօդաչուները սկսվեցին, նաեւ՝ համատեղ արտադրության: Ես շատ ուրախ եմ, որ մեզ մոտ դա արտադրվում է, բայց այդ տեխնիկան քննություն չի բռնել, զորավարժություններ չեն եղել, ու կարող է պարզվել, որ հասակով, գեղեցիկ պատանին, որն իր վերջին զանգն արեց պրծավ, բոլոր քննությունները գնա կտրվի: Քննություն չբռնած են այս բոլոր զինատեսակները: Բայց ես ուրիշ բան էլ ասեմ՝ մեր երկու դաշնակից պետությունները՝ Ռուսաստանն ու Իրանը, ցույց տվեցին, որ դրանք իրենց երկնքում լավ էլ քննությանը դիմանում են, ու պատկերացնում եք, թե ինչպիսի «հանճարեղ» կառավարիչ պետք է լինել, որ, ունենալով կողքդ երկու ոչ բարեկամ պետություն, նվաճողական ու միլիտարիստական կեցվածքով, հեռու պահել պատերազմներում հաջողակ դաշնակիցներից եւ տրվել թշնամու ողորմածությանը:

Հայկ Նահապետյանը նկատել է, որ զորահանդեսի ժամանակ ցուցադրված զինատեսակները ռուսական արտադրության են, նախկինների օրոք գնված: Օրինակ՝ Տոր-Մ2 զենիթահրթիռային համալիրները ռուսական 80-ականների վերջերի զենք են, որոնք գնել են Սերժ Սարգսյանի ժամանակ, Կորնետ 1 հրթիռային համալիրը, որը խոցում է զրահապատ մեքենաներ, տանկեր եւ այլն, մեծ հեռավորության վրա, անգամ ցածր թռչող օբյեկտներ է խոցում, ուղղաթիռներ, որոնք սովետական են, ռուսական: Այսօր Ուկրաինայում օգտագործում են տերմո զինատեսակներ, որոնք հզոր պայթյուն եւ մոտ 3000 աստիճան ջերմություն են տալիս, եւ դրանք եւս նախորդ նախագահների ժամանակ ենք գնել: «Մեկը օգտագործվում է մարտական հենակետերի ոչնչացման ժամանակ, կոչվում է ՌՊՕ-Ա «Շմել», մյուսը՝ ՏՕՍ-1Ա համազարկային կրակի՝ ծանր հրանետային համակարգն է, որը Ռուսաստանն օգտագործում է խիստ էֆեկտիվ»,- նշում է փորձագետը:

Արդյո՞ք ցուցադրված տեխնիկան համապատասխանում է միջազգային չափանիշներին, արդյոք կարո՞ղ ենք այն օգտագործել, որքանո՞վ է կատարյալ, պիտանի պաշտպանության կամ հարձակման համար, որքա՞ն ենք հեռու իրապես մարտունակ բանակ ունենալու վերջնանպատակից: Այս հարցերի շուրջ տարբեր մեկնաբանություններ են հնչում:

«Ավելի քան 5 տարի որեւէ մասշտաբային զորավարժություն չիրականացրած իշխանությունն այսօր իրականացնում է մասշտաբային զորահանդես։ Դա նույնն է, ինչ ոչ մի ընկերական խաղ չանցկացրած ֆուտբոլի հավաքականը հավակնի մեծ մրցաշարում բարձր արդյունքներ գրանցել՝ միայն այն պատճառով, որ ունի միջազգային ստանդարտներին համապատասխան գնդակ, մարզաշապիկ եւ բուտսեր»,- գրել է ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը։

«Bastion-ն առաջարկում է զրահապատ մեքենաներ, որտեղ զինվորները կարող են ներսից պաշտպանված կառավարել տանիքի վրա գտնվող կրակային համակարգը, բայց այս ապուշները գնեցին հին/էժան մոդելները՝ մեր զինվորներին տանիքի վրա թիրախ դարձնելով»,- նկատել է Երեւանի ավագանու անդամ Պետրո Զարոկյանը: Իսկ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն այս ռազմական շքերթի անցկացումը բնութագրել է որպես «ընտրությունների նախաշեմին մայրաքաղաք զորք մտցնելու նուրբ արվեստ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երևանը չի արձագանքել հայկական լոլիկի ներկրումը սահմանափակելու՝ Մոսկվայի որոշմանը․ Պեսկով

Երևանը չի արձագանքել հայկական լոլիկի ներկրումը սահմանափակելու՝ Մոսկվայի որոշմանը․ Պեսկով Fri, 29 May 2026 11:41:15 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով