Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի «տարընթերցումները»
Mon, 01 Jun 2026 22:15:54 +0400

Ինչպես հայտնի է, տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։ Կրեմլի պաշտոնական կայքի համաձայն, հեռախոսազրույցի ընթացքում՝
• նախագահ Պուտինը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ծննդյան տարեդարձի առիթով
• Քննարկել են մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած Եվրասիական Տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները։
Եւ միայն այսքանը։
Նույն հեռախոսազրույցի մասին հայկական պաշտոնական լրահոսում կարդում ենք ռուսական հաղորդագրության հետ համեմատած՝ նկատելի տարընթերցումներ ունեցող հաղորդագրություն։ Պաշտոնական Երեւանի տարածած հաղորդագրության համաձայն, իբրեւ թե՝
• Նախագահ Պուտինը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ծննդյան օրվա առիթով եւ բարեմաղթանքներ է ուղղել նրան։
• Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին՝ հեռախոսազանգի եւ շնորհավորանքի համար։
• Երկու առաջնորդները մտքեր են փոխանակել երկկողմ եւ բազմակողմ օրակարգի ընթացիկ հարցերի մասին։
• Նիկոլ Փաշինյանը նախագահ Պուտինին շնորհակալություն է հայտնել տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների, բարեկամական տոնայնության, ինչպես նաև աջակցության համար եւ
• Զրուցակիցները պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթով՝ հանդիպման ձևաչափով։
Եթե անկեղծ լինենք, զուտ էլեմենտար արժանապատվությունից ելնելով, Կրեմլի հաղորդագրության հրապարակումից հետո, Երեւանն առհասարակ որեւէ հաղորդագրություն չպետք է հրապարակեր։ Կրեմլի հաղորդագրությունը նախ՝ չափազանց լակոնիկ է, զուսպ, սառը տոնայնությամբ՝ ժողովրդի լեզվով ասած՝ «կես-բերան» ասված մի բան։ Կրեմլի հաղորդագրության տողարանքներում կարելի է կարդալ հետեւյալը․ քանի որ Հայաստանը դեռ ֆորմալ առումով Ռուսաստանի կողմից ընկալվում է որպես դաշնակից երկիր, ապա նախագահ Պուտինը, զուտ տուրք տալով ռուսական պետական ձեւավորված ավանդույթին եւ պետական արարողակարգին, հեռախոսազանգ է կատարել Փաշինյանին եւ շնորհավորել։ Դրանում որեւէ բարեկամական ժեստ տեսնելու կարիք բացարձակապես չկա։ Մենք խոսում ենք գերտերության ղեկավարի մասին, որը որքան կարողացել ենք հասցնել այսքան տարի հետեւել նրա գործունեությանը, նաեւ՝ փոքրիշատե ծանոթ լինելով աշխարհայացքին ու ընկալումներին, պահպանում է պետական այսպես ասենք՝ «ընկալյալ» ձեւավորված ավանդույթն ու արարողակարգը։ Ավելի պարզ ասած՝ ֆորմալ կողմը։ Այսինքն հայկական կողմի տարածած հայտարարության մեջ զգացվող բարեկամական տոնայնության հետ կապված շեշտադրումները զուտ հայկական կողմի երեւեկայության պտուղն է, եւ ոչ ավելին։ Հետաքրքիրը թերեւս երկրորդ մասն էր ռուսական կողմի տարածած հայտարարության՝ թե ինչ են քննարկել կողմերը։ Ընդամենը մեկ նախադասություն՝ «Քննարկվել են մայիսի 29-ին, Աստանայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները»։ Եւ ոչ մի տառ ավել։ Հիմա՝ որտեղ է հայկական կողմը տեսել երկկողմ եւ բազմակողմ օրակարգ, երբ նույն այդ նիստին՝ առաջնորդները Հայաստանի վերաբերյալ գրավոր հայտարարություն են ընդունել, որով առաջարկել են Հայաստանին, պարզ ասած՝ դադարել նստել երկու աթոռների վրա, հնարավորինս շուտ՝ եւ անցկացնել հանրավքե, հասկանալու համար, թե վերջը որ աթոռն է ընտրելու Հայաստանը։ Մնացածն արդեն, թե Փաշինյանն իր հերթին ինչ է շողոքորթել նախագահ Պուտինին, արդեն մեղմ ասած՝ Կրեմլի համար «ջուր-ծեծոցի» է։ Պուտինը, կարելի է ենթադրել, որ պարզապես նորից հիշեցրել է Փաշինյանին, որ սպասում են երկու աթոռների միջեւ ընտրություն կատարելու հանրաքվեին եւ «ոչ միս, ոչ ձուկ» վիճակը հավերժ շարունակվել չի կարող։ Եւ ամենակարեւորը՝ Կրեմլը այնպիսի հաղորդագրություն է տարածել, որ այն որեւէ կերպ հնարավոր չլինի օգտագործել նախընտրական նպատակներով։
Սերոբ Մարության
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր