Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ընդհանուր ստացվել է 425 հաղորդում. Դատախազություն

Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ընդհանուր ստացվել է 425 հաղորդում. Դատախազություն

Sun, 07 Jun 2026 21:28:35 +0400


Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանն այսօր, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադարձել է 2026 թվականի փետրվարի 7-ից մինչև 2026 թվականի հունիսի 7-ը՝ ժամը 18:00-ի դրությամբ ընտրական հանցագործություններով ստացված դիմումների, հաղորդումների և արդյունքների ընթացքին:

Ըստ Դատախազությունում ստացված և մշակված տվյալների՝ 2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր՝ ժամը 18:00-ն, ընդհանուր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 425 հաղորդում:

425 հաղորդումներից՝

186-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:

300 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

14 քրեական վարույթ՝ 42 անձի վերաբերյալ, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան:

Պատգամավորի 13 թեկնածուների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ, որոնցից 12-ի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են, 1 անձի վերաբերյալ միջնորդությունը կքննարկվի առաջիկայում:

Անանուն հաղորդում ներկայացնելու azdararir.am կայքի միջոցով ստացվել է 16 հաղորդում, որից 3-ը՝ այսօր:

Դատախազությունում ստացվող տվյալները պարբերաբար թարմացվում են:

ՏՎՅԱԼՆԵՐԸ՝ ԸՍՏ ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

Հակակոռուպցիոն կոմիտե

2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր՝ ժամը 18:00-ի դրությամբ, Հակակոռուպցիոն կոմիտեում ընթացք է տրվել ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 196 հաղորդման:

196 հաղորդումներից 1-ը ստացվել է այսօր, որով նախաձեռնվել է 1 քրեական վարույթ: Այդ վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ:

Այդ թվում՝

1 անձի նկատմամբ՝ ընտրակաշառք տալու կամ դրան հանցակցելու համար,

2 անձի նկատմամբ՝ ընտրակաշառք ստանալու կամ դրան հանցակցելու համար:

Նշված 196 հաղորդումից՝

32-ով քրեական վարույթ չի նախաձեռնվել, քանի որ հաղորդմամբ չի փաստվել այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական: Նշված հաղորդումներից 8-ը ստուգման նպատակով ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումներին:

Ազգային անվտանգության ծառայությունից ստացված 1 հաղորդում ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով:

100-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:

61-ով առկա տեղեկությունները ստուգելու նպատակով ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ:

2 հաղորդում ստուգման նպատակով ուղարկվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն։

Քրեական վարույթ նախաձեռնելու մասին վերոնշյալ 100 արձանագրություններում արտացոլված ընդհանուր 485 դեպքերից՝

224-ը վերաբերել են ընտրակաշառք տալուն և դրան հանցակցելուն,

193-ը՝ ընտրակաշառք ստանալուն և դրան հանցակցելուն,

6-ը՝ ընտրակաշառքի միջնորդությանը,

38-ը՝ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելուն և դրան հանցակցելուն,

15-ը՝ անձի ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելուն և դրան հանցակցելուն, նշված հանցագործության նախապատրաստությանը և փորձին,

9-ը՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելուն և դրան հանցակցելուն։

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 227 անձի նկատմամբ:

Այդ թվում՝

97 անձի նկատմամբ՝ ընտրակաշառք տալու կամ դրան հանցակցելու համար,

109 անձի նկատմամբ՝ ընտրակաշառք ստանալու կամ դրան հանցակցելու համար,

15 անձի նկատմամբ՝ բարեգործության արգելքը խախտելու համար,

6 անձի նկատմամբ՝ հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու կամ ընտրության իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար:

Մեղադրյալներից 44-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 21-ի նկատմամբ տնային կալանքը:

9 քրեական վարույթ 33 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ հանձնվել է իրավասու դատարան:

Քննչական կոմիտե

2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր՝ ժամը 18:00-ի դրությամբ, Քննչական կոմիտեում ընթացք է տրվել ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 229 հաղորդման:

229 հաղորդումներից 129-ը ստացվել է այսօր:

Նշված 129 հաղորդումից՝

24-ն ուղարկվել են քննիչին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:

92-ով կատարվում են ստուգողական գործողություններ,

3-ով կատարվել են ստուգողական գործողություններ, որի արդյունքում ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա նյութերը թողնվել են անհետևանք, քանի որ ստուգմամբ փաստվել է հանցագործության կամ վարչական իրավախախտման առերևույթ հատկանիշների բացակայություն,

10-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քրեական վարույթ նախաձեռնելու մասին վերոնշյալ 10 արձանագրություններում արտացոլված ընդհանուր 10 դեպքից՝

3-ը վերաբերել է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն,

2-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը կամ ընտրությանը մասնակցող անձանց իրավունքների իրականացմանը խոչընդոտելուն,

5-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն:

2026 թվականի փետրվարի 7-ից մինչև այսօր՝ ժամը 18:00-ն ստացված 229 հաղորդումից՝

31-ն ուղարկվել են քննիչին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար, դրանցից 1-ով վարույթ չի նախաձեռնվել, սակայն հսկող դատախազը հանձնարարել է ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով նախաձեռնել քրեական վարույթ:

3-ով քրեական վարույթ չի նախաձեռնվել, քանի որ հաղորդմամբ չի փաստվել այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական:

3-ով քննիչի կամ դատախազի նախաձեռնությամբ ուղարկվել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով ստուգման:

14-ով կատարվել են ստուգողական գործողություններ, որոնց արդյունքում, 11-ով ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա նյութերը թողնվել են անհետևանք, քանի որ ստուգմամբ փաստվել է հանցագործության կամ վարչական իրավախախտման առերևույթ հատկանիշների բացակայություն, 1-ով կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ վարչական պատասխանատվության հարցը քննարկելու համար:

92-ով կատարվում են ստուգողական գործողություններ,

86-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քրեական վարույթ նախաձեռնելու մասին վերոնշյալ 86 արձանագրություններում արտացոլված ընդհանուր 104 դեպքից՝

1-ը վերաբերել է ֆիզիկական ներգործությանը,

2-ը՝ հոգեկան ներգործությանը,

2-ը՝ խուլիգանությանը,

11-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը կամ ընտրությանը մասնակցող անձանց իրավունքների իրականացմանը խոչընդոտելուն,

32-ը՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելուն կամ հարկադրելուն, հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելուն,

45-ը՝ քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելուն կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելուն,

1-ը ընտրակաշառք ստանալուն,

1-ը ՝ ընտրակաշառք տալուն,

1-ը՝ փողերի լվացմանը

3-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն,

5-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն:

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 73 անձի նկատմամբ:

Այդ թվում՝

14 անձի նկատմամբ՝ նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելու համար,

1 անձի նկատմամբ՝ խուլիգանության համար,

3 անձի նկատմամբ՝ շանտաժի միջոցով հավաքին մասնակցել հարկադրելու համար,

2 անձի նկատմամբ՝ ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար,

8 անձի նկատմամբ՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու և շահագրգռելը կազմակերպելու համար,

44 անձի նկատմամբ՝ փողերի լվացման, հավաք անցկացնելուն խոչընդոտելու համար,

1 անձի նկատմամբ՝ կաշառք տալու համար:

73 մեղադրյալներից 57-ի նկատմամբ կիրառվել են հետևյալ խափանման միջոցները՝

կալանք՝ 12-ի նկատմամբ,

տնային կալանք՝ 11-ի նկատմամբ, որից 1-ի նկատմամբ նաև վարչական հսկողություն, 1-ի նկատմամբ նաև գրավ, բացակայելու արգելք, պաշտոնավարման կասեցում, 1-ի նկատմամբ նաև գրավ, 3-ի նկատմամբ նաև բացակայելու արգելք,

վարչական հսկողություն՝ 5-ի նկատմամբ, 3-ի նկատմամբ նաև բացակայելու արգելք,

գրավ՝ 1-ի նկատմամբ, 1-ի նկատմամբ նաև բացակայելու արգելք,

բացակայելու արգելք՝ 27-ի նկատմամբ,

դաստիարակչական հսկողություն՝ 1-ի նկատմամբ, 1-ի նկատմամբ նաև բացակայելու արգելք:

1 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաձեռնված 86 վարույթներից՝

5-ով քրեական վարույթի նյութերը 9 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ հանձնվել են իրավասու դատարան, որից՝ 1-ը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 4-ը՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով:

10 քրեական վարույթ կարճվել է ՝ 8-ը՝ Քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-ը՝ 3-րդ կետով նախատեսված հիմքով, այդ թվում՝ 10-ն էլ նախաձեռնված են եղել Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ստացվել է 59 հեռախոսազանգ

ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ստացվել է 59 հեռախոսազանգ Sun, 07 Jun 2026 15:40:31 +0400 Ժամը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով