Չորեքշաբթի , 17 Հունիսի 2026

Ո՞ւմ շահերն է պաշտպանում Հայաստանի ներկայիս իշխանությունը

Ո՞ւմ շահերն է պաշտպանում Հայաստանի ներկայիս իշխանությունը

Wed, 17 Jun 2026 18:39:44 +0400


Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել է, որ ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցման թեման կեղծ օրակարգ է, որը հորինել է ընդդիմությունը՝ պատերազմ հրահրելու նպատակով։ Այսինքն՝ ըստ նրա, այդ թեման փակված է։
Դե ինչ, չեմ կրկնի, որ նրանք, ովքեր պնդում են, թե Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման թեմա գոյություն չունի, պարզապես բացահայտ, պարզունակ և համառորեն ստում են։

Անկեղծ ասած՝ նույնիսկ չգիտեմ, թե ինչպես մեկնաբանել այս «համարձակ» հայտարարությունը, քանի որ արդեն վաղը Նախիջևանում, Ալիևի վարչակազմի անմիջական աջակցությամբ, անցկացվում է միջազգային համաժողով՝ «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» խորագրով։

Մի՞թե սա նույնպես հայկական ընդդիմությունն է կազմակերպել։
Ո՛չ, այս «չգոյություն ունեցող» և «կեղծ» թեման կազմակերպել է Հայաստանի ներկայիս իշխանությունների բարեկամ և եղբայր համարվող ոմն Իլհամ Ալիև։

Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ, Փաշինյանի խոսքերով, նման թեմա գոյություն չունի և ընդամենը կեղծիք է։
Ինչո՞ւ են ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցման վերաբերյալ մեղադրանքներն ուղղվում հայկական ընդդիմության հասցեին, մինչդեռ այս գործընթացի ադրբեջանցի նախաձեռնողների նկատմամբ Փաշինյանն ու նրա թիմը որևէ հարց չունեն։

Ինչո՞ւ էր ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցման թեման Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության զեկույցում ներկայացված որպես Հայաստանի Հանրապետության համար անմիջական սպառնալիք, եթե Փաշինյանն այսօր այն անվանում է ընդդիմության սուտ և մանիպուլյացիա։ Հայաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը ստո՞ւմ է։ Իհարկե ոչ։

Գուցե այն պատճառով, որ «Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստանը ադրբեջանցիներով բնակեցնելու թեման լիովին իրական է և շոշափելի, իսկ Փաշինյանի իշխանությունները ոչ թե փորձում են վերացնել վտանգը, այլ պարզապես մոլորեցնել ժողովրդին։

Եվ ընդհանրապես, ինչո՞ւ են հետապնդումների ենթարկվում նրանք, ովքեր մատնանշում են ակնհայտ փաստերը, մինչդեռ «Արևմտյան Ադրբեջան» նախագծի ադրբեջանցի համակարգողները, օրինակ՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, հանգիստ շրջում են Հայաստանում և ինչ որ առեղծվածային քննարկումներ է ունենում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը վտանգ չի տեսնում թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական ծրագրերի առաջմղման մեջ, որոնք անխուսափելիորեն կարող են հանգեցնել նոր պատերազմի, սակայն սպառնալիք է տեսնում նրանց մեջ, ովքեր զգուշացնում են այդ վտանգի մասին։

Ինչո՞ւ ենք մենք հայտնվել մի իրավիճակում, երբ Փաշինյանի իշխանությունն անում է ամեն ինչ՝ հայկական հասարակությունն ու պետությունը առավելագույնս թուլացնելու համար, իսկ նրանց, ովքեր խոսում են ադրբեջանական վտանգի մասին, հետապնդում է և սպառնում բանտարկել։
Ինչո՞ւ։

Ադրբեջանը մեզ սպառնում է պատերազմով, օկուպացիայով, երկրի մասնատմամբ, ժողովրդագրական էքսպանսիայով, իսկ մեղավոր են համարվում այն հայերը, որոնք զգուշացնում են այդ վտանգների մասին։
Ի վերջո, ո՞ւմ շահերն է պաշտպանում Հայաստանի ներկայիս իշխանությունը։

Եվ քանի դեռ ժամանակ ունեք, մտածե՛ք ինքներդ։ Մի՛ լսեք ո՛չ ընդդիմությանը, ո՛չ էլ իշխանությանը։
Պարզապես պատասխանե՛ք ինքներդ ձեզ այս հարցերին և արե՛ք ձեր սեփական եզրակացությունները։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանը խիզախության դասեր է տալիս

Իրանը խիզախության դասեր է տալիս Wed, 17 Jun 2026 18:15:13 +0400 Իրանի երկու խոշորագույն քաղաքներում՝ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով