Մոսկվան կրկին ահազանգում է՝ Հայաստանը ձգձգում և սառեցնում է ՌԴ մասնակցությամբ նախաձեռնությունները
Mon, 22 Jun 2026 16:45:04 +0400

Հայաստանը չի պատրաստվում դանդաղեցնել եվրաստանդարտների ներդրումը, այլ ձգձգում և սառեցնում է Մոսկվայի մասնակցությամբ նախաձեռնությունները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մեր մասնակցությամբ լուրջ նախաձեռնությունները ձգձգվում կամ սառեցվում են։ Ընդ որում, մեզ հավաստիացնում էին՝ «ընտրություններից հետո կվերադառնանք դրանց քննարկմանը»։ Սակայն Երևանում ոչ ոք չի պատրաստվում դանդաղեցնել եվրաստանդարտների ներդրումը», – ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ Երևանը տարբեր հուշագրեր և շրջանակային ծրագրեր է ստորագրում արևմտյան մայրաքաղաքների հետ, այդ թվում ՝ այն ոլորտների վերաբերյալ, որոնցում ավանդական և վստահելի գործընկերը միշտ եղել է Մոսկվան:
«Դեռ մինչև քվեարկության օրը Արևմուտքի երկրների հետ կնքվեցին ռազմավարական գործընկերության մասին մի շարք հռչակագրեր։ Անգամ այն պետությունների հետ, որոնք երազում են Ռուսաստանի պարտության մասին, պատժամիջոցների նոր փաթեթներ են սահմանում մեր երկրի դեմ», – նշել է դիվանագետը։
Զախարովայի խոսքով` Հայաստանի իշխանությունների հայտարարությունները` Ռուսաստանի հետ կապերի պահպանման և զարգացման կարևորության մասին, չեն համընկնում հանրապետության` դեպի Եվրամիություն ձգտող ղեկավարության քայլերի հետ:
«Լսում ենք հայ պաշտոնյաների հայտարարությունները Մոսկվայի՝ որպես գործընկերոջ կարևորության, Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու և զարգացնելու՝ Երևանի մտադրության մասին։ Բայց, ցավոք, մենք չենք տեսնում, որ խոսույթը համապատասխանի Հայաստանի` ԵՄ-ին անդամակցելու նպատակ ունեցող ղեկավարության գործերին և քայլերին», – ասել է Զախարովան։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է նաև, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես մարտավարական գործիք՝ դեպի եվրոպական ուղի վերակողմնորոշվելու համար ֆինանսական աջակցություն ապահովելու նպատակով:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր