«Հրապարակ»․ 7 ուսանող, եւ ամբիոնը նորից կգործի
Wed, 24 Jun 2026 10:15:24 +0400

Մենք օրեր առաջ գրել էինք, որ ԵՊՀ ռեկտորատից ԵՊՀ Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի դեկանի ԺՊ-ին տեղեկացրել են, որ լուծարվում է Արտասահմանյան գրականության ամբիոնը, որը ԵՊՀ ամենահին ու կարեւոր ամբիոններից է, եւ որի ղեկավար, քաղաքագետ, ընդդիմադիր հայացքներ ունեցող Անուշ Սեդրակյանը մասնակցում էր ընտրություններին` «Միասնության թեւեր» կուսակցության ցուցակով: Սակայն ֆակուլտետում հենց այս պահին գործում է «Արտասահմանյան գրականություն» մագիստրոսական ծրագիրը, եւ մի շարք ուսանողներ ուսանում են այդ ծրագրով: Ի պատասխան մեր հրապարակումներին` ԵՊՀ-ն հաղորդագրություն էր տարածել՝ անդրադառնալով Արտասահմանյան գրականության ամբիոնի լուծարման թեմային: Նշել էին, որ սա բուհի բարեփոխումների շրջանակում է արվում, ամբիոնը փոքր ծանրաբեռնվածություն ունի, իսկ ամբիոնի վարիչի պահանջներին Անուշ Սեդրակյանը չի համապատասխանում։ Բուհի ղեկավարությունը մեծահոգաբար ընդառաջել է Սեդրակյանի խնդրանքին՝ նրան թողնելով, որ պաշտոնավարի ամբիոնի վարիչի ԺՊ-ի պաշտոնում, քանի որ ամբիոնի վարիչի կարգավիճակն իրեն անհրաժեշտ է եղել արտերկրում գործունեություն ծավալելու համար:
Արտասահմանյան գրականության ամբիոնից տեղեկացանք, որ, հակառակ բուհի ղեկավարության ցանկությանը, ամբիոնը հայտարարել է 2026-2027 տարվա համար մագիստրատուրայի ընդունելություն: Անուշ Սեդրակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընդամենը 7 ուսանող է հարկավոր, որպեսզի մագիստրոսական ծրագիրը գործի. «Այս ծրագիրն էքսկլյուզիվ ծրագիր է եւ համապատասխանեցված է աշխարհի բոլոր առաջատար բուհերի ծրագրերի հետ: Ապահովում է միջգիտակարգային մոտեցում, քննադատական մտածողության սեգմենտ, գործնական հմտություններ` երեքը միասին: Ուսումնասիրում ենք, օրինակ, քաղաքականությունը եւ գրականությունը համատեղ, ֆրանսիական էքզիստենցիալիզմ, նշանագիտություն, ստեղծագործական վարպետություն եւ այլն: Այդ ամենը մեր դիմորդին տալիս է անգնահատելի հնարավորություններ` թարգմանական ոլորտում, խմբագրական ոլորտում, ինչու չէ՝ հենց լրագրության ոլորտում: Մատների վրա կարելի է հաշվել Լրագրության ֆակուլտետի այն շրջանավարտներին, ովքեր կարող են տեսական հոդվածներ գրել մշակույթի եւ փիլիսոփայական տենդենցների մասին»: Սեդրակյանը վստահ է, որ եթե մագիստրոսական ծրագիրը գործի, իշխանություններին չի հաջողվի լուծարել ամբիոնը: Իսկ ինքը պատրաստ է զիջել ամբիոնի վարիչի պարտականությունները, միայն թե ամբիոնը չտուժի` չլուծարվի: Անուշ Սեդրակյանի խոսքով` արդեն 4 դիմորդ դիմել է ծրագրի համար, եւս 3 ուսանողի են սպասում:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր