Հինգշաբթի , 25 Հունիսի 2026

«Հրապարակ»․ Ինչու եւ ինչպես Ամիրյանը դարձավ Պապ թագավոր

«Հրապարակ»․ Ինչու եւ ինչպես Ամիրյանը դարձավ Պապ թագավոր

Thu, 25 Jun 2026 10:45:07 +0400


Հունիսի 23-ի նիստում Երեւանի ավագանին որոշում ընդունեց մայրաքաղաքի Ամիրյան փողոցը վերանվանել Պապ թագավորի անվամբ։ Հարցը նախկինում մի քանի անգամ քննարկվել էր, մերժվել, բայց այս անգամ ընդգրկվել էր չզեկուցվող հարցերի փաթեթում՝ հավանաբար, աղմուկից խուսափելու համար, ինչը չհաջողվեց: Բացասական մեկնաբանությունները շատ են: «Այ մարդ, գործով զբաղվեք, փողոցի անվանափոխությունով չեք բարելավի ժողովրդի վիճակը»: «Բայց, իմ կարծիքով, անունը պետք է նաեւ բարեհունչ լինի փողոցի համար։ Պապ թագավորի փողոց՝ կարծես այնքան էլ փողոցին հարմար անուն չի»: «Կգա մի ժամանակ, երբ գալիք սերունդները, մոդային հետեւելով, կփոխեն (կվերընտրեն) նաեւ իրենց ծնողների (այդ թվում՝ նախնիների) անունները։ Ի բացառություն մեր ազգին «շատ» նվիրված Հայաստանի, որոշ երկրներում դեռեւս պահպանվում են Շահումյանի, Սվերդլովի, Միկոյանի եւ այլնի անուններով փողոցներ: Արդյո՞ք բոլոր հայերը, այդ թվում՝ Երեւանի նախկին 26 կոմիսարների փողոցի բնակիչները, գիտեն ներկայիս Ագաթանգեղոսի մասին»:

Այսպիսի կարծիքներ էին հայտնում հասարակ երեւանցիները: Նրանք կարծում են, որ Նիկոլի սիրած գործիչների անունները դնելով փողոցների վրա՝ նա ուզում է ոչնչացնել ու մոռացության տալ քաղաքի պատմությունը: Օրինակ, 2021 թվականին հնդկահայ հասարակական-քաղաքական գործիչ, բուրժուալուսավորական գաղափարախոսության հիմնադիր, վաճառական Շահամիր Շահամիրյանի փողոցը Շենգավիթում անվանափոխվել է Հրանտ Վարդանյանի անվան: Արամի եւ Բուզանդի փողոցների մի հատվածը՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա, ստացել է Կարեն Դեմիրճյանի անունը: Ամենաշատը տուժել են խորհրդային պատմության հետ կապ ունեցող անունները: Սովետական անվանումներն ամենաշատն են ջնջվում: Նիկոլ Փաշինյանի «Ելք» խմբակցությունը դեռ 2017 թվականին պաշտոնական նախագիծ էր ներկայացրել՝ Անաստաս Միկոյան փողոցն ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի անունով վերանվանելու, բայց փոփոխությունը տեղի չունեցավ։ Փոխարենը Քըրքորյանի անունով դրեցին Լենինգրադյանը, իսկ Միկոյանի փողոցի բախտը բերեց:

Ինչո՞ւ է Փաշինյանն այսքան կպած Պապ թագավորի կերպարին: Պապին նա հաճախ է հիշատակում ելույթներում եւ հարցազրույցներում, երբ խոսում է պետություն-եկեղեցի հարաբերությունների, ինքնիշխանության ամրապնդման, «իրական Հայաստանի» մասին: 19 թվականին սփյուռքյան մի հանդիպման ժամանակ ասել էր, որ հաճախ է մտածում Պապ թագավորի մասին, որի օրոք «մեր պատմության ընթացքը խաթարվեց»։ Ըստ Փաշինյանի՝ Պապ թագավորը փորձում էր փոխել Հայաստանի եւ հայ ժողովրդի կարգավիճակը: 24 թվականին, բյուջեի քննարկումների ժամանակ, նա իրեն եւ իր կառավարությանը համեմատեց Պապ թագավորի հետ՝ հայտարարելով, որ երբ Պապ թագավորը եկավ իշխանության, «տեսավ, որ բյուջեն դատարկ է», իսկ եկեղեցին ու վանքերը տիրում են երկրի հողերին եւ ազատված են հարկերից։ Ու դրանից հետո սկսեց պայքարը հայոց եկեղեցու դեմ: Ահա թե ինչու է Փաշինյանը սիրում Պապ թագավորին՝ նրա հակաեկեղեցական հայացքների համար, կարծում է պատմաբան եւ դասագրքերի հեղինակ Աշոտ Ղուկասյանը:

Ինչով է Պապ թագավորը, որը մեր պատմության հակասական կերպարներից է, կարճ թագավորած, ըստ որոշ տվյալների` արվամոլ, Եկեղեցու դեմ պայքարած գործիչ, արժանի, որ Երեւանի կենտրոնական փողոցներից մեկն անվանակոչեն նրա անունով՝ հարցրինք Ղուկասյանին։ «Այո, կան հակասական կարծիքներ Պապ թագավորի մասին, բայց Փաշինյանն ընտրել է նրան` առանց հասկանալու, որովհետեւ նա պայքարել է Եկեղեցու դեմ, ու համարում է, որ ինքն էլ է նրա նման պայքարում Եկեղեցու դեմ` հանուն Հայաստանի Հանրապետության: Բայց Պապ թագավորին նրա հետ համեմատելն ամոթ է, սարերի ու ձորերի տարբերություն կա նրանց միջեւ, Պապ թագավորը դա անում էր ոչ թե Եկեղեցուն նսեմացնելու ու ջարդելու համար, այլ կենտրոնական իշխանությունն ամրապնդելու, ելնում էր Արշակունիների եւ մեր ժողովրդի շահերից: Նա ազգային մեծ գործիչ էր, հոգեւորական հեղինակների մի մասը նրա այդ քայլը չէր կարողանում գնահատել ու համարում էր Եկեղեցու դեմ ուղղված: Այդ հեղինակները՝ բոլորը եկեղեցական գործիչներ էին: Իսկ Փաշինյանը մե՛կ իրեն համեմատում է Քրիստոսի հետ, մե՛կ` Պապ թագավորի, բայց այդ համեմատություններն արժեք չունեն»:

Ինչո՞ւ են այսքան վերանվանումներ իրականացվում հիմա: «Ռեսուրսային կամ բյուջետային ընտրակաշառքով իշխանությունը պահած մարդիկ փորձում են ընտրակաշառքի մեղքը բարդել ժողովրդի վրա ու դրա հետ մեկտեղ էլ խաղալ ժողովրդի զգացմունքների հետ: Այդ զգացումներից մեկն էլ հենց անվանափոխությունների մեջ է»,- պատասխանում է պատմաբանը: Նա բարձր կարծիք ունի Պապ թագավորի մասին՝ որպես պատմական կերպարի: «Նա մեր ժողովրդի մեջ սիրված անձնավորություն է, որը հսկայական դեր ու ներդրում ունի: Բայց իշխանությունը, նրա կերպարն օգտագործելով, փորձում է նսեմացնել 10-20-ական թվականների հայ հեղափոխական գործիչների անունն ու կատարած գործը: Եվ դրանցից մեկն էր մեր հեղափոխության, մեր պատմության մեջ մեծ դեր խաղացած Արսեն Ամիրյանը: Նրան կպչելով՝ խաղում են մարդկանց զգացմունքների հետ, հակառակ դեպքում, նրանք այս քաղաքական ճգնաժամի պայմաններում այսպիսի հարց չէին բարձրացնի»:

Ամիրյան փողոցի անվանափոխման թեմայով ավագանու նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հայտարարություն էր արել. «Չեմ ուզենա, որ հերթական անասնագողությունը նկատեմ այստեղ, ու դրա պատասխանն այսօր չեք ստանա, կստանաք մոտակա նիստերին։ Կտեսնեք՝ անասնագողության արդյունքո՞ւմ եղավ, ինչ-որ գործարքի արդյունքո՞ւմ եղավ, թե՞ ոչ։ Ամիսներով ՔՊ-ն դեմ էր եւ հանկարծ կողմ է չզեկուցվողով։ Լուրջ եք ասում, ու այդտեղ ոչ մի առեւտուր չի՞ եղել»։ Մեսրոպ Մանուկյանին խնդրեցինք պարզաբանել, թե ինչ նկատի ունի անասնագողություն ասելով: «Քաղաքական տերմինոլոգիայի իմաստով եմ ասում: Իմ կարծիքով, առեւտրի արդյունք էր դա: Այս նախագիծը բերել էր Հայկ Գրիգորյանը` ավագանիներից, որը հեռացել էր Հայկ Մարությանից: Սա մի քանի անգամ մերժվել էր: Իսկ այսօր այդ տղան բերեց` որպես չզեկուցվող հարց, ու իրենք անցկացրին: Վերջերս նկատում եմ նրա կողմից տարօրինակ պահվածք: Կարծում եմ՝ ՔՊ-ի հետ առեւտուր է տեղի ունեցել, որը կերեւա մոտակա ժամանակներս, նիստերի ժամանակ: Ես ներսից դա եմ տեսնում: Առեւտուրը հետեւյալն է` ՔՊ-ն ու «Հանրապետությունը» չունեն մեծամասնություն եւ պետք է ունենան լրացուցիչ մարդիկ՝ «Հանրային ձայնից», Մարությանից հեռացածների տեսքով»: Խոսքն «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, մասնագիտությամբ փաստաբան Հայկ Գրիգորյանի մասին է:

Փողոցի անվանափոխությո՞ւնն է գինը: «Կապրիզ է, նա պարտադրեց, որ անցնի այս օրենքը»: Բա էդ տղան ինչո՞ւ է շահագրգռված, որ Ամիրյանը դառնա Պապ թագավոր: «Որ ինքը Երեւանում ֆռռա ու ասի՝ էս փողոցի անունը ես եմ դրել»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եվս մեկ հզոր երկրաշարժ՝ այս անգամ Ճապոնիայում․ տուժածներ կան

Եվս մեկ հզոր երկրաշարժ՝ այս անգամ Ճապոնիայում․ տուժածներ կան Thu, 25 Jun 2026 12:00:27 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով