Հինգշաբթի , 25 Հունիսի 2026

Առաջնորդվենք աստվածային իմաստնությամբ

Առաջնորդվենք աստվածային իմաստնությամբ

Thu, 25 Jun 2026 19:15:59 +0400


Հարավի մարդու համար հեշտ չէ հյուսիսում ծառայելը։ Երկարատեւ ձմեռ, ցուրտ, ձյուն, դահուկներ։ Բայց ծառայելիս օրագրում մի գրառում էի արել։ Ինձ համար անմոռաց։
– Արժեր ծառայել ցուրտ երկրում, բայց վայելել հյուսիսափայլի շքեղությունը։
Այո, քիչ է ասել, որ հյուսիսափայլի գույների խաղը շքեղ է։ Տեսնել ու վայելել է պետք։
Ինձ համար միանգամայն ընկալելի եւ ըմբռնելի է ՖԲ-ում ծանոթ-անծանոթի հրապուրանքը վերջալույսի եւ արշալույսի տեսարաններով։ Անկրկնելի ակնթարթներ, նաեւ որոնցով արդարացվում է մարդու՝ աշխարհ գալը եւ աշխարհից հեռանալու ցավը։
Մտորումները հանգիստ չեն տալիս, ուղեղդ հանգիստ չի տալիս, ու տառապում են սիրտդ, հոգիդ նաեւ այն մտքից, որ մեր հարեւան Իրանում հրթիռային հարվածի զոհ դարձավ 12-14 տարեկան հարյուր հիսունից ավելի աղջիկ…
Անմեղ զոհեր, որոնք երբեւէ այլեւս չեն հիանա վերջալույսի, արշալույսի աննկարագրելի խաղերով։
Ցավ է։ Եվ այդ ցավի արտահայտությունն էր թերեւս, որ երազիս մեջ դարձել էի քանդակագործ եւ անմեղ պարմանուհիների հիշատակին կերտել էի կյանքի հարատեւության մոնումենտ` կենտրոնում աղջիկներ, որոնցից ասես թեւեր առած՝ երկինք էին ճախրում աղավնիներ…

Արթնացա։ Երազ էր։

Արձանի փոխարեն աղջիկների չապրած կյանքի համար ափսոսանքն ու ցավն էին ու նրանց հիշատակի մշուշոտ մահարձանը…
Այսօր էլ հրթիռներն ու արկերը ակոսում են կապույտ երկինքը` ավերակելով քաղաքներ ու շեներ, մինչդեռ այդ ամենին աջակցող ժողովրդավարության բաստիոն հորջորջվող երկրի առաջնորդը ներկայացվում է (ոմանց կողմից), ոչ ավել, ոչ պակաս` Նոբելյան մրցանակի…

Էսպիսի բաներ…

ՀԳ․ Արշալույս, վերջալույս, հյուսիսափայլ։ Հոգեկան վայելքներ են, զգացողություններ, որոնք մղում են մտածելու զսպվածության, չափավորության մասին։

Հատկապես հետընտրական մեր թոհուբոհում (Երեւանի քաղաքապետարանում ծեծկռտուքը, ամենահավասարակշռված գործիչներից մեկի` Ավետիք Չալաբյանի կալանավորումը) ամեն ինչ իր արշինով չափելուց առաջ հարկ է մնալ խոհեմության շրջանակում եւ առաջնորդվել հայրենիքի, ժողովրդի հանդեպ բարի զգացմունքով։ Առաջին հերթին` հայրենիք եւ ժողովուրդ` ճամարտակությունների փոխարեն… Որ հայ մարդը հաճելի եւ սուր զգացողութունների վայելքից անմասն չմնա…
Հակադրությունը դրական ուժ է, որը պահանջում է հրաժարում անհեթեթ քայլերից։ Հակադրությունը հարթում է սուր անկյունները, ամոքում մեր կյանքը։ Ասել է` հավատանք եւ ապավինենք աստվածային իմաստնությանը։

Հովհաննես Կարապետյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով