Իրանը կդադարի գոյություն ունենալուց․ Թրամփը էլի սպառնում է
Sun, 28 Jun 2026 12:00:07 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը հարվածներ է հասցրել Իրանում գտնվող բազմաթիվ թիրախների, այդ թվում՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստավորման օբյեկտներին, ինչպես նաև ափամերձ ռադարներին։ Նա սա անվանել է «հրադադարի համաձայնագրի ևս մեկ խախտման» պատասխան։
«Կարող է գալ մի պահ, երբ մենք այլևս չենք կարողանա զսպվածություն ցուցաբերել և ստիպված կլինենք ռազմական ճանապարհով ավարտել այն խնդիրը, որը մենք այդքան հաջողությամբ սկսել ենք։ Եթե դա տեղի ունենա, Իրանի Իսլամական Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալուց», – զգուշացրել է Թրամփը։
Իր հերթին, Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածները Իրանին խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը և Թեհրանի ու Վաշինգտոնի միջև կնքված հակամարտությունների վերացման համաձայնագրերը։
«Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է կիրակի օրվա վաղ ժամերին ԱՄՆ-ի կողմից իրականացված օդային հարվածները։
Այս դաժան հարձակումները, որոնք ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի, ինչպես նաև պարտադրված պատերազմի ավարտի մասին փոխըմբռնման հուշագրի 1-ին հոդվածի ակնհայտ խախտում են, ցույց են տալիս, որ ԱՄՆ ռեժիմը որևէ նշանակություն չի տալիս իր պարտավորություններին», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Արտգործնախարարությունը շեշտել է, որ Իրանը պատրաստ է պաշտպանել իր ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր