Հինգշաբթի , 23 Հուլիսի 2026

«Հրապարակ»․ Հայկական ապրանքը տեղ չունի եվրոպական շուկայում, թողեք այդ հեքիաթները

«Հրապարակ»․ Հայկական ապրանքը տեղ չունի եվրոպական շուկայում, թողեք այդ հեքիաթները

Tue, 30 Jun 2026 09:45:23 +0400


«Հրապարակի» զրուցակիցը գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանն է:

– Գյուղացիները ծանր կացության մեջ են հայտնվել, ապրանքն իրացնելու խնդիր ունեն, Ռուսաստանը հայկական գյուղմթերքը չի ընդունում, ինչի արդյունքում գյուղատնտեսությամբ զբաղվողները, այդ թվում` ծաղիկ, ձուկ, ելակ, ծիրան, այլ պտուղներ աճեցնողները չգիտեն ինչ անել: Իշխանությունները հայտարարում են, որ ՌԴ-ի այլընտրանքը եվրոպական շուկան է, նշում են, որ արդեն իսկ որոշ ապրանքներ արտահանել են Եվրոպա, իսկ թե Եվրոպայում ինչ ճակատագրի է արժանանում հայկական ապրանքը, այդ մասին իշխանավորները չեն խոսում, սակայն կան տեղեկություններ, որ, օրինակ, հայկական ծաղիկը Եվրոպայում չեն գնում: Որոշ տեղեկություններ կան, որ ապրանքը հասցրել են Եվրոպա ու ստիպված են եղել ոչնչացնել, անգամ արտահանող ընկերությանը պարտավորեցրել են վճարել դրա ոչնչացման համար: Ի՞նչ եք կարծում` այս պայմաններում հնարավո՞ր է ռուսական շուկան փոխարինել եվրոպականով:

– Հնարավոր չէ ռուսական շուկան փոխարինել այլ շուկայով, ինչո՞ւ, որովհետեւ ՀՀ-ից դուրս եկած գյուղմթերքը կամ այլ ապրանքներ հիմնականում սպառում է Ռուսաստանը: Ճիշտ է, ունենում ենք լոգիստիկ խնդիրներ` կապված Լարսի հետ, սակայն Լարսի թունելը կարող է խնդիրը լուծել: Ռուսական շուկան մեզ համար մեծ առավելություն ունի, ինչո՞ւ, որովհետեւ Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետություն է: Դա նշանակում է, որ Հայաստանից դուրս եկած ապրանքներն առանց մաքսատուրքերի` պարզեցված ձեւով ՌԴ են մտնում, եւ հակառակը` այնտեղից են ապրանքներ բերում Հայաստան: Այս ամենը ոչ միայն հրապուրիչ է, այլեւ` ձեռնտու մեզ համար: Այժմ հայտնվել ենք մի իրավիճակում, որ ով ասես, վերլուծում է այս հարցը, հատկապես Եվրոպական Միության երկրներ գյուղմթերք արտահանելու մասին են շատ խոսում: Այսօր շուկան տեղ է տալիս այն ապրանքներին, որոնք տեսքով, համային առումով, փաթեթավորմամբ եւ գնով բարձր դիրքերում են: Այն հեքիաթները, որ մերն ուրիշ է, մերը լավն է, վաղուց էլ չեն աշխատում: Այն տեղեկությունները, որ հայկական ապրանքները գնում են ԵՄ, զուտ քաղաքական հռետորաբանության տրամաբանության մեջ են, դրանք ուղղակի քաղաքական հայտարարություններ են, ոչ ավելի: Տարիներ են հարկավոր, որպեսզի հայկական գյուղատնտեսությունը զարգանա, այնքան զարգանա, որ կարողանա դառնալ մրցունակ եւ պահանջված եվրոպական շուկայում: Այժմ ինչ-որ մարդիկ են վերլուծում այս հարցերը, ովքեր ո՛չ գյուղատնտեսական գիտելիքներ ունեն, ո՛չ փորձ ունեն, ո՛չ աշխատել են ոլորտում, ո՛չ էլ անգամ համապատասխան կրթություն ունեն: Ինչ-որ տերմինոլոգիաներից են խոսում, եւ դա մարդկանց, հասարակությանը շփոթմունքի մեջ է գցում: Հայկական ապրանքն իր արժեքով, ինքնարժեքով տեղ չունի եվրոպական շուկայում, թողեք այդ հեքիաթները:

– Բայց Ռուսաստանն էլ չի ցանկանում հայկական ապրանքը գնել: Նիկոլ Փաշինյանի վարած հակառուսական քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ ռուսական կողմը Հայաստանի դեմ սկսել է սանկցիաներ կիրառել: Ի՞նչ անել, որպեսզի խնդիրը լուծում ստանա, եւ հայ գյուղացին չտուժի:

– Իսկ իշխանությունն ի՞նչ էր սպասում: Ութ տարի է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեր տնտեսությունը քայքայում է, կործանում է` տարբեր կողմերից, հիմա էլ հերթը Հայաստանը սանկցիաների տակ մտցնելն է: Միլիարդավոր դրամներ են տվել ֆերմերներին, այգի ունեցողներին՝ խոստանալով լուսավոր ապագա, բայց մենք բազմիցս նշել ենք, որ չի կարելի այդքան գումարներ տրամադրել, կան որոշակի ռիսկեր, եւ այդ ռիսկերի ի հայտ գալու դեպքում չկան հակադարձող քայլեր: Իշխանությունն ունի կործանարար վարք, եւ դա Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության արդյունքն է: Մյուս կողմից էլ, ազգաբնակչությունը մտածում է, որ եթե ապրանքը չի վաճառվում, ապա գնանկում պետք է լինի, սակայն մենք այսօր հակառակն ենք տեսնում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում Sat, 18 Jul 2026 12:53:41 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով