Չորեքշաբթի , 1 Հուլիսի 2026

Տեսնում է` չի գիտակցում, լսում է` չի ընդունում

Տեսնում է` չի գիտակցում, լսում է` չի ընդունում

Wed, 01 Jul 2026 19:15:11 +0400


«Անտոնյան ջան։ Լինեմ անկեղծ. չեմ ուզում հարցազրույց։ Նախկինի համար խնդիրներ են առաջացել։ Երեխաներս պետական աշխատողներ են»։ Օրերս ստացած այս նամակը պատասխանն էր իմ առաջարկին՝ հարցազրույց տալու։ Իսկ հարցերն ուղարկել էի, ըստ նախնական պայմանավորվածության, իմ բանաստեղծ, նկարիչ, երկար տարիներ ուժային համակարգում աշխատած մի բարեկամին, որը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով։ Մարդիկ զգուշանում են, որովհետեւ համակարգը եւ երկրում տիրող մթնոլորտը ազատ խոսքն ու կարծիքը չեն հանդուրժում։ Չենք մեղադրի համակարգի «գերիներին»։

Բայց մի հարց՝ այդ «համակարգին». Հարգելի՛ «համակարգ», քո անճոռնի, արատավոր դեմքը չե՞ս տեսնում այս պատասխանում։ Ընդդիմադիր ընկերոջ՝ հարցազրույցից հրաժարվելուց զատ, մեկ այլ դեպք նկարագրեմ․ իշխանությանը նվիրված մի ընկեր էլ ունեմ՝ բանաստեղծ, մի շարք ժողովածուների հեղինակ, գրական մրցանակների դափնեկիր։ Նա իշխող կուսակցության մեջ ոչ մի թերություն չի տեսնում, զույգ ձեռքով ու ոտքով մտել է քվեախուց եւ, ափսոսալով, որ ընդամենը մեկ ձայն ունի, «հոգով ու սրտով» ընտրել է ՔՊ-ին ու նրա առաջնորդին։ Զարմանում էի. ինչո՞ւ, ինչպե՞ս չի նկատում այն իրականությունը, որի մեջ ապրում են, եւ որի մեջ օր-օրի խրվում է երկիրը։ Կա՞ արդյոք առաջընթաց, մի փոփոխություն, որը ես չեմ նկատում։ Սոցիալական վիճա՞կն է բարելավվել, տնտեսությո՞ւնն է զարգացել, անվտանգությո՞ւնն է ամրապնդվել, իշխանական լեքսիկո՞նն է ավելի բարեկիրթ դարձել, եկեղեցու դեմ արշավի՞ց են հրաժարվել․․․ մի՞թե այս բոլորը չի նկատում։ Ցանկացա զրուցել իշխանությանն աջակցող այս բանաստեղծի հետ՝ հասկանալու, թե ինչպես է լինում, որ նույն իրականությունը տեսնում ենք, բայց «ապրում» ենք տարբեր աշխարհներում։ Անունը չէի թաքցնի։ Նա լավ բանաստեղծություններ է երկնել։ Հենց այդ պատճառով ինձ համար ցավոտ էր նրա քաղաքական ընկալումների հետ բախվելը։ Կարծում էի՝ պոեզիա ստեղծող մարդն ամեն ինչի նկատմամբ պետք է զգայուն լինի եւ իր ժողովրդի ցավը զգա մաշկով, սրտով, հատկապես՝ երբ երկիրը վտանգի մեջ է։ Նա սիրով պատասխանեց հարցերիս, խոսեց, թե ինչու էր հարկավոր ընտրել Փաշինյանին։ Հարցազրույցը գրեցի, կարդաց եւ հորդորեց չհրապարակել: Ինչու. պատճառաբանեց. «Տղաս ռուսական մի հիմնարկում է աշխատում։ Կհեռացնեն»։ Բայց որեւէ հակառուսական միտք չկա տեքստում։ Պատասխանեց. «Հենց դա էլ կնկատեն…»:

Իսկ իր ընտրությունը բացատրում էր այսպես. «Ես որեւէ կուսակցության չեմ հարել։ Ես ժողովրդի մարդ եմ։ Բայց չեմ կարող չտեսնել փոփոխությունները։ Հիմա ավելի ճանաչված եմ դարձել, գրքերս տպագրվում են։ Սահմանին կրակոցներ չկան, զինվոր չի զոհվում։ Աշխատավարձերն ու թոշակները բարձրացել են։ Ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ են կառուցում։ Իշխանությունն իր համար դղյակներ չի կառուցում։ Եվ ամենակարեւորը՝ խաղաղություն է եկել»։ Վերջ։ Պարզ է, որ մարդը տեսնում է այն, ինչ ուզում է տեսնել, եւ չի տեսնում ամենակարեւոր բաները։ Հարցրի. «Տեղյա՞կ եք, որ դպրոցաշինությունը թերի է, նախկինում էլ են դպրոցներ կառուցվել եւ դրա կողքին հարյուրավոր դպրոցներ են փակվել՝ հատկապես սահմանամերձ գյուղերում, ինչն արդեն ազգային անվտանգության խնդիր է»։ Պատասխան. «Երեւի չափազանցություն է։ Գուցե նորոգումների պատճառով են փակվել»։ Ասացի. «Այո, ասֆալտապատում կա, բայց նոր կառուցված ճանապարհներն արագ քանդվում են»։ Պատասխանեց. «Ճանապարհ է, կքանդվի` նորից կսարքեն: Կարեւորը՝ սարքում են: Հիշեցի թոշակները. «10 հազար դրամն ի՞նչ պիտի անի թոշակառուն, եթե այսքան գնաճ կա»։ Պատասխան. «Բարձրացրել են, ուրեմն մտածում են ժողովրդի մասին»։ «Եթե մտածում էին, ինչո՞ւ հիշեցին միայն ընտրություններից առաջ»։ Լռություն։ Ամենացավոտը խաղաղության հարցն էր․ երբ ՀՀ տարածքներում օտար ուժեր կան, Բաքվում հայ գերիներ են պահվում, գրեթե ամեն օր հնչում են «անկլավների», «միջանցքի», «Արեւմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություններ, Ալիեւը գրեթե ամեն օր նոր պահանջներ է ներկայացնում, այդ թվում` սահմանադրական փոփոխությունների պահանջ, ինչպե՞ս կարելի է խոսել խաղաղության մասին։ Պատասխան. «Խաղաղության պայմանագիրը կլինի` բոլոր հարցերը կլուծվեն»։ Այսինքն, խաղաղությունը դեռ չի եկել: Լռեց։

Վերջապես հասկացա, թե ինչն է խնդիրը. մարդը լսում է, բայց չի ընդունում փաստը, տեղեկությունը հասնում է ականջին, բայց ոչ` գիտակցությանը։ Գուցե դա ինքնապաշտպանությո՞ւն է․ մարդը փորձում է մերժել իրականությունը, որ իր ներսում ստեղծած հավասարակշռությունը չխախտվի։ Վերջում հիշեցրի ԵԽ պատգամավոր Անդրիսենի կոչը՝ հրաժարվել Հայաստանին ԵՄ անդամակցություն առաջարկելու գաղափարից՝ «կեղծ ակնկալիքներ չստեղծելու համար», հիշեցրի, որ սկզբում եվրոպական խոստումներով ՀՀ ընտրազանգվածին հավատացրին այդ եվրահեքիաթին, հետո պարզվեց՝ անդամակցության ակնկալիքներ չպետք է ունենանք։ Հայաստանի հետ կարելի է հանդիպել, ժպտալ, լուսանկարվել, բայց ո՛չ ավելին։ Ահա Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման գինը․ հին ուղին փակվեց, նորը չբացվեց։ Պատասխանեց. «Մենք Ռուսաստանի գերին չենք։ Նիկոլն ամեն ինչ կկարգավորի»։ Փաստ է, որ արտաքին դաշտում լարված է, արդար ընտրություններ չկարողացան կազմակերպել, թշնամու զորքը ՀՀ տարածքից դուրս չի գալիս, եթե երկրի ղեկավարը չի կարողանում կատարել իր պարտականությունները, ո՞րն է ճիշտ լուծումը։ Լռեց։ Չկարողացավ ասել՝ «ճիշտ լուծումը թողնել հեռանալն է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչո՞ւ որոշվեց, որ գործուղման նպատակակետը պետք է լինի Թուրքիան․ Շիրազ Մանուկյան

Ինչո՞ւ որոշվեց, որ գործուղման նպատակակետը պետք է լինի Թուրքիան․ Շիրազ Մանուկյան Wed, 01 Jul 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով