Շաբաթ , 5 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարողը խոստովանել է մեղքը

«Հրապարակ»․ Անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարողը խոստովանել է մեղքը

Sat, 05 Sep 2026 11:15:49 +0400


Վեդիում երեխաների շահագործման ու թրաֆիքինգի աղմկահարույց գործը մտել է դատարան: Առաջին դատական նիստը կայացել է: Երեք մեղադրյալների խափանման միջոց կալանքը դատարանը երկարաձգել է, որից հետո դատարանը՝ Ռիմա Առաքելյանի նախագահությամբ, ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին մեզ հայտնեց աղջիկների պաշտպանը` Լուսինե Մարտիրոսյանը: «Հաշվի առնելով, որ ինքը քննարկել է մեղադրյալներից մեկի՝ չակերտավոր բարերարի հարցը, որի ընթացքում նա, կարծես թե, խոստովանական հայտարարություն է արել… քանի որ դատավորը լսել է խոստովանությունը, իսկ Դատական օրենսգրքով կա նման արգելք՝ եթե դատարանը խոստովանություն է լսել, չի կարող քննել գործը»,- ինքնաբացարկի պատճառներն է բացատրում Լուսինե Մարտիրոսյանը:

Դատավորի ինքնաբացարկից հետո գործը դեռ նոր դատավորի չի մակագրվել: Լուսինե Մարտիրոսյանը նաեւ մեզ հայտնեց, որ երեխաներն արդեն գտնվում են տանը, իսկ մինչ այդ ճգնաժամային կենտրոնում էին` խնամքի հաստատությունում: «Երեխաներն իրենց հայրիկի, մայրիկի հետ են: Այդ ընտանիքում 5 երեխա է, որից 4-ն անչափահաս է: Մեկ եղբայր ունեն, որն ունի հաշմանդամություն: Երեխաները ճգնաժամային կենտրոնում էին, որտեղ նրանց հետ հոգեբաններ էին աշխատում, որպեսզի դուրս գան այդ վիճակից: Հիմա դուրս են եկել եւ տանն են»,- ասաց Մարտիրոսյանը: Օգոստոսի 3-ին այս գործով նախաքննությունն ավարտվել է:

«Վեդի քաղաքի 64-ամյա բնակիչ, տաքսու վարորդ Դ. Ա.-ն, աշխատանքի բերումով տեղեկացված լինելով համաքաղաքացու ընտանիքի սոցիալական ծանր պայմաններից բխող խոցելի վիճակի մասին, 2025-ի սկզբից մինչեւ 2026-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում … անչափահաս աղջիկներից մեկի անօգնական վիճակն օգտագործելով, համոզելով եւ սպառնալիքի միջոցով ենթարկել է սեռական շահագործման` նրա հետ պարբերաբար ունենալով սեռական հարաբերություն»,- ասված է մեղադրականում: Էլի «վատ» դրվագներ կան: «Դ. Ա.-ի հարեւանը, որը նրանից տեղեկանալով այս նույն ընտանիքի խոցելի վիճակից, դպրոցի ճանապարհին սպասել է անչափահաս աղջկան, առեւանգել է, տարել եկեղեցու հարակից տարածք եւ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել, իսկ Երեւանի 39-ամյա բնակիչ Վ. Ե.-ն, իբր բարեգործության պատրվակով, գնումներ է կատարել անչափահասի համար, առանձնացել է նրա հետ, որի ընթացքում կատարել է անառակաբարո գործողություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Սա հենց այն տղամարդն է, որը նախ հերքում էր, թե մեղավոր է, սակայն կալանքի հարցի քննարկման նիստի ժամանակ խոստովանել է մեղքը:

Հիշեցնենք․ լրագրող Սյուզի Բադոյանն իր ֆեյսբուքյան էջում առաջինն էր, որ բացահայտեց այս դեպքը` որ Վեդիում երկու անչափահաս աղջիկ՝ քույրեր, տեւական ժամանակ ենթարկվել են սեռական ոտնձգությունների, եւ որ երեխաների հորեղբայրն արդեն իսկ վրեժխնդիր է եղել ու դանակահարել է կասկածյալին: Բայց իրավապահները փորձում էին կոծկել ե՛ւ պղծման, ե՛ւ դանակահարության պատմությունը։

Ներքին գործերի նախարարու­թյունը բարձրացված աղմուկից հետո սկզբում փորձում էր հերքել կամ նվազեցնել դեպքի մասշտաբը՝ պնդելով, թե «ահազանգերին ընթացք է տրվել», իսկ ինֆորմացիայի կոծկման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Պաշտոնական մակարդակով փորձ էր արվում ներկայացնել, թե համակարգը թերացում չի ունեցել, այնինչ դեռ փետրվարի 12-ին երեխաների հայրը դիմել էր ոստիկանություն, բայց Վեդիի ոստիկանները տեղից չէին շարժվել։ Միայն հանրային մեծ ճնշումից հետո Արարատի ոստիկանության ու քննչականի ղեկավարներին հանեցին աշխատանքից, ակտիվացան քննչականը, ՄԻՊ-ը, Վեդիի համայնքապետարանի խնամակալության բաժինը՝ նախընտրական շրջանի տրամաբանության մեջ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գուցե վիճեք ձեզ ընտրել են, թե չէ, բայց Ալիևին հաստատ չի ընտրել

Գուցե վիճեք ձեզ ընտրել են, թե չէ, բայց Ալիևին հաստատ չի ընտրել Fri, 04 Sep …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով