Հինգշաբթի , 26 Նոյեմբերի 2026

«Մահացածի մասին կամ լավը, կամ՝ ոչինչ»․ Ամասիայում ընտրություններից առաջ անցյալի հաշիվներն են պարզում

«Մահացածի մասին կամ լավը, կամ՝ ոչինչ»․ Ամասիայում ընտրություններից առաջ անցյալի հաշիվներն են պարզում

Thu, 26 Nov 2026 21:45:49 +0400


Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մնացել է ընդամենը երկու օր, սակայն նախընտրական պայքարն արդեն տեղափոխվել է նաև սոցիալական ցանցեր։ Համայնքում ընտրապայքարին մասնակցում են երկու քաղաքական ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ գործող համայնքապետ Ջեմմա Հարությունյանի գլխավորությամբ, և «Բարոյական արժեքներ» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է նախկին ՔՊ-ական Սամվել Ղարիբյանը։
Ամասիայի այս ընտրություններն ուշագրավ են նաև նրանով, որ նախկինում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Ջեմմա Հարությունյանն այսօր արդեն ՔՊ-ի թեկնածուն է, իսկ նախկին ՔՊ-ական Սամվել Ղարիբյանը՝ նրա մրցակիցը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններից հետո, երբ ՔՊ-ն բոյկոտեց ավագանու աշխատանքները, Ջեմմա Հարությունյանը համայնքի ղեկավար դարձավ ՀՀԿ-ի ավագանու անդամների աջակցությամբ։ Այսօր, սակայն, նա հանդես է գալիս ՔՊ-ի ցուցակով և վայելում իշխող ուժի ներկայացուցիչների աջակցությունը։

Նախընտրական վերջին օրերին Ջեմմա Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Ամասիայի նախկին ՀՀԿ-ական համայնքապետ Աղասի Ամիրյանի որդուն՝ Աշոտ Ամիրյանին, որն այժմ «Բարոյական արժեքներ» կուսակցության շարքերում է։ Հարությունյանի գրառման բովանդակությունը բավականին կոշտ է․ նա հարցեր է բարձրացնում Աղասի Ամիրյանի նախկին պաշտոնավարման, 2016 թվականի ընտրություններից առաջ նրա ինքնաբացարկի և տարիներ շարունակ այդ մասին չխոսելու վերաբերյալ։

Ջեմմա Հարությունյանի գրառումն ամբողջությամբ՝
«Մահացածի մասին կամ լավը, կամ՝ ոչինչ․․ Սակայն, որդու պատճառով ստիպված ենք ասել հետևյալը։
Ինչո՞ւ է Ամասիայի նախկին ՀՀԿ-ական համայնքի ղեկավար Աղասի Ամիրյանի որդին՝ Աշոտ Ամիրյանը, ժամանակավորապես ապավեն գտել իրեն ոչ բնորոշ անվանում ունեցող «Բարոյական արժեքներ» կուսակցության շարքերում։
Երիտասարդի թվարկած և իր հորը վերագրվող «դրական» աշխատանքներն է՞ին արդյոք պատճառը, որ 2016 թվականի Ամասիա համայնքի ՏԻՄ ընտրություններից մի քանի օր առաջ ինքնաբացարկ հայտնեց հայրը, թե՞ կային այլ պատճառներ, որոնց մասին ամասիացիները մինչ օրս չգիտեն։
Ինչո՞ւ էիք տասը տարի լռում և չէիք խոսում «կատարված» աշխատանքների մասին։
Դու շատ երիտասարդ ես և շատ բան չգիտես, բայց խոսում ես դրանց մասին։ Եթե ձեզ թվում է, որ ամասիացիները մոռացել են այդ տարիների պաշտոնավարման աշխատանքների մասին՝ մենք ձեզ կհիասթափեցնենք։ Բոլորը ամեն ինչ շատ լավ հիշում են։
Էլի մնալով մեր բարձր դիրքերում՝ կոչ ենք անում երիտասարդին չտրվել իրենց կուսակցության ներսում խաբեություն ստեղծող շինծու իրավիճակին, չտրվել մեկ պաշտոնը մի քանի հոգու խոստանալու գայթակղությանը, զերծ մնալ հանգուցյալ հոր անունը շահարկելուց և դրա հետևանքով մեզ չդրդել շեղվել մեր իրական ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՑ և խոսել ամեն ինչի մասին ավելի բաց։
Եթե ընդունում եք մեր դիրքորոշումը, ուրեմն՝ մահացածի մասին կամ լավը, կամ՝ ոչինչ․․․․․»

Ջեմմա Հարությունյանի այս գրառմանը պատասխանել է Աշոտ Ամիրյանը։ Նա նշել է, որ Ամասիայի բնակիչները շատ լավ գիտեն՝ ով ինչ է արել համայնքի համար, ով ինչ է կառուցել, ինչ ժառանգություն է թողել և ով ինչ հնարավորություններ է ունեցել, բայց չի օգտագործել։ Նրա խոսքով՝ համայնքի բնակիչների հիշողությունը ձևավորվում է տեսածով ու ապրածով, ոչ թե այսօրվա քաղաքական հայտարարություններով։

Ամիրյանը նաև հակադարձել է Ջեմմա Հարությունյանին՝ ընդգծելով, որ տարիների աշխատանքը մեկ հայտարարությամբ չի ջնջվում, ինչպես և տարիների անգործությունը չի արդարացվում նոր խոստումներով։ Նա նշել է, որ Ամասիայում բոլորին ճանաչում են իրենց գործերով, ոչ թե սեփական անձի մասին հնչեցրած գնահատականներով։

«Ձեր խոսքերին գուցե միայն դուք եք հավատում, բայց համայնքի բնակիչները սեփական աչքերով են տեսնում իրականությունը»,- գրել է նա։

Աշոտ Ամիրյանը նաև նշել է, որ եթե Ջեմմա Հարությունյանը խոսելու ասելիք ունի, ապա պետք է դա անի բացահայտ և փաստերով, ոչ թե ակնարկներով։ Նրա խոսքով՝ եթե քննարկվելու է անցյալը, ապա պետք է պատրաստ լինել խոսելու ոչ միայն ուրիշների, այլև սեփական անցած ճանապարհի մասին։

«Ամասիային պետք չեն ո՛չ բարոյականության մասին դասեր, ո՛չ էլ վախեցնելու փորձեր։ Ամասիային պետք են հաշվետվություն, իրական աշխատանք և պատասխանատվություն»,- եզրափակել է նա։

Ամասիայի ընտրություններին ընդառաջ համայնք էր այցելել նաև ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, որը հանդիպման ժամանակ աջակցություն էր հայտնել ՔՊ-ի թեկնածու Ջեմմա Հարությունյանին։ Բաղդասարյանի համոզմամբ՝ իրական ղեկավարը նա է, ով իր ընտանիքով և ազգակիցներով կապված է սեփական ծննդավայրին, հնարավորություն ունենալով հեռանալու՝ շարունակում է ապրել ու աշխատել նույն վայրում։

«Դու չես կարող Ամասիայի դարդ ու ցավը չիմանալով, հոգսը չիմանալով՝ գաս, էսօր առաջադրվես համայնքի ղեկավար»,- հանդիպման ժամանակ հայտարարել էր Նազելի Բաղդասարյանը։

Պատգամավորը նաև հորդորել էր թույլ չտալ, որ որևէ մեկը հանդես գա ՔՊ կուսակցության անունից՝ անդրադառնալով Սամվել Ղարիբյանի՝ կուսակցությունից հեռանալուն և առանձին քաղաքական ուժով ընտրություններին մասնակցելուն։ Բաղդասարյանը պատմել էր, որ կուսակցության վարչության որոշումից հետո հանդիպել է Ղարիբյանին, որն այդ ժամանակ դեռ ՔՊ անդամ էր, և հորդորել չհակադրվել վարչապետի ու կուսակցության վարչության որոշմանը։

«Բայց իրենք չեն լսել, լավ ճանապարհով չեն գնացել, Աստված իրենց հետ»,- ասել էր նա՝ ներկաներին հավաստիացնելով, որ անպայման հաղթելու են։ Բաղդասարյանը նաև հայտարարել էր, որ ընտրողների նկատմամբ ճնշումներ գործադրելու փորձերի դեպքում դրանով կզբաղվեն իրավապահ մարմինները։

Նազելի Բաղդասարյանի հայտարարություններին արձագանքել է Սամվել Ղարիբյանը։ «Բարոյական արժեքներ» կուսակցությունը ներկայացնող, նախկին ՔՊ-ական թեկնածուն նշել է, որ պատգամավորը չի տիրապետում իրականությանը և փաստերին։ Նա հիշեցրել է, որ դեռևս 1995 թվականից ընտանիքի հետ բնակություն է հաստատել Ամասիա համայնքի Արդենիս գյուղում, ավելի քան երեք տասնամյակ իր կյանքն ու գործունեությունը կապել այդ տարածաշրջանի հետ՝ զբաղվելով գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։

Անդրադառնալով իր և Նազելի Բաղդասարյանի հանդիպմանը՝ Ղարիբյանը նշել է, որ ճիշտ չի համարում քաղաքական անհամաձայնությունը որպես թշնամանք ներկայացնելը, իսկ այլընտրանքային կարծիքը՝ որպես սպառնալիք։
«Մեզ համար քաղաքական մրցակցությունը մարդկանց բաժանելու միջոց չէ, այլ տարբեր մոտեցումներ ներկայացնելու, խնդիրները բացահայտելու և հանրության առջև պատասխանատվություն ստանձնելու հնարավորություն է»,- նշել է Սամվել Ղարիբյանը։

Այսպիսով՝ Ամասիայում ընտրություններից առաջ քննարկման առանցքում ոչ միայն թեկնածուների նախընտրական ծրագրերն են, այլև նրանց քաղաքական անցյալը, նախկին պաշտոնյաների գործունեությունն ու համայնքի բնակիչների հիշողությունները։ Ջեմմա Հարությունյանի և Աշոտ Ամիրյանի միջև ծավալված բանավեճը, ինչպես նաև Նազելի Բաղդասարյանի ու Սամվել Ղարիբյանի փոխադարձ հայտարարությունները ցույց են տալիս, որ ընտրապայքարը համայնքում ուղեկցվում է նաև անցյալի վերաբերյալ լուրջ տարաձայնություններով։ Իսկ թե ինչպես կգնահատեն ամասիացիները թեկնածուների խոսքերն ու անցած ճանապարհը, պարզ կդառնա նոյեմբերի 29-ին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Մեր հասարակությունն իրավունք ունի լուրջ վերաբերմունք պահանջելու իր ղեկավարից

«Հրապարակ». Մեր հասարակությունն իրավունք ունի լուրջ վերաբերմունք պահանջելու իր ղեկավարից Thu, 26 Nov 2026 11:45:57 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով