Ով Նիկոլին դեմ է՝ քաղաքացիությունից կզրկվի․․․
Thu, 26 Nov 2026 15:15:50 +0400

ՀՀ «հպարտ քաղաքացիները» նոր Սահմանադրության նախագծով ընկել են Նիկոլի «դռբի տակ»։ Հիմա էլ պարզվում է՝ հայրենիքում ապրելու համար միայն անձնագիր ունենալը քիչ է։ Պետք է նաև իշխանության հետ քաղաքական համատեղելիություն ունենալ։
Լրագրողների հետ ճեպազրույցում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասում է, թե մամուլում շրջանառվող պնդումները, որ մարդուն կարող են զրկել քաղաքացիությունից ցանկացած քրեական մեղադրանքի հիման վրա, ճիշտ չեն։ Խոսքը, նրա պարզաբանմամբ, վերաբերում է այնպիսի արարքներին, ինչպիսիք են պետական դավաճանությունը, դիվերսիան, պետական գաղտնիքի հրապարակումը և սահմանադրական կարգի հիմունքների դեմ ուղղված այլ հանցագործությունները։
Այսինքն՝ խոսքը նրանց մասին է, ովքեր պետության դեմ են գնում։ Բայց Նիկոլ Փաշինյանի քաղաքական տրամաբանությամբ պետությունն ինքն է, կառավարությունն ինքն է։ Բազմիցս է հայտարարել։ Ստացվում է՝ ով Նիկոլին դեմ գնաց, կարող է քաղաքացիությունից զրկվելու հեռանկարի առաջ կանգնել։
Օրինակ՝ վերցնենք Սամվել Կարապետյանին։ Մարդը հրապարակային հայտարարություն է արել՝ պաշտպանելով Հայ Առաքելական եկեղեցին, ինչից հետո նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Հիմա պատկերացրեք՝ նման մեղադրանքը նոր Սահմանադրության դրույթների համատեքստում ինչպիսի՞ հնարավորություններ կարող է ստեղծել Փաշինյանի համար։ Այսօր մեղադրում են իշխանությունը զավթելու կոչերի մեջ, վաղը կարող են քաղաքացիությունից զրկելու հարցն էլ դնել սեղանին։
Մի խոսքով՝ ոչ ոք թող չփորձի Նիկոլի աթոռը տակից քաշել։ Գլխով ու քաղաքացիությամբ պատասխան կտա։
Քաղաքական մրցակիցները չեն ուզում ինքնակամ հեռանալ ասպարեզից։ Ձերբակալվում են, նրանց նկատմամբ պետական անվտանգությանն առնչվող ծանր մեղադրանքներ են առաջադրվում, բայց արի ու տես՝ մարդիկ չեն հասկանում, որ պետք է հանգիստ թողնեն Նիկոլին, որ իր ծրագիրը հասցնի ավարտին։ Դեռ մի բան էլ ուզում են աթոռը տակից քաշել։
Համաձայնեք, դա պետության, ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանի համար մե՜ծ վտանգ է։
Երևի հենց այդ պատճառով էլ քաղաքացիությունից զրկելու ինստիտուտը կարող է դառնալ քաղաքական պայքարի նոր գործիք։ Սա այն դեպքն է, երբ պետության անվտանգությունը չափում են ոչ թե պետության շահերով, այլ իշխանության հարմարավետությամբ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր