«Հրապարակ»․ Վերին Ոսկեպարը հանձնելու են. այլընտրանքային ճանապարհին 14 միլիարդ են հատկացրել
Thu, 02 Jul 2026 10:15:16 +0400

Մայիսի 30-ին Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղում նախընտրական հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գյուղի հրապարակում հավաքված ոսկեպարցիներին ասաց, որ ամենակարեւոր գործերից մեկը համարում է սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելը, որպեսզի ոսկեպարցի երեխաների համար կիսատ գործ չթողնեն։ Փաշինյանը Կիրանց գյուղի օրինակով ոսկեպարցիներին փորձում էր համոզել, որ սահմանազատման հետեւանքով Ադրբեջանի սահմանի մոտենալով անվտանգության ռիսկերը չեն մեծանում: Ասում էր՝ հիմա 21-րդ դարն է, կապ չունի՝ սահմանից 30 մետր ես հեռու, թե` 300 մետր, 30 կիլոմետր, թե՝ 300: Սահմանից 1000 կմ հեռու, տանը նստած կարող ես հեռուստացույց նայել, պատուհանից ԱԹՍ-ն ներս ընկնի։ Այսպես նա ոսկեպարցիներին սովորեցնում էր, որ սահմանազատման շարունակության հետեւանքով, անկլավ համարվող Վերին Ոսկեպարի հանձնումով Ադրբեջանը կարող է իրենցից 30 մետր հեռավորությամբ հաստատվել, եւ դրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Նա նաեւ հայտարարեց, թե պետական աջակցությամբ 21 միլիոն դրամ արժեքով, վարկային ֆինանսավորմամբ Ոսկեպարում կառուցված առանձնատներն Ադրբեջանի տարածքին ամենամոտ հատվածում են կառուցվել, եւ դրանով ոսկեպարցիներին զգուշորեն նախապատրաստում էր ադրբեջանցիներին իրենց դրկից` մոտ հարեւան տեսնելուն։
Սահմանազատումը շարունակվելու դեպքում Ադրբեջանին կհանձնվեն ոչ միայն Վերին Ոսկեպարի տարածքը, այլ նաեւ միջպետական ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածի որոշ կտորներ։ Դրանից հետո Տավուշի մարզկենտրոն Իջեւանի տրանսպորտային կապը Նոյեմբերյան համայնքի հետ կդժվարանա։ Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհի այլընտրանքային ճանապարհը Ենոքավան-Կարմիրգյուղ-Ջուջեւան ավտոճանապարհն է, որի 6,3 կիլոմետրանոց հատվածը կառուցվել է 2024 թվականին, ճանապարհի մնացած` մեծ հատվածը պետք է դեռ կառուցապատվի։ Տեղեկություններ ենք ստացել, որ ավելի քան երկու ամիս է, ինչ չափագրողներ են աշխատում՝ այդ ճանապարհը կառուցապատելու համար։
Հունիսի 22-ին տեղեկատվական հարցում եմ ուղարկել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին․ «Ենոքավան-Կարմիր գյուղ ճանապարհի ընդամենը 6,3 կմ-ն է կառուցվել 2024 թվականին։ Այդ ճանապարհի մնացած հատվածի չափագրման, նախագծման, նախահաշվի կազմման աշխատանքները ե՞րբ են սկսվել, ինչքա՞ն կտեւեն։ Ե՞րբ է այդ ճանապարհի մնացած հատվածի շինարարության մրցույթ հայտարարվելու, ինչքա՞ն գումար է նախատեսված դրա շինարարության համար»։
Հունիսի 29-ին ստացել եմ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանի ստորագրությամբ պատասխանը․ «Հայտնում ենք, որ Հ26, /Մ4/-Ենոքավան-Կարմիրգյուղ(գյուղատեղի)-/Մ16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 6+300-կմ 71+800 հատվածի հիմնանորոգման նախագիծը պատրաստ է։ Շինարարության մրցույթը կայացել է։ Մոտ 67 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են։ Շինաշխատանքների պայմանագրային արժեքը 14 670 000 000 դրամ է»։
Ամեն փոքր գործից քարոզչական մեծ աղմուկ բարձրացնող իշխանությունը 67 կիլոմետր երկարությամբ, 14 միլիարդ 670 միլիոն դրամ արժեքով ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների մասին հանրությանը չի տեղեկացրել։ Դրա պատճառն այն է, որ հանրությունը, իմանալով Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհին այլընտրանք հանդիսացող Ենոքավան-Կարմիրգյուղ-Ջուջեւան ավտոճանապարհի հիմնանորոգման մասին, կանհանգստանա, որ առաջիկայում սահմանազատման շարունակմամբ Ադրբեջանին են հանձնվելու ադրբեջանական անկլավ հռչակված Վերին Ոսկեպարը, Կիրանց-Ոսկեպար ճանապարհի շատ հատվածներ։ Այս տարածքում ապրող մարդիկ շատ լավ գիտեն, որ այդ հանձնումը Հայաստանի համար մեծ վտանգներ է պարունակում, որին առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնանք։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր