Հինգշաբթի , 2 Հուլիսի 2026

Հուլիսի 4-ից հետո Հայաստանը մտնելու է ներքաղաքական աննախադեպ լարված փուլ

Հուլիսի 4-ից հետո Հայաստանը մտնելու է ներքաղաքական աննախադեպ լարված փուլ

Thu, 02 Jul 2026 10:13:42 +0400


Երեկ գրել էի Սահմանադրական դատարանում «Միասնության Թևեր» կուսակցության ներկայացուցիչների ամփոփիչ ելույթի և այն ծանրակշիռ փաստերի մասին, որոնցից հետո Սահմանադրական դատարանն այլևս կանգնած է ոչ միայն իրավական, այլև ինստիտուցիոնալ պատասխանատվության առաջ։

Այսօր ուզում եմ խնդիրը դիտարկել ավելի սառը քաղաքական հաշվարկի տեսանկյունից։

Պետք է շատ հստակ արձանագրել, որ այս Սահմանադրական դատարանի նկատմամբ հանրային վստահության խնդիրը պարզապես իրավական կամ ընթացակարգային հարց չէ։ Այն ունի ակնհայտ քաղաքական հիմք։ ՍԴ գործող կազմը ձևավորվել է գործող իշխանության օրոք և իշխող քաղաքական մեծամասնության վճռորոշ մասնակցությամբ։ Ավելին՝ տարբեր առիթներով այս դատարանն արդեն ցուցադրել է իշխանության համար քաղաքականապես հարմար որոշումներ կայացնելու բավական բարձր պատրաստակամություն։

Հետևաբար, որևէ միամիտ սպասում ունենալ, թե ՍԴ-ն այս գործով կգործի լիովին անկախ, քաղաքական կոնտեքստից կտրված և բացառապես իրավական տրամաբանությամբ, առնվազն անիրատեսական է։ Բայց հենց այստեղ է առաջանում երկրորդ, ոչ պակաս կարևոր հանգամանքը։

Չի կարելի բացառել, որ Սահմանադրական դատարանը, այնուամենայնիվ, չեղյալ ճանաչի այս ընտրությունների արդյունքները և ճանապարհ բացի նոր ընտրությունների համար։ Սակայն այդ դեպքում էլ դա չպետք է ընկալել որպես ՍԴ-ի անկախության հանկարծակի զարթոնք։ Ակնհայտորեն նման որոշումը կնշանակի մեկ բան՝ այդ սցենարը տվյալ պահին բխում է հենց գործող իշխանության քաղաքական հաշվարկից։

Նոր ընտրությունները Նիկոլ Փաշինյանի համար կարող են լինել ոչ թե պարտություն, այլ հերթական քաղաքական վերադասավորման հնարավորություն՝ փորձելու ստանալ սահմանադրական մեծամասնություն, ազատվել այս ընտրությունների շուրջ ձևավորված լեգիտիմության ծանր բեռից և վերակառուցել քաղաքական դաշտը իրեն առավել հարմար պայմաններում։

Այդ պատճառով առաջիկա օրերին բոլոր քաղաքական ուժերը պարտավոր են դուրս գալ սպասողական հոգեբանությունից։
Մինչև հուլիսի 4-ը պետք է սեղանին դրվեն Սահմանադրական դատարանի որոշման բոլոր հնարավոր սցենարները՝ մերժում, մասնակի լուծում, ընտրությունների արդյունքների չեղարկում, նոր ընտրություններ, քաղաքական ճգնաժամի խորացում։ Յուրաքանչյուր սցենարի համար պետք է լինի հստակ օրակարգ, հստակ գործողությունների տրամաբանություն և հանրության հետ ազնիվ խոսելու պատրաստակամություն։

Հուլիսի 4-ից հետո Հայաստանը մտնելու է ներքաղաքական աննախադեպ լարված փուլ։ Դա, ըստ էության, լինելու է ոչ թե դատական գործընթացի ավարտ, այլ նոր՝ շատ ավելի բարդ, լարված և իրադարձություններով հագեցած փուլի սկիզբ։
Այստեղ այլևս անակնկալի գալու իրավունք չկա։ Ով մինչև հուլիսի 4-ը չի պատրաստվում բոլոր սցենարներին, հուլիսի 4-ից հետո կարող է հայտնվել լուսանցքում։ Եվ ամենակարևորը՝ այս ամենը պետք է անել սառը գլխով, պետական պատասխանատվությամբ և առանց որևէ պատրանքի։

Դավիթ Անանյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եկեք չմոռանանք՝ ինչի համար ենք հավաքվել

Եկեք չմոռանանք՝ ինչի համար ենք հավաքվել Wed, 01 Jul 2026 18:45:30 +0400 Ես ՍԴ-ին, բողոքող …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով