Ուրբաթ , 27 Նոյեմբերի 2026

Եգիպտական խորհրդանշանը դարձել էր Էրդողանի քաղաքական զենքը

Եգիպտական խորհրդանշանը դարձել էր Էրդողանի քաղաքական զենքը

Fri, 27 Nov 2026 22:00:59 +0400


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական հռետորաբանության մեջ առանձնահատուկ տեղ ունի «Ռաբիա»-ն՝ չորս մատներով ձեռքի ժեստը, որը տարիների ընթացքում վերածվել է ոչ միայն իշխող քաղաքական ուժի, այլև Թուրքիայի սուննիական ազգայնականության խորհրդանիշներից մեկի։ Եգիպտոսում ծնունդ առած այս նշանը, որը սկզբում արտահայտում էր քաղաքական պայքար և համախմբում, Էրդողանի կողմից աստիճանաբար ներառվեց Թուրքիայի ներքաղաքական օրակարգում՝ ձեռք բերելով նոր՝ ազգային, կրոնական և քաղաքական նշանակություն։

Թուրքիայում «Ռաբիա» նշանը լայն տարածում ստացավ 2013թ.՝ Գեզիի բողոքի ցույցերի ընթացքում։ Սկզբում Ստամբուլի Գեզի այգում կազմակերպված բնապահպանական ակցիաներն ուղղված էին ծառահատումների և տարածքում առևտրի կենտրոն կառուցելու ծրագրի դեմ, սակայն կարճ ժամանակ անց դրանք վերածվեցին հակակառավարական զանգվածային շարժման՝ խորացնելով երկրում հասարակական և քաղաքական լարվածությունը։

Այս իրադարձությունների ֆոնին Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսեց օգտագործել «Ռաբիա» խորհրդանշանը՝ այն ներառելով իր քաղաքական հռետորաբանության մեջ։ 2013 թ. օգոստոսի 17-ին Բուրսայում ունեցած ելույթի ընթացքում նա առաջին անգամ հրապարակավ ցուցադրեց չորս մատներով նշանը, որն այնուհետև դարձավ նրա հանրային ելույթների և ժողովրդի հետ հանդիպումների մշտական տարրը։

Թուրքիայում այդ նշանի քաղաքական նշանակությունն ավելի ամրապնդվեց 2016 թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո։ Այդ օրերին, երբ զինված խմբերը վերահսկողության տակ էին վերցրել մի շարք ռազմավարական օբյեկտներ, Էրդողանը քաղաքացիներին կոչ արեց դուրս գալ փողոց և դիմակայել հեղաշրջման փորձին։ Փորձի տապալումից հետո նրան Ստամբուլի օդանավակայանում դիմավորեցին հազարավոր աջակիցներ, որոնց նա ողջունեց հենց «Ռաբիա» ժեստով։ Այդ պահից նշանը Թուրքիայի ներքաղաքական կյանքում ընկալվում էր արդեն որպես հեղաշրջման դեմ դիմադրության, իշխանության պահպանման և Էրդողանի քաղաքական դիրքորոշման խորհրդանիշ։

2017 թ. «Ռաբիա»-ն ստացավ նաև պաշտոնական գաղափարական մեկնաբանություն։ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) արտահերթ համագումարի ժամանակ Էրդողանը խորհրդանշանը կապեց իր հայտնի կարգախոսի՝ «Մեկ ազգ, մեկ դրոշ, մեկ հայրենիք, մեկ պետություն» սկզբունքների հետ։ Այդ պահից ժեստը դարձավ ազգային միասնականության, պետականության և հայրենասիրության խորհրդանիշ։

Կարգախոսի ամեն մի բաղադրիչ ուներ առանձին նշանակություն. «մեկ ազգը» շեշտում էր ազգային միասնականությունը, «մեկ դրոշը»՝ պետական խորհրդանիշների շուրջ համախմբումը, «մեկ հայրենիքը»՝ երկրի տարածքային ամբողջականության գաղափարը, իսկ «մեկ պետությունը»՝ պետական կառույցի և իշխանության միասնականությունը։ Էրդողանը հետագայում գրեթե յուրաքանչյուր հանրային ելույթի և ժողովրդի հետ հանդիպման ընթացքում օգտագործում էր «Ռաբիա»-ն՝ որպես իր աջակիցներին ուղղված ողջույնի ձև։

Սակայն Թուրքիայում «Ռաբիա»-ի կիրառությունը երբեք միանշանակ չի ընդունվել։ Քննադատների մի մասը այն դիտարկում էր որպես Էրդողանի կողմից «Մուսուլման եղբայրներ» շարժման և իսլամական քաղաքականության նկատմամբ աջակցության արտահայտություն։ Մյուսները դեմ էին, որ Եգիպտոսում ձևավորված խորհրդանիշը ներկայացվի որպես Թուրքիայի ազգային միասնականության խորհրդանիշ։

Այս հակասություններն առավել ակնառու դարձան 2017թ., երբ Դյուզջեում և Բիլեջիքում տեղադրվեցին «Ռաբիա»-ին նվիրված հուշարձաններ։ Դրանք հատկապես քննադատվեցին ազգայնական շրջանակների կողմից։ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ – MHP) ներկայացուցիչները պնդում էին, որ եգիպտական ծագում ունեցող խորհրդանիշը չպետք է կապվի Թուրքիայի ազգային ինքնության կամ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի զոհերի հիշատակի հետ։ Դյուզջեում տեղադրված հուշարձանը նույնիսկ ծածկվեց «Գորշ գայլերի» խորհրդանիշով, իսկ ավելի ուշ ամբողջությամբ ապամոնտաժվեց։

«Ռաբիա»-ն ազդեցություն ունեցավ նաև թուրք-եգիպտական հարաբերությունների վրա։ Էրդողանի կողմից նշանի ակտիվ կիրառումը Կահիրեում ընկալվում էր որպես նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի և «Մուսուլման եղբայրներ» շարժման աջակցություն, ինչը հակասում էր Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի քաղաքական դիրքորոշմանը։ Երկու երկրների հարաբերությունները երկար ժամանակ լարված մնացին, իսկ Էրդողանի՝ Սիսիին հեղաշրջման միջոցով իշխանության գալու մասին հայտարարություններն ավելի խորացրին այդ տարաձայնությունները։

Սակայն վերջին տարիներին Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունների փոփոխության և տարածաշրջանային հարաբերությունների վերանայման պայմաններում «Ռաբիա»-ի քաղաքական նշանակությունը աստիճանաբար թուլացավ։ 2024թ. Էրդողանը, 11 տարվա ընդմիջումից հետո, այցելեց Կահիրե՝ մասնակցելով թուրք-եգիպտական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Տնտեսական համագործակցության ընդլայնման, առևտրի և տարածաշրջանային հարցերի շուրջ բանակցությունները ցույց տվեցին, որ նախկին քաղաքական հակադրությունները աստիճանաբար իրենց տեղը զիջում են փոխադարձ շահերին և դիվանագիտական համագործակցությանը։ Այս փոփոխություններին զուգահեռ Էրդողանը նաև զգալիորեն ավելի հազվադեպ սկսեց օգտագործել «Ռաբիա» խորհրդանշանը։

Այսօր «Ռաբիա»-ն շարունակում է մնալ Թուրքիայում ճանաչելի խորհրդանիշ, սակայն այն այլևս չունի այն քաղաքական կշիռը, որն ուներ նախորդ տասնամյակում։ Ժամանակի ընթացքում այն դուրս է եկել բացառապես քաղաքական դաշտից՝ հանդիպելով նաև առևտրային ապրանքանիշերի, խանութների անվանումների և հասարակական-մշակութային միջավայրում։

Ռաբիա ոճի մազերի կտրվածք

Ռաբիան՝ որպես զարդ

Այսպիսով, «Ռաբիա»-ի պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես կարող է մեկ քաղաքական խորհրդանշանը ժամանակի ընթացքում փոխել իր նշանակությունը՝ վերածվելով ներքաղաքական համախմբման, գաղափարական դիրքորոշման և արտաքին քաղաքական ուղերձի միջոցի։ Թուրքիայում այն սկզբնական շրջանում դարձավ Էրդողանի աջակիցներին միավորող խորհրդանիշ, ապա կապվեց ազգային միասնականության և 2016թ. հեղաշրջման փորձի դեմ պայքարի հետ։ Սակայն թուրք-եգիպտական հարաբերությունների կարգավորման գործընթացը և Անկարայի արտաքին քաղաքական առաջնահերթությունների փոփոխությունը ցույց տվեցին, որ քաղաքական խորհրդանիշների կիրառությունն ու նշանակությունը նույնպես ենթակա են ժամանակի և քաղաքական շահերի ազդեցությանը։

Թեև «Ռաբիան» ամբողջությամբ չի կորցրել իր ճանաչելիությունը, բայց այսօր Էրդողանի քաղաքական հռետորաբանության մեջ այլևս չունի այն առանցքային տեղը, որն ուներ մեկ տասնամյակ առաջ։

Աղբյուրը՝ Ermenihaber

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Հովսեփ Օրբելու, Վիկտոր Համբարձումյանի կողմից ստեղծված կառույցը չէր կարելի այսպես փոշիացնել

«Հրապարակ». Հովսեփ Օրբելու, Վիկտոր Համբարձումյանի կողմից ստեղծված կառույցը չէր կարելի այսպես փոշիացնել Fri, 27 Nov …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով