«Հրապարակ». Հովսեփ Օրբելու, Վիկտոր Համբարձումյանի կողմից ստեղծված կառույցը չէր կարելի այսպես փոշիացնել
Fri, 27 Nov 2026 12:15:41 +0400

Նոյեմբերի 18-20-ը տեղի են ունեցել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հինգ բաժանմունքների ժողովներ, եւ ՀՀ ԳԱԱ նախագահի միասնական թեկնածու է առաջադրվել ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, որը ԳԱԱ նախագահ է ընտրվել 2021 թվականի հունիսին։
Անգամ գիտական հաստատություններում, բուհերում իսպառ ոչնչացվել է ընտրության եւ մրցակցության գաղափարը՝ ամենուր մեկ թեկնածուով ընտրություններ են կայանում։ Իսկ Աշոտ Սաղյանն այն անձն է, որի ղեկավարման շրջանում, կարելի է ասել, ոչնչացվեց Գիտությունների ազգային ակադեմիան՝ նվազեցվեց նրա հեղինակությունը, ինստիտուտները հանվեցին կազմից, երբեմնի հեղինակավոր կառույցը դարձավ մի սովորական ՀԿ կամ հիմնադրամ, որը որեւէ դերակատարում չունի մեր երկրում։ Մի շարք ինստիտուտներ, ինչպիսիք են, օրինակ, լեզվի, պատմության ինստիտուտները, հայտնվել են բախտի քմահաճույքին եւ կախված են օդից։
Հիշեցնենք, որ դեռ 2021 թվականին այն ժամանակվա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ԱԺ-ում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի քննարկման ժամանակ հայտարարել էր` Գիտությունների ազգային ակադեմիայի այն ինստիտուտները, որոնք անարդյունք են աշխատում, պիտի փակվեն։ Իսկ իրենց կարծիքով արդյունավետ աշխատող ինստիտուտներին խոստացել էին պետական աջակցություն, պետպատվեր ու ֆինանսավորման ապահովում։ Հարությունյանի այս հայտարարությունը բուռն քննարկումների եւ քննադատության տեղիք էր տվել։
Նկատենք նաեւ, որ 2020 թվականի չարաբաստիկ պատերազմից հետո Գիտությունների ազգային ակադեմիան պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, եւ չի բացառվում, որ ԳԱԱ-ն փոշիացնելու այս ծրագիրը պայմանավորված էր հենց դրանով։ Նախորդ տարվա նոյեմբերին կառավարությունը հանրային քննարկման էր դրել Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված ՊՈԱԿ-ները (գիտական կազմակերպությունները) ԿԳՄՍՆ-ի ենթակայությանը հանձնելու մասին որոշման նախագիծը։ Նշվել էր, որ նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի ընդունմամբ: Այն ԱԺ-ն ընդունել է սեպտեմբերի 11-ին: Դրանով, ինչպես նշում էր Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն, բարձրագույն կրթության եւ գիտության համակարգը կարգավորող 4 օրենքները միավորում էին մեկի մեջ։
Աշոտ Սաղյանի առաջադրումից հետո գիտնականների շրջանում որոշակի դժգոհության ալիք է բարձրացել։ Գիտնականներից ոմանք այն կարծիքին են, որ ակադեմիան, ըստ էության, ոչնչացրած նախագահը չէր կարող նորից առաջադրվել։ Ինչո՞ւ որեւէ այլ գիտնական չի առաջադրվել նախագահի պաշտոնում, ի վերջո՝ ինչո՞վ է զբաղվում այժմ ակադեմիան, երբ մի քանի տասնյակ ինստիտուտներ ԳԱԱ կազմից դուրս են մնացել եւ գործում են ԿԳՄՍ նախարարության ու Գիտության կոմիտեի ենթակայության տակ։
ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով Աշոտ Սաղյանի առաջադրման եւ դրա շուրջ ծագած քննադատության ալիքի մասին, շեշտեց․ «Այո, Աշոտ Սաղյանն ընտրվել է միաձայն, նա առաջադրվել է, եւ մենք նրան ենք ընտրել՝ հաշվի առնելով իր գիտական եւ վարչարարական առանձնահատկությունները, առավելությունները։ Ես նորմալ եմ վերաբերվում նրա առաջադրմանը, ասեմ ավելին՝ ես դրական եմ քվեարկել դրան»։ Բայց նա մի ղեկավար է, որի պաշտոնավարման շրջանում ակադեմիան հայտնվել է լուծարման շեմին, եւ ինստիտուտների ճնշող մեծամասնությունն այժմ գործում է ակադեմիայից անջատ։ «Ի՞նչ կապ ունի Աշոտ Սաղյանն այդ ամենի հետ։ Դա պետական քաղաքականություն է, եւ նրանք, ովքեր Սաղյանին մեղադրում են, թող ուսումնասիրեն պետական քաղաքականությունը»։ Իսկ ինչո՞ւ ԳԱԱ գործող ղեկավարությունը դրա դեմ չի պայքարել, դա չի կանխել, վերջապես՝ ո՞րն է Ա․ Սաղյանի առավելությունը, ո՞ր հարցում եք նրանից այդքան գոհ։ «Գոհի ու դժգոհի հարց չկա, ես ուղղակի կողմ եմ քվեարկել։ Գոհ կամ դժգոհ լինելը գիտական կատեգորիա չէ։ Կա օբյեկտիվ իրականություն, որի շրջանակներում կատարվել է առաջադրումը»։
Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց․ «Ես չեմ կարող հստակ բան ասել այդ նիստերի մասին, քանի որ դրանց չեմ մասնակցում եւ ոչ մի տեղեկություն չունեմ, սակայն կարող եմ ասել, որ մենք վաղուց ակադեմիայի համակարգում չենք, նախորդ տարվա աշնանը մեզ հանեցին համակարգից, ու, փաստորեն, մնացել է միայն ակադեմիայի նախագահությունը, նաեւ՝ գիտակրթական միջազգային կենտրոնը՝ գրադարանի հետ։ Մեզ հետ կապված մի քանի նախագիծ կա, կարգավիճակի մի քանի տարբերակ ունենք։ Դրանցից մեկն այն է, որ բուհական ֆակուլտետներին պետք է միացվեն ինստիտուտները։ Կա նաեւ այնպիսի առաջարկ, որ այն կարող է լինել Գիտության կոմիտեին կամ ԿԳՄՍ նախարարությանը կից, բայց թե ինչպես հարցը կլուծվի, ասել չեմ կարող։ Նախնական քննարկումների համաձայն, մենք պետք է միավորվեինք ԵՊՀ պատմության ֆակուլտետին, սակայն դրանից հետո ոչ մի լուր չունենք, ոչ մի կոնկրետ բան չկա»։ Ինչպե՞ս է ստացվում, որ ակադեմիան լուծարման եզրին հասցրած մարդը նորից է առաջադրվում, եւ գիտնականները նրան կողմ են քվեարկում։ «Ես ամենասկզբից դեմ եմ եղել ակադեմիայի բարեփոխմանը, միշտ եմ ասել, որ ակադեմիան՝ որպես գիտական հաստատություն, պետք է գործի որպես մեկ ամբողջական հաստատություն, եւ այս փոփոխությունը պարզապես կվերացնի ակադեմիան։ Ես իմ կարծիքը չեմ փոխել, շատ սխալ մոտեցում են որդեգրել, եւ կարող ենք արձանագրել, որ այսօր, որպես այդպիսին, ակադեմիական համակարգ գոյություն չունի։ Բուհերին միացնելու մոտեցումը սխալ է, այն ամերիկյան համակարգ է, սակայն կա եվրոպականը՝ ֆրանսիական, գերմանական եւ այլն։ Դրանք գիտնականին հնարավորություն են տալիս ազատ, առանց դասավանդման ծանրաբեռնվածության զբաղվել գիտությամբ, սակայն որոշեցին, որ ամերիկյան համակարգն է ճիշտը եւ մեզ այդ համակարգի մեջ մտցրին, ինչը ենթադրում է բուհի հետազոտական տարբերակ։ Սա շատ սխալ քաղաքականություն է։ 1943 թվականին՝ պատերազմի թեժ օրերին հիմնադրված ակադեմիան, որը ստեղծվել է Հովսեփ Օրբելու եւ Վիկտոր Համբարձումյանի նման համաշխարհային մակարդակի դեմքերի կողմից, չէր կարելի փոշիացնել։ Պատահական չէ, որ հարեւան Վրաստանն ու Ղազախստանը, որոնք մեզնից առաջ գնացին այս ճանապարհով, այսօր զղջում են, իսկ մնացյալ նախկին միութենական պետությունները, որոնք այժմ անկախ են, չգնացին այդ ճանապարհով եւ պահպանեցին իրենց ակադեմիական կառույցները»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր