Ուրբաթ , 10 Հուլիսի 2026

«Անսպասելի հյուրը»` ժամանակից ավելի ուժեղ հիշողությունն է

«Անսպասելի հյուրը»` ժամանակից ավելի ուժեղ հիշողությունն է

Thu, 09 Jul 2026 23:45:52 +0400


Խորհրդային կինոարվեստը հաճախ է դիմել Հայրենական մեծ պատերազմի թեմային։ Դա խորհրդային կինոյի առանցքային թեմաներից է` ֆաշիզմին հաղթած խորհրդային ժողովուրդն իր հաղթանակը նաեւ կինոյով է ամրագրել։ Սակայն բոլոր կինոնկարները չէ, որ ռազմաճակատային գործողությունների մասին են։ Շատ ռեժիսորներ փորձել են ցույց տալ պատերազմն այլ ռակուրսից, թե ինչպես է պատերազմը շարունակել ապրել մարդկանց հիշողություններում, ազդել մարդկանց ճակատագրերի վրա։ Ռեժիսոր Վլադիմիր Մոնախովի՝ 1972 թվականին էկրան բարձրացած «Անսպասելի հյուրը» ֆիլմի հիմքում Էմանուիլ Կազակեւիչի «Ցերեկային լույսի ներքո» վիպակն է։ Այն սովետական կինոյի խոր հոգեբանական գործերից է։

Նախկին զինվորական, ճակատում կռված Անդրեյ Սլեպցովը գալիս է Մոսկվա, որպեսզի կատարի զոհված հրամանատար Վիտալի Նեչաեւի հանդեպ ունեցած բարոյական պարտքը։ Այցը, սակայն, դառնում է լուրջ բարոյական փորձություն՝ իրադարձության բոլոր մասնակիցների համար։ Սլեպցովը «հայտնաբերում» է, որ զոհված հրամանատարի կինը վաղուց դասավորել է կյանքն ու ապրում է նոր իրականությամբ, իսկ զոհված ամուսնու մասին հիշողությունն ամենեւին էլ այնպիսին չէր, ինչպիսին պատկերացնում էր պատերազմ անցած զինվորը։ Կինոնկարի գլխավոր ասելիքը ոչ թե անցյալի եւ ներկայի պայքարն է, այլ նույն մարդու մասին տարբեր մարդկանց տարբեր պատկերացումները։ Սլեցպովի համար Նաչաեւն անվախ սպա էր, իրական լիդեր, բացառիկ ազնիվ եւ խիզախ մարդ։ Ընտանիքի համար՝ հանդարտ ու համեստ ամուսին ու հայր, որին պատերազմը խլել է հարազատներից։ Ֆիլմը դիտելիս ակամա մտածում ես՝ իսկ, առհասարակ, հնարավո՞ր է մարդուն ճանաչել ամբողջովին, եթե ամեն մեկը նույն մարդու անհատականության մի կողմը կարող են բացահայտել միայն։ Կինոնկարում դրամատիկ պահեր չկան, ոչ էլ՝ ազդեցիկ զարգացումներ։ Լարվածություն կա նախեւառաջ խոսակցությունների, հայացքների եւ լռության մեջ։

70-ականների սովետական հոգեբանական ֆիլմերը նման զսպվածություն էին սիրում, որովհետեւ, իրականում, ռեալ ողբերգությունն ամպագոռգոռ խոսքերով չի արտահայտվում, այլ կորցրածը վերադարձնել չկարողանալու տառապանքով։ Կինոնկարը դիտելիս հասկանում ես, թե ինչ բան է մարդկային հիշողությունը` որ այն փաստերի պահոց չէ, այլ փոփոխվող երեւույթ։ Յուրաքանչյուրը՝ նույն մարդու մասին իր հիշողությունը, անցյալի մասին իր ճշմարտությունը, եւ այդ ճշմարտություններից ոչ մեկն ամբողջական չէ ու նաեւ՝ կեղծ էլ չէ։ Անցյալը, իհարկե, հնարավոր չէ վերականգնել բացարձակ օբյեկտիվությամբ, բայց մարդկային էմոցիաները դրանք անպայման փոփոխում են։ Ողբերգությունը շարունակում է մնալ մարդկային հիշողության մեջ, սակայն կյանքն առաջ է ընթանում, եւ ապրել շարունակող մարդկանց դատապարտել չի կարելի։ Կինոնկարում էլ, ի դեպ, նման դատապարտում չկա։ Հակառակը՝ կա ընկալում, որ կյանքը շարունակվում է, ու մարդը, կորստի ցավն ու հիշողությունը սրտում պահած, շարունակում է ապրել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանում տասնյակ զոհեր և վիրավորներ կան․ Թրամփը «սեղմեց կարմիր կոճակը»

Իրանում տասնյակ զոհեր և վիրավորներ կան․ Թրամփը «սեղմեց կարմիր կոճակը» Thu, 09 Jul 2026 13:00:06 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով