Չորեքշաբթի , 29 Հուլիսի 2026

TRIPP-ից մինչև WAICO․ ԱՄՆ-Չինաստան մրցակցությունը և Հայաստանի ռազմավարական ընտրությունը

TRIPP-ից մինչև WAICO․ ԱՄՆ-Չինաստան մրցակցությունը և Հայաստանի ռազմավարական ընտրությունը

Tue, 28 Jul 2026 20:15:28 +0400


TRIPP-ից մինչև WAICO․ ԱՄՆ–Չինաստան մրցակցությունը և Հայաստանի ռազմավարական ընտրությունը
Արհեստական բանականության ոլորտում համագործակցության համաշխարհային կազմակերպության (World AI Cooperation Organization, WAICO) ստեղծումը 2026 թվականի հուլիսի 16-ին Շանհայում դարձավ արհեստական բանականության (ԱԲ) գլոբալ կառավարման համակարգում իր դերն ինստիտուցիոնալացնելու Չինաստանի ամենալայնածավալ քայլը։ Հիմնադիր համաձայնագրի համաձայն՝ WAICO-ն կոչված է նպաստելու ԱԲ ոլորտում միջազգային համագործակցությանը և գլոբալ կառավարմանը՝ ապահովելով դրա անվտանգ, արդար և կարգավորված զարգացումը՝ ի շահ ողջ մարդկության։

WAICO-ն կարելի է դիտարկել որպես Պեկինի նոր գլոբալ նախագիծ, որը լրացնում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը՝ չինական ազդեցությունը տրանսպորտային, առևտրային և ենթակառուցվածքային ոլորտներից տարածելով տեխնոլոգիաների, թվային չափորոշիչների և ԱԲ կառավարման միջազգային կանոնների վրա։ Հիմնադիր համաձայնագիրը ստորագրել է 29 պետություն, այդ թվում՝ ԱՊՀ չորս երկիր՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ուզբեկստանը։ Համաձայնագրով ստեղծվել է միջկառավարական կազմակերպություն, որի գործունեությունն ուղղված է ԱԲ զարգացմանը, համապատասխան կարողությունների ամրապնդմանը և կառավարման սկզբունքների մշակմանը՝ առաջին հերթին հանուն զարգացող երկրների շահերի։ WAICO-ի նշանակությունն աճում է գեներատիվ ԱԲ ոլորտում Չինաստանի տպավորիչ տեխնոլոգիական առաջընթացի համատեքստում։ Այսպես, չինական Moonshot AI ընկերության նոր Kimi K3 մոդելը կարող է միաժամանակ աշխատել տեքստի, պատկերների և այլ տվյալների հետ, ինչպես նաև բարդ առաջադրանքը բաժանել մասերի ու յուրաքանչյուր մասը հանձնարարել համապատասխան մասնագիտացված ԱԲ համակարգի։ Հրապարակած արդյունքների համաձայն՝ ծրագրավորման, որոնման և տեսողական տվյալների մշակման մի շարք ցուցանիշներով այն հասել է արևմտյան առաջատար մոդելների մակարդակին, իսկ որոշ թեստերում գերազանցել է դրանք։ Սա ցույց է տալիս, որ Չինաստանը ոչ միայն ձգտում է դառնալ ԱԲ-ի գլոբալ կառավարման կանոններ ձևավորող կարևոր ուժ, այլև իր հավակնությունները հիմնավորում է սեփական առաջատար տեխնոլոգիական հարթակներում։

Թեև ՀՀ կառավարությունն այդպես էլ չմեկնաբանեց երկրի՝ նախաձեռնությանը չմասնակցելու պատճառները, WAICO-ի հիմնադիրների շարքում Հայաստանի բացակայությունն ինքնին ուշագրավ հանգամանք է։ Հաշվի առնելով, որ 2025 թվականի օգոստոսին Հայաստանն ու Չինաստանը հաստատել են ռազմավարական գործընկերություն, Հայաստանի չմասնակցությունը դժվար է բացատրել Երևանի և Պեկինի միջև հարաբերությունների անբավարար մակարդակով։ Ավելի հավանական է, որ պատճառը ԱՄՆ-ի հետ Հայաստանի ընդլայնվող տեխնոլոգիական համագործակցությունն է։ Արհեստական բանականության և կիսահաղորդիչների հարցերով 2025 թվականի հայ-ամերիկյան հուշագիրը որպես ռազմավարական առաջնահերթություններ սահմանեց բարձր արտադրողականության հաշվարկային հզորությունների հասանելիությունը և ամերիկյան խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցությունը։ Այս ուղղվածությունն ամրապնդում է Հրազդանի մերձակայքում նախատեսվող Firebird արհեստական բանականության կենտրոնի նախագիծը, որի առաջին փուլը նախատեսում է 500 մլն դոլարի հայտարարված ներդրում և ավելի քան 6,000 NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորների տեղակայում։

Ուստի կարելի է ենթադրել, որ WAICO-ի մասնակիցների շարքում Հայաստանի բացակայությունը պայմանավորված է ԱՄՆ-ի հետ տեխնոլոգիական գործընկերության խորացման օգտին կատարված ռազմավարական ընտրությամբ։ TRIPP նախագծի համատեքստում, որն Միացյալ Նահանգներին վերապահում է առաջնային դեր տարածաշրջանային նոր աշխարհատնտեսական ճարտարապետության ձևավորման գործում, WAICO-ին Հայաստանի ինքնամեկուսացումը ստանում է առավել ընդգծված աշխարհաքաղաքական երանգ։ Տրանսպորտային և հաղորդակցային ոլորտում Հայաստանը ռազմավարական բաղադրիչ է դիտարկում Վաշինգտոնի կողմից առաջ մղվող TRIPP նախագիծը, իսկ տեխնոլոգիական ոլորտում՝ ամերիկյան ներդրումները, տեխնոլոգիաներն ու կարգավորիչ չափորոշիչները։ Այս համադրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ խոսքը ոչ թե առանձին իրավիճակային քայլերի, այլ ԱՄՆ-ի օգտին ռազմավարական ընտրությանն ուղղված Հայաստանի հետևողական կողմնորոշման մասին է։
Սակայն պետք է միշտ հիշել․ Թրամփի ԱՄՆ-ն գործում է պատրանքներից զերծ՝ կա՛մ մեզ հետ ես, կա՛մ մեր դեմ։ Ուզու՞մ ես օգտվել ամերիկյան բարիքներից՝ վճարի’ր։ Թեև, նման տրամաբանությամբ առաջնորդվում են ոչ միայն Միացյալ Նահանգները։ Ռուսաստանը ևս, որպես մեծ տերություն, ակնկալում է, որ իր տրամադրած առավելությունների դիմաց հաշվի կառնվեն իր ռազմավարական շահերը։

Արմեն Մարտիրոսյան
ՀՀ Գերագույն Խորհրդի և Ազգային Ժողովի պատգամավոր (1990-99թթ.)
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԵԱՏՄ-ն մտադիր չէ փրկել Հայաստանի քաղաքական անձնակազմի «խորտակումը»․ ՌԴ ԱՀԾ

ԵԱՏՄ-ն մտադիր չէ փրկել Հայաստանի քաղաքական անձնակազմի «խորտակումը»․ ՌԴ ԱՀԾ Tue, 28 Jul 2026 14:45:19 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով