Պուտինին պիտի Պողոսը զանգեր
Tue, 28 Jul 2026 20:45:37 +0400

Փաշինյան-Պուտին վերջին հեռախոսազրույցը մի եսիմ ինչ իրադարձություն չէր, ու կարիք չկար այդքան սևեռվել դրա վրա: Այնպես ենք խառնվել իրար, ասես՝ աշխարհը շուռ եկավ դրանով: Պուտինի գլուխը հիմա շատ խառն է և, ով գիտի, գուցե չի էլ էիմացել, թե ով է զանգողը: Մինչև հուշել են, մինչև տեղն է բերել՝ բանը բանից անցել է: Էն ձևակերպումն էլ, թե Հայաստանում պետք է արագ հանրաքվե անցկացնել «ԵՄ կամ ԵԱՏՄ» թեմայով, Պուտինը պատահաբար է բարձրաձայնել, զուտ քաղաքավարությունից դրդված,որ այսպես ասած՝ «պադդերժատ» անի խոսակցությունը: Վստահ եմ, որ լսափողը կախելուց հետո Պուտինն արագ իջել է «Գենշատբի» բունկեր՝ քննարկելու Ուկրաինային և նրա արևմտյան տերերին հասցվելիք հերթական հարվածի ուղղությունը:
Այնպես որ, հարգելի Նիկոլ Փաշինյան, ՀՀ իշխանություններ և ՀՀ իշխանությունների սազանդարներ, կարիք չկա այսքան նեղսրտելու: Պարզապես մյուս անգամ քաղաքավարություն ունեցեք, համոզվեք, որ Պուտինը ժամանակ ունի ձեզ հետ խոսելու, և նոր միայն զանգեք: Այլապես հեռախոսը վերցնում ու զանգում եք… Թրամփին զանգեիք, ինչո՞ւ չեք զանգել, Մակրոնին, Մերցին, Վան Դեր Լայենին… Պուտինն ի՞նչ է, մեջների «կյա՞ժն» է, որ նրան եք զանգում:
Կերա՞ք…
Ինչևէ, շատ դարդ մի արեք: Մեր Պուտինն է, մի օր այսպես կխոսի մի ուրիշ օր՝ այնպես: Ո՞վ չգիտի, որ նա հայ ժողովրդի բարեկամն է: Եվ հետո, պարտադի՞ր է, որ ամեն անգամ Նիկոլը զանգի նրան ու իր ժանգոտ ձայնով տրամադրությունը գցի: Էդ անտեր լսափողը տվեք Պողոսին, թողեք՝ Պողոսը զանգի.
-Բարև, բարև, դառագոյ Վլադիմիր Վլադիմիրովիչ… Կակ դելա… Էտը Պողոս վաս բեսպոկոյիտ, իզ սելա Ֆիոլետովո, Ռեսպուբլիկա, Արմենիա: Ու նաս տուտ ստալը խրենովը պոսլե տօգո, կակ տի զակռիլ վաշի գրանիցի պերեդ նամի… Չգիտենք ձմեռն ինչով ենք տաքանալու, երեխեքին ինչպես ենք պահելու… Ուրիշ չենք, մենք էլ ռուսաց թագավորի մարդիկ ենք, մի քիչ քաղցր աչքով մտիկ արա մեզ, մինչև էս «национальная катастрофа»-ն («ազգակործան պատուհաս»-ի թարգմանությունն է, Google) գնա գրողի ծոցը:
Մի անգամ թողեք Պողոսը զանգի ու մարդավարի խոսի Պուտինի հետ, տեսնեմ՝ ի՞նչ է անելու Պողոսին, «չորելո՞ւ» է հասարակ հայ մարդուն, հանրաքվե՞ է պահանջելու նրանից… Բնականաբար՝ ոչ.
-Բարև, բարև, Պողոս ջան: Յա վսյո զնայու, նո էտըտ վաշ «национальная катастрофа» վսյո պորտիտ, խոչետ ուբեժած վ Եվրոպու: Յա բայուս, չտո օն դաժե վ Եվրոպու նե պապադետ, ա վ Ազերբայջան իլի վ Տուռցիյու… Էտըվը յա նե մագու դապուստիծ, էտը պազոռ դլյա վելիկիխ նառոդով Ռասիի ի Արմենիի… Ես ամեն ինչ կանեմ, որ քեզ համար լավ լինի, դառագոյ Պողոս ջան…
Այ այսպես կշահեն Պուտինի սիրտը… Թե չէ դրել՝ մի հանգի տնտեսական հարաբերություններ՝ հա տնտեսական հարաբերություններ, խնդիրներ՝ հա խնդիրներ… Էն էլ ո՞ւմ ձայնով… Նիկոլի:
Նաև մի այսպիսի հարց՝ Հայաստանում ո՞վ է որոշում, թե Նիկոլն ում է պետք զանգի և երբ: Այդ մարդուն պետք է հենց հիմա ռադ անել կառավարությունից: Մենք Ռուսաստանում դեսպան չունե՞նք: Բա մի հատ Մարիա Զախարովայի հետ կապվեր, Լավրովի հետ ճշտեր Պուտինի գրաֆիկը և նոր միայն զանգեիք: Այդ քանի՞ անգամ է Նիկոլը խելքին փչած պահին զանգել Թրամփին, որ հիմա հեռախոսը վերցրել ու կարգադրել է՝ միացրեք Կրեմլ: Դուք այս 8 տարում ոչինչ չսովորեցի՞ք: Եվ, առհասարակ, այս գործում պետք է Լուկաշենկոյի պոչից բռնել: Լուկաշենկոն Պուտինի հետ լավ է, կարող է մեր իշխանությունների օգտին մի երկու խոսք փոխանցել նրան, աչքը քաղցրացնել Նիկոլի վրա:
Հուսամ՝ սրանից հետո Պուտինին զանգելուց առաջ երկու անգամ կմտածեք և նոր միայն լսափողը կվերցնեք: Իսկ եթե դրան էլ ընդունակ չեք, ուղղակի մի զանգեք, մի զանգեք և վերջ: Միևնույն է, ինչ լինելու է՝ կլինի… Դուք լինեք իշխանության, թե դուք չլինեք:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր