Ուրբաթ , 7 Օգոստոսի 2026

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի մեծ բլեֆը. 2 դատական վճիռ, հազիվ 5 միլիոն դոլար բռնագանձված գումար

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի մեծ բլեֆը. 2 դատական վճիռ, հազիվ 5 միլիոն դոլար բռնագանձված գումար

Fri, 07 Aug 2026 09:45:58 +0400


Պաշտոնական հաղորդագրություններ քչերն են կարդում, առավել եւս` դրանց մեջ խորանում: Մինչդեռ դրանցում հաճախ մերկապարանոց երեւում է այս իշխանությունների ողջ «պերճանքն ու թշվառությունը»` անկարողությունը, մանիպուլյացիաները, կեղծիքը, խարդախությունն ու ագահությունը:

Երեկ կառավարության նիստի մի մասը Նիկոլ Փաշինյանը նվիրել է ապօրինի գույքի բռնագանձման գործընթացին: Նախ գլխավոր դատախազն է հաշվետվություն ներկայացրել, ապա ինքն է հերթական «լապշաները կախել» լսողների «ականջներից»՝ ասելով, որ մինչեւ 2031 թվականը պետք է 2 միլիարդ դոլար հետ բերեն: Սա, հիշեցնենք, «թալանը հետ բերելու» շրջանակներում է իրականացվում, որի մասին խոստանում էին 2018 թվականին, որը 8 տարում չիրականացրին, բայց այս տարիներին 8 միլիոն անգամ դրա մասին խոսեցին` հանրային պառակտում ու ատելություն սերմանելով երկրի ներսում, մարդկանց բաժանելով թալանչիների ու թալանվածների: Նաեւ հընթացս իրենք դարձան ավելի մեծ կոռուպցիոներներ, քան նախկիններն էին, որոնց ժամանակ գոնե մեծ, ապահով եւ զարգացող Հայաստան կար, ինչը հիմա չկա:

Բայց վերադառնանք նիստին եւ հատկապես կանգ առնենք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հաշվետվության վրա, որի ժամանակ նա ներկայացրել է այն «աննախադեպ» հաջողությունները, որ գրանցել են իրենք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացում:

Դատախազի հաշվետվությունը դասական մանիպուլյացիայի, մարդկանց մոլորեցնելու, տերմիններով խաբելու օրինակ է: Իր խոսքում տիկին դատախազը փորձել է նույն շարքում ներկայացնել իրենց պահանջները, հաշտության համաձայնությունները, առաջին ատյանի վճիռները եւ ուժի մեջ մտած վճիռները, իբրեւ թե, այ, այսքան փող ենք հետ բերել բյուջե: Մինչդեռ դրանք շատ տարբեր բաներ են:

Օրինակ, հաշտության 11 համաձայնությունները պայմանավորված են նրանով, որ մարդիկ, ասենք, միլիարդներ են յուրացրել, մի քանի միլիոն կամովին զիջել են պետությանը, որ մնացածը փրկեն եւ հավերժ ազատվեն իրավապահ մարմինների հետ գործ ունենալուց: Կամ` կան մարդիկ, որոնք տարիքն առած են կամ հոգնել են քաշքշուկներից եւ «շանը ոսկոր նետելու» սկզբունքով` մի բան տվել են, որ իրենցից «յան տան»: Իսկ սա, ժողովրդական լեզվով ասած, պետական ռեկետ է, պետական պատժիչ մեքենայի գործադրած անօրինական մեթոդներով մարդկանց ունեզրկելու, շանտաժով ու զոռբայությամբ ունեցվածքը խլելու, կապիտալի վերաբաշխման կամ պետականացման գործընթաց:
Դե իսկ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռները, պարզ է, որ պետք է բողոքարկվեն, եւ հայտնի չէ, թե դրանցից քանիսը կմտնեն ուժի մեջ: Էլ չենք խոսում այն մասին, որ «զոհերի» մի մեծ մասը դիմելու է Եվրադատարան եւ տարիներ անց է իր սեփականությունը հետ բերելու, ինչպես արեցին Հյուսիսային պողոտայից վտարվածները, որոնք տասնյակ տարիներ անց մեծ փոխհատուցումներ ստացան պետությունից:

Ինչ վերաբերում է ուժի մեջ մտած վճիռներին եւ վերադարձված գումարներին.

Ուրեմն, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020 թվականին, այսինքն` անցել է 6 տարի: Դատախազությունում հսկայական վարչություն է ստեղծվել, ահռելի պետական միջոցներ են այս 6 տարում ծախսվել, եւ, ուշադրություն` ընդամենը 2 գործով կա ուժի մեջ մտած վճիռ: 11 հաշտության համաձայնությամբ եւ այդ 2 վճռով, հօգուտ Հայաստանի Հանրապետության, բռնագանձվել է 12 անշարժ գույք, 2 շարժական գույք, 2 հազար բաժնետոմս, ՀՀ-ին են փոխանցվել 264 հազար ԱՄՆ դոլարի փոխառության պահանջի իրավունք եւ 1 միլիարդ դրամ գումար, եւս 1 միլիարդ էլ գնահատվել է Կարապետ Գուլոյանի գույքը, որը բռնագանձման է ենթակա։ Այսինքն, խոսքն ընդամենը մոտ 5 միլիոն դոլարի մասին է` չնչին գումար 6 տարվա կտրվածքով: Վստահաբար, այս գործընթացի վրա մի քանի անգամ ավելի միջոց է պետությունը ծախսել:
Եվ հիմա, երբ գլխավոր դատախազն ու վարչապետը փորձում են «ֆռռացնել» հանրությանը` ներկայացնելով, թե «դատարանում քննվող հայցերի ընդհանուր հայցագինը կազմում է շուրջ 628 միլիարդ 600 միլիոն դրամ», կամ` առաջիկա 5 տարում 2 միլիարդ դոլար ենք հետ բերելու բյուջե, դրանք միրաժի նման հեռվում լույս տվող լապտերների են նման, որոնց մոտենալուն պես կարող է պարզվել, որ չկան կամ ընդամենը փոքրիկ լուսատտիկներ են, այլ ոչ թե վառ լույսեր:

Իրական արդյունքների բացակայությունը գլխավոր դատախազը փորձում է կոմպենսացնել հնչեղ անուններ թվարկելով` վճիռ է կայացվել Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի գույքով, Հակակոռուպցիոն դատարանում քննվում են Սերժ Սարգսյանի, նրա եղբոր, եղբոր աղջկա, Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի, Մանվել Գրիգորյանի ժառանգների գույքը բռնագանձելու վերաբերյալ հայցերը:

Այս բոլշեւիկյան մոտեցումը` մարդկանց գույքը խլելու, պետականացնելու, բիզնեսները յուրացնելու, փոշիացնելու, կարող էր մերժվել, եթե մեր հասարակությունը մերժեր նման երեւույթները, կամ գոնե ունենայինք քիչ թե շատ անկախ դատարան: Այս իշխանությունն ինչ ուժով եւ նեգատիվ եռանդով որ ընդդիմությանն է ճնշում, նույն ուժով դատավորներին է ճզմում, որ դատախազության ապօրինի վարույթները, հայցերն ու պահանջները ռիկս չանեն մերժել: Բայց, ինչպես ցույց է տվել կյանքը, մի օր իշխանություն է փոխվում, եւ գալիս է սեփական արարքների համար պատասխան տալու ժամանակը: Որքան էլ հայտնի է, որ այս ողջ գործընթացի գլխին կանգնած է նախկիններին ատող եւ բյուջեն սեփական գրպանի նման ծախսող Նիկոլ Փաշինյանը, իրենց կայացրած յուրաքանչյուր որոշման համար մի օր պատասխան է տալու ե՛ւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ե՛ւ Հակակոռուպցիոն դատարանի դատավորները:

Արեգ Մարգարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Փաշինյանը «հետեւում» է իրենց շների էջերին, իսկ կնոջ եւ դուստրերի էջերին չի հետեւում

«Հրապարակ»․ Փաշինյանը «հետեւում» է իրենց շների էջերին, իսկ կնոջ եւ դուստրերի էջերին չի հետեւում Fri, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով