«Հրապարակ»․ Ինձ փորձեցին վախեցնել` որ եթե չջնջեմ գրառումս, իրավապահները գալու են իմ հետեւից
Fri, 07 Aug 2026 09:15:14 +0400

Խորհրդարանական ընտրություններից ուղիղ մեկ շաբաթ անց Կիրանցի համայնքապետարանից հեռացվեց կիրանցեցի Գոհար Վարդանյանը: Թեպետ Գոհարն իր դիմումի համաձայն է լքել համայնքապետարանը, սակայն նա մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն ստիպել են գնալ այդ քայլին, հակառակ դեպքում սպառնացել են, որ գյուղապետին կազատեն աշխատանքից: Գոհարի «մեղքն» այն է, որ բարձրաձայնել էր Կիրանցում հունիսի 7-ին կայացած ընտրությունների իրական պատկերը:
Նա բացահայտել էր, որ Կիրանցում քվեարկության արդյունքը ստացել են ոչ թե բուն կիրանցեցիների քվեարկության արդյունքում, այլ զինվորականների եւ Կիրանցում գրանցված անծանոթ անձանց քվեարկության շնորհիվ։ Պատահական չէր, որ արդեն ԱԺ փոխնախագահ կարգված Վահագն Ալեքսանյանը Կիրանցի ընտրատեղամասի քվեարկության արդյունքների մասին հատուկ գրառում էր արել այդ օրը՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ թեպետ իրենք Կիրանցից տարածքներ, հող ու տներ են հանձնել Ադրբեջանին, սակայն, տեսեք, Կիրանցում մարդիկ այնքան գոհ ու երջանիկ են, որ ՔՊ-ն այսպիսի հաղթանակ է տարել:
Գոհարը հունիսի 8-ին իր էջում գրել էր. «Երեկվանից, երբ հրապարակվեցին ընտրությունների արդյունքները, հանրային թիրախավորման կիզակետում հայտնվեցին սահմանամերձ գյուղերում ապրող մարդիկ։ Իսկ ատելության ամենամեծ չափաբաժինը հասավ կիրանցեցիներին։
Էս կապակցությամբ մի մեծ «շնորհակալություն» ընդդիմությանը (ընդդիմադիր մարդկանց)։ Բայց էս փոստը ընդդիմությանը «շնորհակալություն» հայտնելու մասին չէ․․․
Այլ այն մասին, թե ինչ ա իրականում տեղի ունեցել, եւ մի մեծ «շնորհակալություն» էլ իշխանությանը հայտնելու։
Սկսենք մեր թվարկության 2018 թվականից։
*2018 թվականին Ազգային ժողովի ընտրություններին Կիրանցում ընտրողների ընդհանուր թիվը եղել է 293, իսկ մասնակցել է 197-ը։
*2021 թվականին ընտրողների թիվը եղել է 301, իսկ մասնակցել է 182-ը։
Կիրանցում ներկայումս ապրում է մոտ 360 մարդ, որոնցից անչափահաս (ընտրելու իրավունք չունեցող) են մոտ 90-100-ը։
*2026 թվականին ընտրողներ թիվը եղել ա 401 մարդ, իսկ ընտրություններին մասնակցել է 307-ը։ Այսինքն մի գյուղում, որտեղ ապրում է մոտ 260 չափահաս մարդ, ընտրություններին մասնակցել է 307 մարդ։)))
Ո՞նց։ Ասեմ։ Կիրանցում ընտրել են նաեւ սահմանապահներ, ժամկետային զինծառայողները, ինչպես նաեւ Կիրանցում չապրող, այստեղ գրանցում չունեցող մարդիկ։ Մարդիկ, որոնց ես առաջին անգամ էի տեսնում։))
*Իսկ հիմա՝ քվեարկության արդյունքներն ամբողջությամբ.
«Բոլորին դեմ եմ» – 7
«Ուժեղ Հայաստան» – 46
«Շնորհապետական» – 7
«Նոր ուժ» – 3
«Միասնության թեւեր» – 7
«Բարգավաճ» – 7
«Հանրապետություն» – 1
«Ժողովրդավարական համախմբում» – 11
ԴՕԿ – 1
ՔՊ – 170
«Հայաստան» դաշինք – 30
«Հանուն Հանրապետության» – 4
«Լուսավոր Հայաստան» – 1
Չգրված կուսակցությունները – 0
Անվավեր – 12
(Հետաքրքիր է, որ այս 12 անվավերներից մի քանիսը «Բոլորին դեմ եմ»-ի քվեաթերթիկներն էին՝ ճղված․ մի այլ կարգի «բոլորին դեմ» են եղել։)
Դե հիմա հիշեք, որ Կիրանցում միշտ ընտրություններին մասնակցել է մոտ 200 ընտրող, մի փոքր տրամաբանեք (հուշում. ում են հիմնականում ընտրում ժամկետայինները, սահմանապահները, ավելացված մարդիկ), ու նորից բաշխեք քվեները։
Եվ վերջում։
Սիրելի իշխանություն, դուք թքած ունեք այս մարդկանց վրա։ Ձեր համար կարեւորն էն ա, որ ցույց տաք՝ Կիրանցում մարդիկ գոհ ու շնորհակալ են։ Եվ էական չէ, թե իրականում ինչ են մտածում ու զգում այս մարդիկ։
Սիրելի ընդդիմադիր մարդիկ, դադարեցրեք հասարակ մարդկանց դարձնել քավության նոխազ եւ փորձեք խնդիրները փնտրել այլ տեղ։
Եվ վերջում (2)։ Ով էս փոստի համար զանգեց, քֆուր եմ տալու (Դօկ-ի մի քվեն ես չեմ տվել)))»:
Այս գրառումից հետո նրան պարտադրել էին դիմում գրել, ինչի մասին հունիսի 12-ին ֆեյսբուքյան իր էջում Գոհարը գրել էր. «Քանի օր ա՝ կարդում եմ, որ չկա գոնե մեկ պետական աշխատող, որը կունենա ընդդիմադիր հայացքներ ու հրապարակայնորեն կխոսի։ Ո՞նց չկա, բա ես ի՞նչ էի։ Պարզապես ես արդեն գրել եմ աշխատանքից ազատման դիմում՝ «սեփական» դիմումի համաձայն։ Հիմնական պատճառը էն փոստս էր, որը հրաժարվել եմ ջնջել։ Դե ինչպես նաեւ սահմանազատում-սահմանագծումը հրաշք չհամարելը եւ ասելը այն, ինչ մտածում եմ, ոչ թե այն, ինչ ցանկանում են լսել։ Վերջապես այլեւս ստիպված չեմ լինի բացատրել մարդկանց, որ նորմալ ա լինել պետական աշխատող եւ չլինել իշխանությունների համակիրը։ Եվ մինչեւ գա ազատման հրամանս, փնտրում եմ աշխատանք։ Կրթությունս, ԵՊՀ ԻՄ, պատմություն, բակալավր։ Ցանկացած նոր բան կարող եմ սովորել շատ կարճ ժամանակահատվածում, բացի լեզուներից․ դա իմ թույլ կողմն ա (Էնդ ֆայնըլի… աուը թվելվ փոյնթս գոու թու… ԱԱԱԼԲԵՅՆԻԱԱԱԱԱ! (Անգլերենս եվրատեսիլյան մակարդակ: Պարտադիր պայման՝ ինձ չպետք ա ասեն, թե ինչ խոսամ, ինչ մտածեմ»։
Նկատենք նաեւ, որ Գոհար Վարդանյանի հորեղբայրը` Գորիկ Վարդանյանը, հերոսաբար զոհվել է 90-ականների պատերազմի ժամանակ, եւ Կիրանցի դպրոցը հենց նրա անունով է կոչվում: Տեղի ունեցածից երկու ամիս անց «Հրապարակը» Գոհարից հետաքրքրվեց` ինչո՞վ է այժմ զբաղվում, գտե՞լ է նոր աշխատանք, թե՝ ոչ: Վարդանյանը, մեզ հետ զրույցում խոսելով թեմայի մասին, նկատեց. «Չեմ աշխատում այս պահին, բայց շատ կցանկանամ աշխատել: Սահմանամերձ Կիրանցում առանձնապես աշխատանք չկա, թեպետ մեկ-երկու առաջարկ ստացել եմ, պարզապես այդ շրջանում մի փոքր զբաղված էի: Կիրանցի համայնքապետարանում նորմալ վարձատրվում էի, համենայնդեպս, այստեղի համար նորմալ գումար եմ ստացել: Բայց երբ կատարեցի հայտնի գրառումը, ինձ հորդորեցին՝ կա՛մ ջնջել գրառումը, կա՛մ ազատման դիմում գրել եւ այլն: Ինձ փորձեցին վախեցնել՝ պնդելով, որ եթե չջնջեմ իմ գրառումը, գալու են իմ հետեւից իրավապահները, բայց ես ոչ մի վատ բան չեմ արել, ուղղակի գրել եմ իրականության մասին»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր