Քիչ դարդ ունեն՝ որոշել են մեր «դարդով» տապակվե՞լ․․․
Fri, 01 May 2026 20:32:16 +0400

Խորհրդարանական ընտրությունների համար մղվող ընտրապայքարին մեկ ամսից քիչ ավելի ժամանակ է մնացել։ Արդեն ուրվագծվում է այս ընտրությունների ողջ «պերճանքն ու թշվառությունը»․ իշխանությունների հուսահատ՝ մահացողի ջանքեր հիշեցնող տվայտանքները, որով փորձում են մի քիչ էլ երկարացնել իրենց կյանքը, իշխանական կերկրատաշտից սնվողների խորամանկ քայլերը․․․ ընտրություններին մասնակցող ընդդիմության որոշ մասի ծուլությունն ու զգուշավորությունը, մյուս մասի՝ դանդաղաշարժությունը․․․ չմասնակցողների նախանձը․․․ընտրողների շփոթությունն ու կողմնորոշվելու դժվարությունները
Բայց այսօր այդ մասին չէ խոսքը․ ես չեմ հասկանում, թե ինչ շահագրգռություն ունեն մեր ընտրությունների ելքի հարցում եվրոպական, ամերիկյան կամ ռուսական ինչ որ ուժեր եւ անձինք։ Իրենք քիչ դարդ ունեն՝ որոշել են մեր «դարդով» տապակվե՞լ․․․
Ասենք՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը չի՞ հասկանում, որ ընտրություններից օրեր առաջ ամենաբարձր մակարդակի պետական այցով Հայաստան այցելելը նշանակում է ուղղակիորեն սատարել Նիկոլ Փաշինյանին, ով ամեն ինչ արել է, որ Հայաստանից օտարի ֆրանսիայի քաղաքացի հանդիսացող ֆրանսահայերին, որոնք տասնամյակներ շարունակ մաքառել են Հայաստան պետությանն օգտակար լինելու, հայ-ֆրանսիական կապերը զարգացնելու համար։ Եւ անգամ որոշ նվիրյալ սփյուռքահայերի մուտքն է արգելել Հայաստան, որովհետեւ համարձակվել են իրեն քննադատել։ Իսկ օրերս Փարիզում հայկական դեսպանատան բացմանը հայ համայնքի ազդեցիկ գործիչներին, հոգեւոր թեմի առաջնորդին չէին հրավիրել։
Եվրոպական երկրների առաջնորդները, որ պատրաստվում են մոտ օրերս այցելել Հայաստան՝ ԵՄ գագաթաժողովին մասնակցելու, չե՞ն ստացել ընդդիմության, հայ հանրության, սփյուռքահայ համայնքների ներկայացուցիչների նամակները, որով նրանց հորդորում էին հետաձգել այդ ժողովը Երեւանում անելու ծրագիրը, որպեսզի այն չծառայի մեկ ուժի վերարտադրությանը եւ պայքարող ուժերի միջեւ անհավասար մրցակցությանը չնպաստի։ Չե՞ն հասկանում, որ առանց այն էլ մեծ չափերի ադմինիստրատիվ ռեսուրս կիրառող իշխանություններին դա կարող է լրացուցիչ դիվիդենտներ բերել։
Երեւան այցելել պատրաստվող արեւմտյան պաշտոնյաները չգիտե՞ն, որ Հայաստանում այս պահին մեծ թվով քաղբանտարկյալներ կան եւ անգամ վարչապետի գլխավոր մրցակիցը գտնվում է տնային կալանքի տակ։ Եւրոպացի հյուրերը չե՞ն հասկանում, որ հայ հասարակության մի մեծ հատված երազում է, որ 8 տարի իշխանության գլխին գտնվող Նիկոլ Փաշինյանը հեռանա, նրա փոխարեն նոր ուժեր գան իշխանության, որոնք կարող են վերականգնել խախտված հանրային համերաշխությունը, նորովի սկսել եւ բարեկամների, եւ թշնամիների հետ հարաբերությունների կառուցումը․․․նոր ոգեւորություն ու հույսեր արթնացնել հայ հանրության մոտ եւ Հայաստան պետությունը դուրս բերել այս փակուղուց։
Մենք չենք ասում․ եվրոպացինե՛ր, աջակցեք ընդդիմությանը։ Ընդամենը ասում ենք՝ մի՛ խանգարեք, որ մեր հանրությունը հանգիստ, առանց կողմնակի ազդեցությունների կողմնորոշվի եւ իր քվեն տա իր ուզած ուժին, իր բարի կամքով իշխանություն ձեւավորի։ Նաեւ ասում ենք՝ մի՛ անհանգստացեք․ իշխանության եկած ցանկացած ուժ շարունակելու է համագործակցությունը եւ եւրոպական կառույցների, եւ ԱՄՆ-ի հետ, եւ անգամ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ է խաղաղության դիրքերից երկխոսելու։
ՀԳ Նկարում ֆրանսահայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներն են՝ Արա Թորանյանն ու Մուրադ Փափազյանը։ Ի դեպ, Արա Թորանյանը տեւական ժամանակ Փաշինյանի ջերմ երկրպագուն էր, ապա սկսեց մերժել ՔՊ-ի թրքամետ քաղաքականությունը եւ հայտնվեց Փաշինյանի «սեւ ցուցակում»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր