Իսկ ովքե՞ր են դատավորները
Thu, 24 Sep 2026 19:15:21 +0400

Ինչպես երևում է, «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» կոչվող ՊՈԱԿ-ը զբաղվում է ամեն ինչով՝ բացի իր անմիջական պարտավորություններից: Ասեմ, որ դրա հիմքը դրվել էր Վազգեն Սարգսյանի վարչապետության օրոք: Այն նախատեսվում էր որպես լրագրողներին բովանդակային ու տեխնիկական աջակցություն մատուցելու գործիք: Հետո կառավարության գործունեության վերաբերյալ հասարակությանը տեղեկատվություն տրամադրելու աղբյուր: Ավելի ուշ ներքին տեղեկատվությանը գումարվեց թշնամական ապատեղեկատվության դեմ պայքարը: Ինչն արվում էր բարձր մակարդակով՝ ապահովելով մեր երկրի հեղինակության ամրապնդմանն արասահմանում:
Իսկ հետո տեղի ունեցավ 2018-ի իշխանափոխությունը, և մեր կյանքում ամեն ինչ շրջվեց գլխիվայր: Թշնամու դեմ պայքարը վերածվեց սեփական երկրի հասարակության դեմ պատերազմի: Եվ «հերոս» կամ ուղղակի հարկատուների վճարած գումարների հաշվին գոյությունը պահպանող ՊՈԱԿ-ը վերածվեց հասարակության պառակտման գործիքի: Այսօր էլ զբաղեցրեց վերջին ամիսներին հրապարակային գործունեությունը դադարեցրած «եկեղեցական բարենորոգիչների» տեղը: «Բարենորոգիչներ», որ նախ պատիվ չէին բերում մեր եկեղեցուն: Եվ երկրորդ, ճիշտ կլիներ, որ սկզբում բարենորոգվեին իրենք՝ հետո մտածեին եկեղեցու մասին: Եթե, իհարկե, ի վիճակի էին, նախ, գիտակցելու դրա անհրաժեշտությունը: Եվ երկրորդ, կարող էին անցնել քավարանի միջով և մաքրվել:
Ինչևէ, մի կողմ դնելով բարենորոգմանը կարոտ «բարենորոգիչներին», գանք տեղեկատվության կենտրոնին: Ավելի ճիշտ՝ ապատեղեկատվության կենտրոնին: Որն իր վրա վերցնելով եկեղեցու անփառունակ «բարենորոգիչների» գործը՝ կազմել է զեկույց: Քանի որ ցանկություն չունեմ ժամանակ կորցնելու 74 էջանոց հակահայկական խայտառակությունն ընթերցելու վրա՝ առաջնորդվեմ մամուլի արձագանքներով: Զեկույցում ասվում է, որ այն կազմվել է մամուլում և սոցցանցերում կաթողիկոսի վերաբերյալ գրառումների հիման վրա: Պատկերացնում եք՝ հայոց կաթողիկոսի դեմ արշավի ընթացքում ՊՈԱԿ-ի աշխատակիցները սոցցանցային ակտիվություն էին ցուցաբերում: Իսկ հետո հենց այդ գրառումների հիման վրա զեկույց է կազմվում: Նույնիսկ ամենահետամնաց աֆրիկյան երկրում, որտեղ սոցցանցեր կան, նման միտք չէր գեներացվի:
Անցնենք թեմաների վրայով: Առաջինը, բնականաբար, պետք է լիներ «կուսակրոնության ուխտի խախտումը», ինչին միացվել է «բարեվարքության խախտումների անպատժելիությունը»: Առաջինի դատավորն Աստվածն է և նրա սպասավորները, բայց ոչ Նիկոլը, ՊՈԱԿ-ը կամ աշխարհիկ որևէ այլ կառույց: Ինչ մնում է երկրորդ բաղադրիչին, ապա այս առումով հիշենք «Իսկ ովքե՞ր են դատավորները» ձևակերպումը: Եվ կամ Քրիստոսի՝ «Առաջինը թող քար նետի նա, ով անմեղ է» բացականչությունը: Այնպես որ Նիկոլը նախ պետք է մտածի սեփական մեղքերը քավելու մասին, ինչի համար իրեն մեկ կյանքը հաստատ բավարար չի լինի:
Երկրորդ. «հոգևորականների կամայական հետապնդումների և կարգալուծությունների» մասին իրավունք չունի բարձրաձայնել այն իշխանությունը, որը ԱԺ ընտրությունների քարոզարշավի օրերին համարյա ողջ ընդդիմադիր ակտիվը կամայականորեն ենթարկել էր կալանավորման: Իհարկե, դա անձամբ ինքը չէր արել, բայց դրա կարիքը չկար էլ: Որովհետև քանի՞ գլուխ ունեին իրավապահ կառույցների ղեկավարները, որպեսզի կյանքի չկոչեին ընդդիմադիր ակտիվիստներին ապօրինաբար չեզոքացնելու՝ հրապարակավ բարձրաձայնված վարչապետական կամքը:
Երրորդ. «ֆինանսական անթափանցիկությունը» խիստ անորոշ ձևակերպում է: Բացի դրանից, ինքն իրեն ու իր ենթականներին գաղտնի պարգևատրել փորձող վարչապետը նման հարց բարձրացնելու բացարձակ բարոյական իրավունք չունի: Ին մնում է դրան կցված՝ «եկեղեցապատկան գույքի ոչ նպատակային օգտագործումը» արտահայտությանը, ապա ավելի ճիշտ կլիներ, որպեսզի նայեր իր շուրջը: Այդ դեպքում կտեսներ, թե մոտ օրերս ինչ է կատարվել հայոց եկեղեցուց ապօրինաբար խլված Հովհաննավանքում: Չիմացողներին ասեմ, որ վանքի տարածքում վարչապետի աթոռից կառչած անձի հովանավորությունը վայելող նախկին հեգևորական Ասատրյան Ստեփանը կազմակերպել հարսանեկան ճոխ ֆուրշեթը՝ բարձր հնչող ռուսական «բլատնոյ» և ռաբիզ երաժշտության ներքո:
Չորրորդ. ով-ով, բայց ողջ պետական համակարգը «խծբ»-անոց սարքած վարչակազմը «ազգակցական ձեռնադրություններիը և կլանային կառավարումը» ձևակերպումով մեղադրանք տալու բացարձակ իրավունք չունի: Հատկապես եթե վերհիշենք ընդդիմադիր գործիչ Փաշինյանի պայքարը նախկինների օրոք այդ երևույթի առանձին դրսևորումների առումով:
Հինգերորդ. «Սուրբ Խորանի քաղաքականացումը և արտաքին ազդեցությունների տարածումը» մեղադրանքը ևս անհիմն է: Այն պատճառով, որ, նախ, եկեղեցին իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ՝ եթե այն առնչվում է հայրենիքի փրկությանը: Հատկապես որ միշտ է դրանով զբաղվել: Եվ իրավունք ունի պահանջելու հակահայկականության դրոշ բարձրացրած իշխանության հեռացումը: Ինչ մնում է մեջբերման երկրորդ բաղադրիչին, ապա իր ողջ գործունեությունն արտաքին ազդեցության ներքո իրականացրած վարչակազմի կողմից նման բան ասելն ուղղակի ձեռառնոցիի է հայոց պետականության նկատմամբ:
Վեցերորդ. «Ազգային-եկեղեցական ժողովի 27-ամյա խափանումը և միասնական Սահմանադրության բացակայությունը» մեղադրանքն ընդամենը մերկապարանոց մեղադրանք է: Որովհետև առկա է եկեղեցական կանոնակարգ և ոչ մի խափանում էլ տեղի չի ունեցել: Եթե դա տեղի ունենար, հայոց եկեղեցին աշխարհում չէր կարող ունենալ այն կարգավիճակն ու հեղինակությունը, որն առկա է:
Յոթերորդ. «պառակտումները Սփյուռքի թեմերում» մեղադրանքի առումով կարելի է ընդամենը հիշել «Գողը կանչեց՝ բռնե՛ք գողին» ասացվածքը: Որովհետև Սփյուռքի հանձնակատար Սինանյանի միջոցով Սփյուռքը պառակտած վարչապետը դրանում մեղադրում է Սփյուռքը համախմբելու ջանքեր գործադրած Վեհափառ Հայրապետին: Մնում է, որ Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն և ճիշտ հասցեագրվի այդ մեղադրանքը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր