Ուրբաթ , 7 Օգոստոսի 2026

Հիմնովին խարխլվում է պետություն-եկեղեցի հարաբերությունների տարանջատման սահմանադրական սկզբունքը․ ՀՅԴ

Հիմնովին խարխլվում է պետություն-եկեղեցի հարաբերությունների տարանջատման սահմանադրական սկզբունքը․ ՀՅԴ

Fri, 07 Aug 2026 10:44:01 +0400


ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

«Սիրելի հայրենակիցներ,

Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին: Վարչախմբի կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծրագրավորված թիրախավորումն ու հալածանքները հատել են բոլոր կարմիր գծերը։ Ապօրինաբար հարուցված քրեական վարույթի շրջանակներում դատական գործընթաց է հարուցվել Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների դեմ:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել և մնում է հայ ժողովրդի հոգևոր, ազգային և մշակութային ինքնության անսասան հենասյունը, որն առաջնորդել է մեր ժողովրդին ամենածանր փորձությունների միջով, պահպանել է մեր Սուրբ հավատքը, ազգային ինքնությունը, լեզուն և դարավոր արժեքները։

Եկեղեցու հեղինակության և նրա հոգևոր առաքելության դեմ ուղղված ՀՀ իշխանությունների գործողությունները հակասահմանադրական են և հակազգային: Այսպիսով հիմնովին խարխլվում է պետություն-եկեղեցի հարաբերությունների տարանջատման սահմանադրական սկզբունքը, ոտնահարվում հազարավոր հավատացյալների խղճի ազատության իրավունքն ու հոգևոր արժանապատվությունը, խորանում հանրային պառակտվածությունը, թուլանում մեր ինքնության հիմքերն ու նոր ցնցումների ենթարկվում պետական ու հասարակական կյանքը:

Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներ՝ դատապարտում ենք իշխանությունների որդեգրած հակաօրինական գործողությունները, անսակարկ վստահությամբ վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին։

Կոչ ենք անում դատաիրավապահ համակարգին՝ մնալ սահմանադրականության և ՀՀ օրենքների շրջանակներում և չտրվել քաղաքական խարդավանքների պարտադրանքին։ Թեմերի կառավարման և առհասարակ կանոնական իրավունքի ու ներքին ընթացակարգերի հետ կապված հարցերը գտնվում են բացառապես Եկեղեցու իրավասության տիրույթում, և ցանկացած միջամտություն անթույլատրելի է։

Կոչ ենք ուղղում մեր հայրենակիցներին՝ ազգային գիտակցությամբ ու համերաշխության սկզբունքներով առաջնորդվելով, պահպանել ազգային միասնությունը, համախմբվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա հոգևոր առաքելության և Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի շուրջ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կառավարության հետ խորացող առճակատման ֆոնին հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առջև. Reuters

Կառավարության հետ խորացող առճակատման ֆոնին հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առջև. Reuters Fri, 07 Aug …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով